Մանր-մունր սկանդալները եթե հանենք, Երեւանում անցկացվող ՀԱՊԿ գագաթաժողովի՝ Հայաստանի հետ կապված գլխավոր սկանդալն այն է, որ Հայաստանին աջակցության փաստաթուղթը չի ստորագրվել, նրա որոշ կետեր ուղարկվել են նոր լրամշակման: Ընդ որում՝ խոսքն այս անգամ ոչ թե ռազմական աջակցության մասին է, որը մի անգամ մերժվել է Հայաստանին, այլ զուտ բարոյական-սկզբունքային: Խոսելով այդ մասին ամփոփիչ ճեպազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ երկու փաստաթուղթ չի ընդունվել՝ Հայաստանին աջակցելու փաստաթուղթն ու դրա հետ կապված՝ ողջ հռչակագիրը: Հայաստանին վերաբերող փաստաթուղթը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հետ կապված համալիր միջոցառումներին է վերաբերում: Թե ինչի մասին է խոսքը, կարելի է ենթադրել Փաշինյանի ելույթից, ըստ որի Հայաստանն առաջարկ է արել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել դիվանագիտական ու քաղաքական աշխատանքն Ադրբեջանի հետ՝ ադրբեջանական զորքը Հայաստանի ինքնիշխան տարածքից անհապաղ եւ անվերապահ դուրս բերելու դեպի սկզբնական դիրքեր/ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ/:Եւ որ՝ իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը եւ վերը նշված որոշումը չկայացնելը կարող են նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաեւ Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս՝ Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։
Փաստորեն՝ ՀԱՊԿ-ը այս կազմակերպության սկզբունքների շրջանակում Հայաստանի այս առաջարկը չի ուզում իր փաստաթղթերում արտացոլել, իսկ ավելի ստույգ՝ Ռուսաստանը չի ուզում, ՀԱՊԿ-ից դուրս գտնվող իր սրտառուչ գործընկերոջն ավելի կարեւոր համարելով, քան ՀԱՊԿ-ում գտնվող Հայաստանին: Տրամաբանական է, քանի որ Ադրբեջանը հենց Ռուսաստանի թողտվությամբ է իրեն ագրեսիվ պահում, առհասարակ պատերազմը, ընդհուպ մինչեւ վերջին՝ սեպտեմբերի տասներեքի ռազմական բախումը, չէին լինի, եթե Ռուսաստանի կամա թե ակամա թողտվությունը չլիներԼ Եւ ավելի լայն դիտենք՝ չլիներ քառասունչորսօրյա պատերազմը, չէր լինի խաղաղապահների կարիքը, որոնց առավել զինելու-ընդլայնելու հարցը եւս ՀԱՊԿ երեւանյան քննարկումներում եղել է: Դե իսկ, ռուսների ասած՝ Վովաեւիչն էլ, իր իսկ խոսքով, ՀԱՊԿ-ի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, պատրաստ չէր ստորագրել ՀԱՊԿ ոգուն եւ իմաստին հակասող փաստաթուղթը:
Դժվար է ասել՝ եթե Հայաստանը ՀԱՊԿ վեջին գագաթաժողովին, որով ավարտվում է Հայաստանի նախագահությունն այդ կազմակերպությանը, ներկայացներ այլ բանակցող, դրանք լինեին ընդդիմության լիդերները կամ մի երրորդ նոր մարդ, ինչպիսի՞ն կլիներ ՀԱՊԿ գագաթնաժողովի՝ ներկայումս ստացված արդյունքային պատկերը Հայաստանի համար, քանի ՀԱՊԿ-ն ինքնին, որպես ռազմաքաղաքական կառույց, ռուսներն են ստեղծել՝ իրենց ծրագրերին անդամ երկներից լայն աջակցություն ստանալու համար:Այսինքն՝ շահերի, ու ոչ թե անձերի խնդիր է կարծես: Սակայն Ռուսաստանի՝ պատերազմական վիճակում եղած երկդիմի վիճակը նաեւ անորոշություններ է ստեղծել ՀԱՊԿ-ում, որի ներսի երկրները բոլորն էլ այլ շահերով են կաշկանդված եւ, կարեւոր է նշել մեր դեպքում, բոլորն էլ Ադրբեջանի դաշնակիցն են: Եթե Հայաստանը ներկայացներ ավելի փորձառու մեկը, գուցե դա հարյուրերորդական նշանակություն ունենար, բայց միայն այդքան՝ ՀԱՊԿ-ը ներկայացնողների հանրագումարը եւ արդյունքը հազիվ թե այլ լիներ: Մյուս կողմից՝ ներկա իրողությունների եւ աշխարհում տեղի ունեցողի ֆոնին՝ նույնիսկ սեփական հանրությանը համոզել չկարողացող մեր այլ ,,փորձառուներըՙՙ հազիվ թե կարողանանային աշխարհի վերաբաժանման տրամաբանության մեջ հայտնված ՀԱՊԿ-ին/Ռուսաստանին/ ինչ-որ բան համոզել:
Իսկ ՀԱՊԿ-ի առավել առարկայական պատկերը սա է. երբ անդամ երկրների ղեկավարները ժամանում էին Հայաստան, նույն պահին Լուկաշենկոյի փայփայած Ադբեջանը կրակում էր ՀԱՊԿ-ի վրա, նրա անդամ պետության արեւելյան սահմանին զինծառայողի վիրավորելով: Ու որ գագաթաժողովի ուշ երեկոյան Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հապշտապ արտահայտվել էր ՏԱՍՍ-ին, թե՝ չնայած ամեն բան համաձայնեցնել չհաջողվեց, Հայաստանն, անշուշտ, մնալու է ՀԱՊԿ անդամ, սա նշանակում է, այնուամենայնիվ, եթե-ապա-ի մակարդակով գոնե, խոսք եղել է ՀԱՊԿ-ց Հայաստանի դուրս գալու վերաբերյալ, եթե ոչ քննարկումներին, թերեւս Փաշինյան -Պուտին առանձին հանդիպման ընթացքում:
Գագաթաժողովի ավարտից հետո Փաշինյանը, առանց վախենալու բանակցությունների գաղտնիությունը բացահայտելուց , հայ հանրությանը պետք է տեղյակ պահի, թե հատկապես որ կետերի ու ո՞ր մանրամասների շուրջ համաձայնություն չի եղել ՀԱՊԿ գագաթաժողովի կողմից ընդունելիք փաստաթղթում, ինչի մասին /Փաշինյանի կողմից չստորագրելու վերաբերյալ/ ռուսական բոլոր ԶԼՄ-ները, տարբեր դատապարտող եզրահանգումներով, առաջինը գրեցին: Չնայած եզրակացնել կարելի է՝ հենց գագաթաժողովի հրապարակային մասի շատ դրվագներից, Փաշինյանի ելույթի այն դժգոհություններից, թե մինչեւ այժմ ՀԱՊԿ-ը չի արձագանքել-ձեւակերպել վերաբերմունք ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի հանդեպ ագրեսիային,ու որ՝ Հայաստանին օգնության փաստաթղթում անընդունելի կետեր են եղել: Փաստաթղթի մասով էլ հավանաբար ՀԱՊԿ-ականները ադրբեջանական կողմի առարկություններն ու պահանջներն են հաշվի առել, իսկ ադրբեջանական պահանջներից մեզ համար ամենաանընդունելիներից են Արցախի ապառազմականացումը, Հայաստանից Ադրբեջանին տրամադրվելիք միջանքցքը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող գործողությունները :
Մինչդեռ կառավարության նիստին արդեն Փաշինյանը լավատեսորեն հայտնել է, թե խոստումներ են եղել երկաթուղիների վերականգնման ոլորտում մեծ ներդրումներ անելու առումով, այդպիսի ազդակներ նա ստացել է Պուտինի հետ հանդիպման արդյունքում, ու հնարավորությունը մնում է՝Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները սկսելու: Այ-այ-այ, ՀԱՊԿ-ը դեղին քարտ է ցույց տալիս, իսկ մենք շարունակում ենք երկաթուղուց խոսել…
Ինչ պատկեր ունենք ՀԱՊԿ գագաթաժողովի համապատկերում.
