Իրանի ԱԳՆ խոսնակ Քանանին, 2023 թ. հունվարի 9-ին տեղի ունեցած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ, արձագանքելով ԱՄՆ հետ միջնորդավորված կապի մասին լրագրողներից մեկի հարցին՝ ասել է, որ երկու երկրների միջեւ տարբեր եղանակներով տեղի են ունենում տեսակետների փոխանակում:
Մինչ այդ, երկկողմ շփումների վերաբերյալ գրեթե նույն կերպ էր արտահայտվել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, նշելով, որ Վաշինգտոնն Իրանի հետ տարբեր թեմաների շուրջ քննարկումների նպատակով, պահպանում է փոխադարձ կապը: Սակայն Փրայսը չի հաստատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու ԱՄՆ նախագահ Բայդենի կառավարության մտադրության մասին լուրերը, եւ նշել, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին (ՀԳՀԾ) վերաբերող հարցը նախկինի պես դուրս է մնում Վաշինգտոնի հետաքրքրությունների տեսադաշտից:
Այդ դեպքում հարց է ծագում՝ Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ ո՞ր հարցերի շուրջ են տեղի ունենում տեսակետների փոխանակում, եւ ո՞րն է այդ գործընթացի գաղտնիության պատճառը:
Դեռեւս չեն մոռացվել ԻԻՀ էքսնախագահ Ահմադինեժադի կառավարության վերջին օրերին Օմանի միջնորդությամբ Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ տեղի ունեցած գաղտնի բանակցությունները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2015 թվականին համաձայնության գալ եւ ստորագրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, որից 2018 թ. մայիսին հրաժարվեց ԱՄՆ նախագահ Թրամփը: Արդյո՞ք ներկայումս խորհրդապահական պայմաններում ՀԳՀԾ-ին նոր շունչ հաղորդելու համար գաղտնի բանակցություններ են ընթանում Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ:
Դեռեւս չեն մոռացվել ԻԻՀ էքսնախագահ Ահմադինեժադի կառավարության վերջին օրերին Օմանի միջնորդությամբ Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ տեղի ունեցած գաղտնի բանակցությունները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2015 թվականին համաձայնության գալ եւ ստորագրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, որից 2018 թ. մայիսին հրաժարվեց ԱՄՆ նախագահ Թրամփը: Արդյո՞ք ներկայումս խորհրդապահական պայմաններում ՀԳՀԾ-ին նոր շունչ հաղորդելու համար գաղտնի բանակցություններ են ընթանում Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ:
Փորձագիտական շրջանակներում կա տեսակետ, որ նման գաղտնի բանակցությունների առկայությունը տրամաբանական է, քանի որ ներկայումս Իրանի շուրջ ձեւավորված անբարենպաստ մթնոլորտի պատճառով, նախկինի պես հնարավոր չէ անցկացնել հրապարակային բանակցություններ: Այդ պատճառով էլ, մի կողմից հաշվի առնելով միջուկային զենքին հասու դառնալու Իրանից սպասվելիք պոտենցիալ վտանգը, իսկ մյուս կողմից՝ նկատի ունենալով ներքաղաքական խնդիրների պատճառով միջազգայնորեն Իրանին բոյկոտելու միտումները, գաղտի բանակցությունների անցկացումը միանգամայն տրամաբանական է թվում:
Թեեւ Վաշինգտոնն ու ՀԳՀԾ-ին մաս կազմող երեք եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան պաշտոնապես հանդես են եկել հայտարարությամբ, որ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող խնդիրն իրենց արտաքին քաղաքականության օրակարգի մաս չի կազմում, եւ առայժմ կենտրոնացած են միայն ուկրաինական ճգնաժամի պատճառած հետեւանքների վրա, սակայն Իսրայելի նորընտիր վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արտաքին քաղաքականության ոլորտում իր կառավարության առաջնահերթությունը հռչակելիս, առանձնացրել է Իրանին ՀԳՀԾ-ով նախատեսված միջուկային ծրագրի իրականացումը կանխարգելելու հարցը:
Այսպիսով, հունվարի 9-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, արձագանքելով ԻԻՀ միջուկային ծրագրի կանխարգելման հարցի առաջնահերթության մասին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի դիրքորոշմանը, փոքր-ինչ խմբագրել է Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցը Վաշինգտոնի արտաքին քաղաքականության օրակարգից դուրս թողնելու իր նախորդ հայտարարությունը, եւ պարզաբանել, թե, «այնուամենայնիվ, Իրանի հարցում դիվանագիտությունը դեռ չի մահացել»:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