Հանրային հեռուստատեսության լուրերի ծրագիրը նայելն արդեն շատ դժվար է: Գործի բերումով այն միշտ պարտադիր դիտողիս համար՝ գրեթե անհնար, երբեմն նյարդային ցնցումների պատճառ (ստեղծագործական կազմին դրա համար առանձնապես չենք մեղադրում ու նաեւ չենք նախանձում` հասկանալով…):
Նախ, հնարավոր չէ չնկատել, որ այդ ծրագիրը հիմնականում դարձել է, ասես, վարչապետի ու ՔՊ-ի խոսափողը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մեկը կարող է հարցնել՝ իսկ մի՞թե առաջվա իշխանությունների օրոք այդպես չի եղել: Այո, եղել է, բայց ոչ այս աստիճանի ու այս դրսեւորումներով: Մեկ էլ համարյա ամենօրյա ռեժիմով պիտի լսես, մեղմ ասած, ինչ-որ անհասկանալի գաղափարներ ու դատողություններ, հետո դրանք չմարսած՝ հաջորդ օրը նորերը, եւ այսպես շարունակ: Հիմա էլ արդեն ամեն ինչ ներկայանում է գալիք համապետական ընտրությունների քարոզչության տրամաբանությամբ, ինչը մինչեւ հունիս հետզհետե ուժեղանալու է: Օրինակ, շուտ-շուտ թմբկահարում են 300 դպրոցների նորոգման, հիմնանորոգման կամ կառուցման ծրագիրը, համեստորեն լռելով, որ դրա դիմաց երկրի համարյա 250 գյուղերում եղած դպրոցներն ընդհանրապես փակելու են… Ասում են՝ մի քանի աշակերտի համար, ոչ բավարար պայմաններում ինչպե՞ս դպրոց պահեն: Իսկ իրական խնդիրն էլ հենց այդտեղ է, այնպես աշխատեք, որ գյուղը զարգանա, ամրանդվի ու երեխաներ ծնվեն, հետզհետե պայմաններ ստեղծեք, ոչ թե այսրոպեական հարց լուծելով՝ հայ գյուղը դատարկվի: Ի դեպ, այս վերջինի լուրջ պատճառ կարող է լինել նաեւ համայնքների կատարված ներկա համատարած ու անհեռատես «խոշորացումը»:
«Լուրերը» միացնում ենք երկրի անցուդարձից, խնդիրներից տեղեկություններ իմանալու, մեկ էլ Ազգային ժողովի նիստի երկար հեռարձակումն է, ու վարչապետի՝ հերթով ամբիոնին մոտեցող երիտասարդ նվիրյալ հետեւորդները, իրար հետ մրցելով, իրար ետեւից թշնամանքով, մեծ ու փոքր չճանաչելով, ընդդիմադիրներին, իրենց քննադատողներին, ուրիշներին ուղղված թուքումուր են թափում, «շեֆին» հաճոյանալով եւ բարեվարքության տարրական կանոններին ասես անտեղյակ՝ հանդգնում են անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսին արհամարհաբար Կտրիճ Ներսիսյան կոչել, վիրավորելով համայն հայ հավատացյալ հանրության զգացմունքները, եւ այսպես չգիտես մինչեւ երբ:
Իրենք երեւի մոռանում են ու արժե հաճախ հիշեցնել, որ իշխանության տերն, այո, իրենք չեն, Հայաստանի ժողովուրդն է, իսկ իրենք որպես պաշտոնյաներ, այսինքն ծառայողներ, վերջինիս կողմից ընդամենը վարձված են՝ նրան (ոչ թե իրենց առաջնորդին) ծառա-յե-լու համար: Եվ երեւի համարելով, որ շատ լավ են ծառայել (չմանրամասնենք), որոշել ու իրենք իրենց ֆինանսապես պարգեւատրել են, այն էլ ինչպե՜ս: Թե ով ինչքան՝ չկրկնենք, այդ մասին բավականաչափ խոսվել է: Հիշենք սոսկ, որ միայն վարչապետը, ինչպես հայտարարվել է, մեկ տարվա համար իր աշխատավարձից բացի ստացել է 14 մլն դրամին մոտ լրացուցիչ վճար:
Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահը, ըստ մամուլի հրապարակումների, ասել է մոտավորապես հետեւյալը, թե դա մարդկանց աշխատավարձն է եւ հավաքվել ու տարվա վերջում է տրվել, օրենսդրորեն ձեւակերպված չէ, բայց կձեւակերպվի: Ասել է՝ ավելին, էլի է տրվելու: Մյուս կողմից, այդ օրերին տարածվել է նաեւ լրագրող, խմբագիր Սեւակ Հակոբյանի հրապարակումը, որտեղ պնդում կա, թե միայն վարչապետն ու տեղակալներն, օրինակ, ստացել են ՀՀ սահման պահողի 36 տարվա աշխատավարձը միանգամից, ուսուցչի 51 տարվա աշխատավարձը միանգամից: Իհարկե, խնդիրը միայն նրանց ստացածը չէ: Լավ կլիներ՝ համապատասխան պաշտոնյաներն այս առնչությամբ հրապարակավ հիմնավոր պատասխանեին երկու հարցի: Մեկ՝ որքանո՞վ է նշված հաշվարկը ճիշտ կամ գոնե իրականության հետ որեւէ աղերս ունեցող, եւ երկրորդ՝ եթե անգամ դա իրականությանը մոտ չէ՝ արդա՞ր են համարում արդյոք մեր երկրի ընդհանուր սոցիալական վիճակին առնվազն անհամատեղելի չափի այս ինքնապարգեւատրում-վճարները, երբ նվազագույն պետական աշխատավարձը հանրապետությունում 75 հազար դրամ է, այն էլ՝ շատերի համար անհասանելի:
Իսկ որ անվերջ թմբկահարում են, թե ուսուցիչներ կան՝ այսքան ու այսքանից 500 հազար եւ ավելի աշխատավարձ են ստանում, թող ասեն նաեւ, թե դա ամբողջ ուսուցչական համակազմի քանի՞ տոկոսն է կազմում եւ այն էլ՝ ի՞նչ լրացուցիչ հնարավորությունների ու ծանրաբեռնվածությունների հաշվին է եղել: Ամբողջ Շիրակի մարզում, օրինակ, 500 հազար ստացող ընդամենը 2 ուսուցիչ կա: Իսկ ինչքա՞ն է սովորական ուսուցչի՝ ճնշող մեծամասնության աշխատավարձի սահմանված դրույքաչափը՝ 119 հազար կամ մի փոքր ավելի, չէ՞:
Շատ տարիներ առաջ «Գրական թերթում», Լենինական-Գյումրու անվանի մտավորական, գիտության դոկտոր, ԳԱԱ երկրաֆիզիկայի եւ սեյսմաբանության ինստիտուտի նախկին երկարամյա տնօրեն լուսահոգի Ստեփան Վարդգեսի Բադալյանի՝ Երեւանում Կարեն Դեմիրճյանի դասընկերոջ հոդվածում բերված տեղեկությամբ, ժամանակին Հայաստանի ղեկավար Կ. Դեմիրճյանը ստանում էր 500, իսկ ինքը՝ գիտության դոկտորը, նրանից 50 ռուբլով ավելի՝ 550 ռուբլի: Իհարկե՝ որովհետեւ գիտությունն ու դոկտորը կարեւորվում էին, որովհետեւ այս հարցում ամեն ինչ հստակ սահմանված էր եւ ամեն ինչով հանդերձ կային նաեւ որոշակի բարոյական սահմաններ, որոնք չէին արհամարհվում եւ անտեսվում:
Բյուջետային, պետական աշխատավարձերի խելամիտ կանոնակարգումը, դրա արդարացիության ապահովումը մեր սոցիալական պետությունում, ըստ ամենայնի, խնդիր է մնում: Անցած երեք եւ կես տասնամյակների ընթացքում ՀՀ իրարահաջորդ տարբեր կառավարությունները երբեմն կամայականորեն են որոշել նման հարցերը, անհամեմատելի ավելացնելով, մասնավորապես, իրենց իշխանության հենարան ուժայինների վարձատրությունը: Հիշենք դատավորների աշխատավարձերի պարբերական մեծաչափ ավելացումները (ինչպես եւ մանկավարժի մեկ տարվա կենսաթոշակի չափը գերազանցող նրանց ամսական թոշակները), եթե չեմ սխալվում՝ մի անգամ դատախազների աշխատավարձերի 11-ապատիկ ավելացումը եւ այլն: 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» կարծես թե կանոնակարգող օրենքը, բայց այնտեղ շրջանառվող հիմնական հասկացությունների առատությունը՝ հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ, հավելում, հավելավճար, պարգեւատրում, բազային աշխատավարձ, գործակից, թվում է՝ տեղ են թողնում դրանց կամայական մեկնաբանությունների, բյուջեի ֆինանսական միջոցների՝ երկրի ընդհանուր իրավիճակին անհամապատասխան, անարդար տնօրինման: Ինչի առնվազն զարմացած ականատեսը եղանք այս անգամ:
Այո, թող պետական պաշտոնյաների աշխատավարձը մրցունակ լինի; Բայց պետք է կարծել՝ ամբողջ խնդիրը լուրջ վերաիմաստավորման եւ դրանից բխող լուծումների, ավելի հստակ եւ ամբողջական կանոնարկման կարիք ունի: Դա պատկան մասնագետների գործն է: Բայց չի՞ կարելի, ասենք, սահմանել բոլոր պետական աշխատավարձերի մի հստակ սանդղակ, հիմքում դնելով հանրապետության նվազագույն աշխատավարձը եւ որոշելով դրա համեմատ ըստ պաշտոնների, օրինակ, 1-ից 10 գործակիցներ: Ենթադրենք 1 գործակցով վարձատրվող՝ դպրոցի պահակի աշխատավարձը սահմանվում է նվազագույն աշխատավարձի չափով՝ 75 հազար դրամ, իսկ երկրի բարձրագույն ղեկավար պաշտոնյայինը՝ դրանից 10-ապատիկ ավելի: Չբացառելով նաեւ առանձին կարգի աշխատողների հավելավճարներն ու պատվո վճարները: Եվ այս դեպքում երբ երկրի մակրոտնտեսական հնարավորությունները թույլ տան բարձրացնել վարձատրության նվազագույն շեմը, ինքնըստինքյան համամասնորեն կբարձրանա բոլորինը՝ վերից վար:
Աշխատավարձերի հետ միասին խնդիր է նաեւ թոշակների սոցիալապես արդար հարաբերակցության սահմանումը:
Եթե ուզում ենք արդար ու իսկապես զարգացող, ամուր երկիր ստեղծել եւ ունենալ, ապա գուցե իրոք ամենաբարձրը պետք է վարձատրվեն մեր մանկավարժ ուսուցիչն ու լավ գիտնականը, բժիշկը եւ բանակի սպան:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ





