Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

Անահիտ Հովսեփյան
02/05/2025
- 2 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
103
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական «Շթեռնը» ապրիլի 25-ին վերնագրում արդեն ծանուցեց, թե «Ապրիլի 24-ի հայերին ուղղված իր ուղերձում Թրամփը խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից»: Հրապարակումը վերաբերում է միայն ԱՄՆ նախագահի ուղերձին, ցեղասպանություն բառից հրաժարվելու ԱՄՆ Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հստակ հարցին եւ դրան ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջեյմս Հեւիթթի (James Hewitt) լղոզված պատասխանին: Տեքստի եզրափակիչ հատվածում նշվում է, որ «2019 -ի դեկտեմբերին՝ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում (2017-2021), ԱՄՆ Կոնգրեսը խորհրդանշական քվեարկությամբ կոտորածները ճանաչեց որպես ցեղասպանություն: Սակայն Թրամփը, որ բարեկամական հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, չի աջակցել այս քայլին»: «Շթեռը» որեւէ տողով չի հիշատակում Գերմանիայի 2015-16 թվականների ճանաչումից նահանջի , ուրացման մասին, փաստագրում է սոսկ, թե 2016-ին Բունդեսթագը ճանաչել է ոճիրը՝ դասակարգելով այն ցեղասպանություն: Թրամփը հարմար թիրախ է, իսկ Գերմանիայի նախագահի լռությունը, ավելին՝ նրա կայքում 2025 թվականի մարտի 31-ին Ծիծեռնակաբերդ այցի մասին չհրապարակումը ինչո՞ւ չի կարեւորվում գերմանական մեդիայում: Գերմաներեն բանալի բառերով որոնողական համակարգը հազիվ է գտնում ԳԴՀ նախագահի այդ օրվա լուսանկարը, որեւէ տեսանյութ չի գտնվում այն պարագայում, երբ ԳԴՀ նախագահի ինսթագրամյան էջով նույն օրը տեսանյութ դարձավ փաստը: Ի՞նչ անուն տալ սրան: «Դոյչե վելլեն», որի սպառողը Գերմանիայից դուրս բնակվողներն են, ԳԴՀ նախագահի՝ ՀՀ այցին անդրադառնալով 2025-ի մարտի 31-ի իր ամփոփ լրատվության մեջ Շթայնմայերի եւ նրա տիկնոջ Ծիծեռնակաբերդում կարմիր վարդերով հարգանքի տուրքը փաստ է դարձնում նաեւ լուսանկարով՝ Bernd von Jutrczenka/dpa/picture alliance  հեղինակային հղմամբ:

ԳԿԽ ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը Բեռլինի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության 110-ամյակի հուշահանդեսին ելույթի պահին:

Գերմանական մեդիան չանդրադարձավ նաեւ այն փաստին, որ ապրիլի 24-ին Բեռլինի Պատգամավորների պալատում, որ երկրամասի Լանդթագն է՝ խորհրդարանը, գերմանացի բարձրաստիճան պաշտոնատարներից միայն նախարար Ջեմ Էոզդեմիրն էր, որ օրվա գլխավոր բանախոս լինելով իր հուշաճառով 10 տարի անց հավատարիմ մնաց 2015-16-ին Բունդեսթագում արտասանած իր խոսքին: Սեփական պատմության եւ զոհերի ժառանգների հանդեպ հարգանքի բացակայություն չէ՞, երբ Բեռլինի հիշյալ օրենսդիր մարմնի նախագահ, իրավաբան Կորնելիա Զայբելդը ներկա չի լինում հուշահանդեսին եւ ողջունում է ներկաներին տեսաուղերձով: Նրան միգուցե արտոնություն էր տվել այն հանգամանքը, որ Բեռլինում ՀՀ դեսպանությունն էլ չէր արձագանքել ժամը 19. 15-ին սկսվող հիշատակի երեկոյին, որը կազմակերպել էր գերմանահայ համայնքը՝ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդն ու թեմի առաջնորդարանը:

Բեռլինի Պատգամավորների պալատի նախագահ Կորնելիա Զայբելդը տեսաուղերձով է դիմում ներկաներին:

Գերմանական Geo գիտական ուղղվածության հանդեսը ապրիլի 24-ին անդրադարձավ Հայոց ցեղասպանության 110 ամյակին՝ հարցազրույց տպագրելով Բեռլինի Ազատ համալսարանի օսմանագիտության եւ թուրքագիտության ինստիտուտի ղեկավար դոկտոր պրոֆեսոր Էլքե Շողիկ Հարթմանի հետ, որի գիտական հետազոտության թեման 19-րդ եւ 20-րդ դարերի օսմանյան եւ հայոց պատմությանն է վերաբերում: Հարթմանի եւ նրա ամուսնու՝ Վահե Թաշչյանի ջանքերով ստեղծված «Հուշամատյան» կայքը հիշատակեցին նաեւ Բունդեսթագում ելույթ ունեցող պատգամավորները 2015 թվականի ապրիլի 24-ի նիստում, երբ քննարկվում էր Հայոց ցեղասպանության բանաձեւը: Բայց նույնիսկ նրանք, որ այդ օրը խոսեցին, 110-ամյակին որեւէ գրառմամբ չանդրադարձան: Մանուել Օպիցի (Manuel Opitz)  մանրազնին հարցազրույցը Հարթմանի հետ կարող է սպառիչ հարված լինել Հայոց ցեղասպանության բոլոր ժխտողների, ուրացողների, ոճիրն հարաբերականացնողների համար:

Օտտո Լուխթերհանդը ելույթ է ունենում Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում Հայոց ցեղասպանության 110 ամյակի հուշահանդեսին:

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը, որ ելույթ ունեցավ թե՛ Բեռլինում, թե՛ Մայնի Ֆրանկֆուրտում, ոչ միայն անդրադարձավ Թուրքիայի ժխտողականությանը, Գերմանիայի 2016-ի բանաձեւով ստանձնած պատասխանատվությանը, այլեւ՝ Արցախում ընթացող ցեղասպանությանը, Բաքվից հայ ռազմագերիների ազատարձակմանը, իսկ նոր կազմվելիք ԳԴՀ կառավարությանը կոչ արեց սատարել Իլհամ Ալիեւին Միջազգային քրեական դատարան հանձնելու գործընթացին: Ի դեպ առաջիկա երեքշաբթի՝ մայիսի 6-ին Բունդեսթագում կկայանա կանցլերի հավանական թեկնածու Ֆրիդրիհ Մերցի ընտրությունը: Արտգործնախարարի տարբեր անուններ էին շրջանառվում, սակայն հայտնի է դարձել, որ Քրիստոնյա դեմոկրատների թեկնածուն Մերցի մտերիմ Յոհանն Վադեֆուլն է (Johann Wadephul (CDU), որ ԱԳ նախարար պիտի լինի: Առիթ ունեցել ենք «Ազգում» գրելու, որ 2009-ից Բունդեսթագի պատգամավոր, իրավաբան Վադեֆուլը հայտնի է Իլհամ Ալիեւի հետ բարեկամությամբ, բազմիցս եղել է Բաքվում: (Հատկապես այս թեկնածուին կանդրադառնանք առաջիկայում): Թե ինչպե՞ս պիտի շրջենք անիվը, որ ադրբեջանասեր Գերմանիան Ալիեւին ՄՔԴ-ին հանձնելու հարցում գոնե չխոչընդոտի, դժվար է ծրագրել, սակայն Համբուրգի համալսարանի իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդի հստակ փաստագրությունը, դրա վրա կառուցված վերլուծությունը հույս է տալիս, որ միջազգային իրավունքի ընձեռած գիտելիքը եւ դրա կիրառումը կարող է ելք լինել, եթե դահիճի հետ զոհի հաշտության քարոզը մեզ չզրկի կյանքի եւ պայքարի իրավունքից: Մայնի Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոսի տաճարում ԳԿԽ-ի եւ Առաջնորդարանի կազմակերպած Հայոց ցեղասպանության 110 ամյակին նվիրված երկրորդ մեծ Հիշատակի երեկոն, որ ապրիլի 26-ին շատերին տաճար էր բերել Լուխթերհանդի բովանդակալից ելույթն ունկնդրելու համար նաեւ, մի քանի անգամ ընդմիջվեց ծափերով: Տեղի սղության պատճառով Օտտո Լուխթերհանդի գերմաներեն ելույթի անգլերեն թարգմանության հայերեն տարբերակը կհրապարակենք «Ազգի» առաջիկա համարում: Ելույթի ավարտին պրոֆեսորին հիշեցրինք, որ բազմիցս ականատես ենք եղել, որ Գերմանիայում  ադրբեջանցիներն, առանց հակազդելու լքել են սրահը պրոֆեսորի ելույթն ունկնդրելուց հետո: Նրա պատասխանը հեռու էր ինքնագովազդից, գիտական ազնվության հաստատումն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, դրանով սահմանված միջազգային օրենքների իմացությունն ու կիրառումն է ադրբեջանցիների համար լռելու հրամայական եղել:

Սուրբ Պողոսի տաճար, ապրիլի 26, 2025թ.

Մեկ ուրիշ առիթ էլ կարող է ԳԴՀ-ում քաղաքական գործիչների ադրբեջանասիրության անիվը կանգնեցնել: Ինչպես հաղորդել ենք, Մյունխենի դատարանում հունվարին սկսվել եւ մինչեւ օգոստոս շարունակվելու է Գերմանիայի պատմության մեջ վճռորոշ մի դատավարություն՝ գերմանացի նախկին պատգամավորների Ադրբեջանից կաշառառության դիմաց նրանց շահերը ԳԴՀ-ում եւ ԵԽԽՎ-ում սպասարկելու գործը, որը աննախադեպ է որակում հենց  գերմանական մամուլը: Դատավարությանն անդրադարձ եղավ NDR-ով ապրիլի 30-ին:

Սուրբ Պողոսի տաճար, ապրիլի 26, 2025թ.

Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցին ուրվագծվեց մեր նահանջը՝ նախ ինքներս մեզնից, մեր պատմության, հիշողության հանդեպ մեր ռեւիզիոնիզմից, որ չէի տեսել: Ժխտողների եւ ուրացողների գործը հեշտանում է՝ հայ քանի՞ վերապրող է կենդանի, իսկ մենք իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու, նրանց պատմությունը չպատմելու: Ես ողջակիզված մեծ մեծ մայրիկիս ձայնն եմ, նրա ընտանիքի 7 զոհերի ձայնը, պատմում եմ…Արցախցիները պատմում են: Մեղսակից աշխարհը չի ուզում լսել, մենակ ենք մնացել, այնինչ 10 տարի առաջ մեր կողքին օտարներ կային: Միայն հայե՞րս ենք այդ լքվածության զգացումով ապրում: Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի նախագահ Յոզեֆ Շուստերի ապրիլի 29-ին «Յուդիշե ալգեմայնեում» հրապարակված խորհրդածությունները կարդալիս, թվաց, թե զգացումը նույնն է: «Հոլոքոստի սարսափներից 80 տարի անց պատմության նկատմամբ մեր պատկերացումը վտանգի տակ է: Ամեն օր ականատես ենք լինում այս անհավանական հանցագործության հարաբերականացմանը նաև Գերմանիայի խորհրդարանում», գրում է Շուստերը: «Երկար ժամանակ, մինչև 1978 թվականը հիշատակի արարողությունը նշում էին միայն հրեաները: Չեմ ուզում խոստովանել, որ կրկին այս վիճակին ենք բախվում: Գերմանիայի երիտասարդ սերնդի մեծ մասը նացիստական դարաշրջանին նայում է լիակատար անտեղյակությամբ»: «Դեռահասների և երիտասարդների 10 տոկոսը երբեք չի լսել Հոլոքոստի մասին, նույնիսկ չգիտեն «Օսվենցիմ» անունը, 40 տոկոսը չգիտի, որ Հոլոքոստի ժամանակ սպանվել է մոտ 6 միլիոն հրեա, 15 տոկոսը կարծում է, որ սպանվել է երկու միլիոնից պակաս»: Շուստերն առաջարկում է օգտվել թվային զարգացման առաջարկած հնարավորություններից: «Հիշելը միայն պահպանել չի նշանակում. հիշելը նաև հակազդելն է, գործողություններ ձեռնարկելը, երբ պատմությունը խեղաթյուրվում է»:

Գերմանահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում հիշատակի ելույթով, բարեխոսական աղոթքով եզրափակեց հուշահանդեսը:

2015-ից ի վեր Գերմանիայում խոսվում է Հայոց ցեղասպանության թեման դպրոցական ուսումնական պարտադիր առարկա դարձնելու մասին: Այսօր դրա կարեւորությունը նկատվում է նաեւ ՀՀ դպրոցներում: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ղեկավար Գզոյանի ասելով, հայերը թանգարան շատ քիչ են այցելում: Դպրոցից սկսենք: Հիշե՛նք, որ ապրենք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Գլխավոր լուսանկարում՝ Ջեմ Էոզդեմիրը Բեռլինում ելույթ է ունենում Հայոց ցեղասպանության 110 ամյակի հուշահանդեսին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

Հաջորդ գրառումը

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլին ընդառաջ                                                

16/05/2025
Հաջորդ գրառումը

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Հայտարարության մեջ ասվում է․ «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ...

ԿարդալDetails

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական