Ի ՀՈՒՇ. Ռեգիմանտաս Ադոմայտիս    (1937-2022)

62

Վիլնյուսում 85 տարեկան հասակում վախճանվել է թատրոնի եւ կինոյի լիտվացի հանրահայտ դերասան, Լիտվական ԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսը: Նրա հիշարժան դերակատարումները մի շարք ֆիլմերում («Ոչ ոք չէր ուզում մեռնել», «Սատանայի հարսնացուն», «Սերգեյ Լազո», «Արեւելյան միջանցք, «Այդ քաղցր բառը՝ ազատություն», «Կապույտ թռչուն», «Վթար», «Կյնաքը հիասքանչ է», «Ամերիկյան ողբերգություն», «Միրաժ») նրան դասել են լիտվական կինոյի պատմության մեծագույն դերասանների շարքը:

Մեզ համար հատկանշական է, որ Ադոմայտիսը նկարահանվել է նաեւ հայկական երկու կինոնկարում՝ հայ կինոյի համար դժվարին ժամանակներում: 1993-ին նա հանդես է եկել Ալեքսանդր Քաջվորյանի «Հին աստվածներ», իսկ 2002-ին՝ Լյուդմիլա Սահակյանցի «Նախաշեմին» կինոնկարներում: Հատկապես հիշարժան է վերջին ֆիլմում Ադոմայտիսի մարմնավորած խելագար հանճարը, որին ոմանք նույնացնում են Կոմիտաս Վարդապետի հետ, մինչդեռ նա հավաքական կերպար է:

2012-ին Ադոմայտիսը լիտվական պատվիրակության կազմում վերջին անգամ եղավ Հայաստանում՝ «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ ամենամյա փառատոնի շրջանակում: Այդ օրերին նա պարգեւատրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ նրա ստեղծագործական երեկոն, որի ընթացքում դերասանը հանդես եկավ իր մենախոսություններով եւ պատմեց իր ստեղծագործական ուղու մասին: «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց Լյուդմիլա Սահակյանցի «Նախաշեմին» կինոնկարն Ադոմայտիսի ներկայությամբ: Ֆիլմը ներկայացնելու հաճելի առիթն ունեցավ տողերիս հեղինակը (տե՛ս լուսանկարը): Ինչպես միշտ, Ռեգիմանտաս Ադոմայտիսն այս անգամ եւս մեծագույն ակնածանքով խոսեց հայ ժողովրդի եւ Հայաստանի, նրա հետ ունեցած իր հոգեհարազատության մասին…

Ա. Բ.