Իրանն զգուշացնում է. Մեկնարկել է տարածաշրջանի քարտեզից Հայաստանի վերացման գործընթացը

Թուրանական միջանցքը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություն

Անկարայում  գործող իրանական ուսումնասիրությունների կենտրոնը (IRAM)[1] «զանգեզուրյան» միջանցքի մասին հրապարակած հոդվածում քննության է առել միջանցքի  գործարկման  հնարավոր սցենարները: Հրապարակումից կարելի է առանձնացնել հետեւյալ առանցքային թեմաները՝

1-  «Զանգեզուրյան» միջանցքը դիտարկվում է որպես  Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր ժամանակաշրջանի  առաջնահերթ ու հրատապ հարցերից մեկը:

2- Թե՛ Թուրքիայի եւ թե՛ Հայաստանի կառավարություններից  հստակ ուղերձներ են փոխանցվել, որ Հայաստանը դեմ չէ միջանցքի գործարկմանը, եւ միայն Իրանն է ընդդիմանում միջանցքի գաղափարին:

3-  Թուրքիայի կողմից տվյալ  քաղաքականության իրագործման  իմաստն այն է, որ այդ  նախաձեռնությունը կյանքի կոչելու համար Անկարան պիտի Չինաստանին ու Մեծ Բրիտանիային (եւ ոչ միայն)  շահագրգռելու նպատակով քայլեր ձեռնարկի, քանի որ ի վերջո նպատակը  Պեկին-Լոնդոն տարանցիկ ճանապարհի գործարկման  հարցում Թեհրանին համոզելն է,  որը, ըստ Անկարայում գործող կենտրոնի հրապարակած հոդվածի, անիրատեսական համարել չի կարելի:
4- Միջանցքի գործարկման  ճանապարհին առաջացող խնդիրները չեզոքացնելու ընթացքում, ըստ IRAM-ի  հրապարակած հոդվածի հեղինակի, չպետք է բացառել Արցախում ռազմական գործողությունների հնարավորությունը:

IRAM-ի  հրապարակած հոդվածը նաեւ անդրադառնում է միջանցքի գործարկման նպատակով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ընդունվելիք համատեղ ռազմավարությանը, որի վերաբերյալ  տեսակետ է արտահայտել իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը եւ ԻԻՀ ԱԳՆ-ի հետ փոխկապակցված «irdiplomay» կայքում  ներկայացրել այդ կապակցությամբ իր երկու դիտարկումները՝ 

ա/ Շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ դիմադրության օջախների չեզոքացում

Իլհամ Ալիեւը մայիսի 3-ին հայտարարել էր, որ «զանգեզուրյան» միջանցքը կարող է վերածվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Չինաստան) եւ «Հյուսիս-Հարավ» (Ռուսաստան-Հնդկաստան)  նախագծերի  մի հատվածի: Իսկ «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» ընդունած  «Թուրքական աշխարհ-2040 տեսլականը» ռազմավարության մեջ նշված է, որ անդամ պետությոսւնները պարտավորվում են տարբեր միջազգային տնտեսական ոլորտներում զորակցել «զանգեզուրյան» միջանցքի գործարկմանը: 

Դա նշանակում է, որ եթե միջինասիական թյուրքախոս պետությունները, Չինաստանն ու Եվրոմիության անդամ երկրները հանդես գան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի օգտին, իսկ Ռուսաստանը պաշտպանի Հյուսիս-Հարավ նախագիծն ու  Հնդկաստանն էլ իր համաձայնությունը հայտնի դրան, Հայաստանի  ու Իրանի համար  խնդիրն ավելի կբարդանա, եւ դրան դիմակայելու հարցում Երեւանից ու Թեհրանից ավելի մեծ ջանքեր կպահանջվեն:  

բ/ Ռուսաստան-Իրան հարաբերությունների  խաղարկման մեթոդաբանություն
Հյուսիս-Հարավ  միջանցքի հեռանկարային  նախագիծն  անիրագործելի չէ:

Ուկրաինական պատերազմի հոլովույթում, ռուս-իրանական ռազմավարական համագործակցության ընդլայնման շրջանակներում, Մոսկվան ու Թեհրանն արդեն իսկ համաձայնության են եկել ընտրել Հյուսիս-Հարավ ճանապարհներից հնարավոր ամենակարճ ուղին, որն անցնում է Ադրբեջանից: Նման պայմաններում ռուսական կողմը կարող է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ համոզելու Իրանին, որ Հյուսիս-Հարավ մայրուղու նախագծի իրագործման հաջողությունը  մեծապես պայմանավորված է նաեւ Ադրբեջանի տարածքով անցնող «զանգեզուրյան» միջանցքի գործարկումով:

Վերջում Էհսան Մովահեդիանն իր եզրահանգումներն է ներկայացրել  IRAM-ի  հրապարակած հակաիրանական ու հակահայկական հոդվածի մասին.

1. Թուրքիան նախկինի պես «թուրանական աշխարհի» գաղափարը կյանքի կոչելու համար գործադրվող ջանքերի առումով գտնվում է առաջնագծում: Այստեղ, Ադրբեջանի դերը երկրորդական է, որն ընդամենն սպասարկում է Անկարայի շահերը:  Այդ նախագծից  Բաքուն  մեծ ակնկալիքներ ունենալ չի կարող, քանի որ դրա դիմաց կորցնում է իր անկախությունն ու, որպես նեոգաղութ,  զրկվում ազատ որոշումներ կայացնելու հնարավորությունից:

2. Իրագործման ընթացքում է գտնվում տարածաշրջանի քարտեզից Հայաստանի վերացման նախագիծը, որը Թուրքիայի քաղաքականության գլխավոր ուղղություններից է: Դա խոսում է այն մասին, որ Էրդողանը մեծ նշանակություն չի տալիս հայ-թուրքկան հարաբերությունների բարելավմանն ուղղված Փաշինյանի ջանքերին, եւ ավելի շատ զբաղված է մանիպուլյատիվ գործողություններով: Հստակ է, որ Երեւանն այդ գործընթացից որեւէ օգուտ չի ստանալու, քանի որ չունի որեւէ խաղաքարտ:  

3. Էրդողանը ներկա պահին զբաղված է իր ներքին խնդիրներով, որոնք վերաբերում են երկրի թե՛ տնտեսությանը, եւ թե՛ անվտանգությանն ու արտաքին մարտահրավերներին: Այդ իսկ պատճառով, Թուրքիան ի վիճակի չէ եւ չունի բավարար համարձակություն՝ Իրանի ու Ռուսաստանի դեմ ուժի գործադրման միջոցով լուծելու իր գերխնդիրը, ուստի ցանկանում է «զանգեզուրյան» միջանցքի նկատմամբ տնտեսական բնույթի  շահագրգռվածությունների միջոցով հասնել իր նպատակին:

4. Հոդվածից կարելի է եզրակացնել, որ Թուրքիան մտադիր չէ միայն շահագրգռել Իրանին ու Ռուսաստանին: Անկարան   ցանկանում է նաեւ այդ գաղափարի շուրջ համախմբել Չինաստանը, Հնդկաստանն ու Մեծ Բրիտանիան: Այսինքն, մտադիր է միջանցքի գաղափարը կյանքի կոչելու նպատակով  ստեղծել համախոհների լայն շրջանակ: Մեծ Բրիտանիան, որ դեռեւս տասնամյակներ առաջ Հարավային Կովկասում ու միջինասիական հանրապետություններում  իր քաղաքական ու տնտեսական  ներկայությունն  ապահովելու համար միջանցքի գաղափարն էր մտքի մեջ փայփայում, ընդառաջ կգնա այդ նախագծին:

[1] IRAM իրանագիտության կենտրոնն Անկարայում  ստեղծվել է Իրանում եւ Իրանի շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու համար: Այն իր տեսակի մեջ առաջին կենտրոնն է Թուրքիայում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ, դիվանագետ