ա/Ադրբեջանին զսպող դրույթների բացակայությունն, իրոք, Ադրբեջանին դրդելու է շարունակել իր ագրեսիվ պահվածքն ու երբ խելքին փչի կրակել, անգամ ավել ծավալուն գործողությունների անցնել: Այնպես որ ամեն պահ նոր պատերազմը չի կարելի բացառել:
բ/ՀԱՊԿ անդամ երկրների երկդիմի պահվածքը վերջնականապես փակում է դուռը, որ ՀԱՊԿ-ից երբեւէ կարելի է աջակցություն ակնկալել լարվածության ժամանակ, եթե որեւէ մեկն, այնուամենայնիվ, այդպիսի պատրանքներ ուներ:
գ/Մենք մենակ ենք, ինչպես երբեք:
Այս բոլորով հանդերձ՝ չպետք է ծագի այն հարցը, թե մենք պե՞տք է դուրս գանք ՀԱՊԿ-ից: Մեզ նման փոքր երկիրը կտրուկ շարժումներից պետք է ձեռնպահ մնա՝ ոչ ԱՄՆ-ն է Ադրբեջանի ախորժակը զսպելու, ոչ Եվրոպան, ոչ էլ, տեսաք թարմացված եղանակով, Ռուսաստանը, նրանք բոլորը նավթային շահերի մեջ են մխրճված: Մեր խնդիրը մեզ պաշտպանելու, բոլոր հնարավորություններից առավելագույնը քամելու խելք ունենալն է, ու սա էլ մեր ներսում պիտի կարողանանք լուծել՝ եւ քաղաքական, եւ տնտեսական հարթություններում:
Եւ այն փաստից, որ Եվրոխորհրդարանը, գագաթաժողովից մեկ օր առաջ Ռուսաստանը բանաձեւով ճանաչեց որպես ահաբեկչությանը նպաստող պետություն, ոչ պետք է ոգեւորվել, ոչ վատ զգալ, թե Եվրոպայի հայացքով Հայաստանը ահաբեկչությանը նպաստող պետության հետ է գործակցում: Ինչպես շատ մեծ խաղացողներ, միասնական Եվոպան իր շահերի ծիրում է, հատկապես՝ այնտեղ եղանակ ստեղծող հայտնի երկրների շահերի: Այս իմաստով՝ մեզ մեր շահերը պետք է հետաքրքրեն, ու մենք ոչ պետք է ծայրահեղ արեւմտամետ լինենք /Եվրոպակաաաան կուսակցություն՝ չէ մի չէ/, ոչ ծայրահեղ հակառուս: Ասենք՝ եթե Ֆրանսիայի սենատի հայանպաստ բանաձեւից ոգեւորվում ենք՝ դա էլ ընդամենը թղթի կտոր է, որն էսկալացիայի ժամանակ չի փրկում մեր զինվորների կյանքը, ու ոչ էլ Ադրբեջանի ձեռքը պատանդ մնացած մեր ռազմագերիներին է տուն վերադարձնում, ինչպես որ Եվրոխորհրդարանի որոշումը չի փրկում պատեազմում զոհվող ռուսներին եւ ուկրաինացիներին:
Մեզ խելամիտ, հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պետք՝ առանց զիգզագների, առանց ծայրահեղությունների, տարբեր մեծ խաղացողների խաղերին չտրվելով, մինչեւ տեսնենք: Մեզ հատկապես պետք չեն լարախաղացություններ ոչ դեպի արեւմուտք, ոչ դեպի Ռուսաստան, որն ավելի շատ մեր թշնամու բարեկամն է, քան մեր: Ունա՞կ է այս իշխանությունը զիգզագների չտրվել եւ լարախաղացություն չանել՝ վստահություն չկա: Մանավանդ Լուկաշենկոն մինչեւ տարեվերջ ստորագրվելիք խաղաղության պայմանագից էր խոսում /տեսնես Լուկաշենկոյի՝ Ծառուկյանի տանը գիշերելու ժամանակ ընկերներով խոսե՞լ են խաղաղության պայմանագրից կամ Լուկաշենկոյի ադրբեջանասիրությունից/:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.- Թեմային անդրադարձներ մեր քաղաքական դաշտում արդեն կան, ընդ որում՝ հոռետեսական սպասումներով: Մինչդեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի ստորագրության բացակայության մասին ՀԱՊԿ փաստաթղթերի տակ այսպես մեկնաբանեց.
«Մենք ՀԱՊԿ-ին անդամակցել ենք թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար: Երբ եկել է ժամանակը, պետք էր գոնե քաղաքական գնահատական տրվեր, դա բավարար չի եղել, եւ Հայաստանը հրաժարվել է ստորագրել այդ փաստաթուղթը՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատականն ամեն դեպքում տեղ կգտնի»: