Իրանի դեմ մղված պատերազմը չի ավարտվել: Այն նոր փուլ է թեւակոխում մի քանի որոշակի առանձնահատկություններով, որոնցից ամենահատկանշականն այն է, որ այն կարող է վերածվել հյուծման պատերազմի (war of attrition), որի ընթացքում Մ. Նահանգները կփակի Հորմուզի նեղուցը եւ կսահմանափակի Իրանի նավթի արտահանումները` արձագանքելով տարածաշրջանային նավարկությանը խոչընդոտող Իրանի ձեռնարկած քայլերին: Եթե այս սցենարը ռազմավարականորեն ճիշտ գործադրվի, ապա նման շրջափակումը կարող է ժամանակի ընթացքում որոշակի ազդեցություն ունենալ: Բայց Իրանը կարող է հակադարձել` թիրախավորելով հարեւան երկրների (ներառյալ Օմանի) նավթարտահանման ենթակառուցվածքները, է՛լ ավելի ապակայունացնելով համաշխարհային էներգիայի շուկաներն ու առավել բարձրացնելով նավթի գները նաեւ Մ. Նահանգներում, ինչը անբարենպաստ պայմաններ կստեղծի ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ: Իրանի ռազմական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները նաեւ զգուշացրել են, որ դեպի Հորմուզի նեղուցը կատարված որեւէ ամերիկյան նավային շարժ կհանգեցնի անմիջական ուղիղ հարձակման:
Սկզբից եւեթ այս հակամարտության ժամանակն ու հետագիծը անկանխատեսելի էր եւ միեւնույն անորոշությունը հիմա կարելի է տեսնել նրա ավարտին մոտ: Առանց Իրանի քաղաքական համակարգում կառուցվածքային փոփոխության հասնելու դժվար է ասել, թե ինչ մակարդակի հաջողության են իրականում հասել Մ. Նահանգներն ու Իսրայելը: Նույնիսկ տնտեսական նշանակալի ճնշումների դեպքում Իրանը կկարողանա տոկալ եւ շարունակել դիմադրել առանց իր կառավարական համակարգի փլուզմանը:
Դիվանագիտական հեռանկարները նույնպես անորոշ են մնում, մինչ բազմաթիվ երկրներ փորձում են միջնորդ հանդիսանալ, ներկա դրությամբ ոչ մի հստակ բանակցային ձեւաչափ չի գործում: Հստակ է միայն այն, որ Միջին Արեւելքը նույնը չի լինելու այս հակամարտությունից հետո: Միեւնույն ժամանակ չափազանց վաղ է խոսել խաղաղության մասին, հատկապես Մ. Նահանգներ-Իրան հարաբերությունների համատեքստում: Ներկայիս ընթացող երկշաբաթյա հրադադարը մի փոքր հույսեր առաջացրեց, բայց բանակցությունների ընդհատումը էլ ավելի փխրուն է դարձրել դիվանագիտական որեւէ առաջընթացի հնարավորությունը: Մոտ ապագայում Ամերիկան կարող է շարունակել հարվածներ հասցնել Իրանի ենթակառուցվածքների վրա, միաժամանակ վերադասավորելով իր ռազմական դիրքերը տարածաշրջանային հենակետերում:
Բայց երկարաժամկետ հակամարտությունը կարող է Իրանից այն կողմ անցնել, ներթափանցել եւ վնասել հարեւան երկրներին, որոնք անմիջականորեն ներգրավված չեն հակամարտության մեջ: Ռիսկային այդ երկրներից մեկը Հայաստանն է: Հայաստանի արտգործնախարարի վերջերս կատարած հայտարարություններից պարզվում է, որ «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) կոչված ծրագիրը շատ քիչ առաջընթաց է արձանագրել եւ դուռ է բացել հնարավոր ձգձգումների, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն զգուշավոր մոտեցում է ցուցաբերում ներկա պայմաններում իր ներկայությունը պահպանելու Իրանի մոտիկ տարածքներում:
Կարեւոր է հասկանալ, որ TRIPP-ը սոսկ Ադրբեջանը Նախիջեւանին կապելու տրանսպորտային միջանցք չէ, այլ մի մասն է տարածաշրջանային ավելի մեծ մարտավարության, որի նպատակն է շրջանցել Իրանը: Այդ ծրագրի կատարման ձգձգումները կարող են նոր աշխարհաքաղաքական խնդիրներ, ճնշումներ առաջացնել: Ադրբեջանը, որ շուտափույթ հաղորդակցություն է մտադիր իրականացել Նախիջեւանի հետ, կարող է այլընտրանքային միջոցներ որդեգրել այդ միջանցքը ձեռք բերելու համար, որպես արդարացում մատնանշելով Իրանի շուրջ ստեղծված անկայունության հանգամանքը: Իսկ դա էլ, իր հերթին, ավելորդ լարվածություն կարող է առաջացնել հայ-արդբեջանական առանց այն էլ փխրուն խաղաղության գործընթացում: Խաղաղության համաձայնագիրը կնքելու հետագա ձգձգումները հավելյալ մարտահրավերների առաջ են կանգնեցնում Հայաստանին, քանի որ համաձայնագիրն ու TRIPP-ը ներկայիս ծառայում են որպես Հարավային Կովկասում հարաբերական կայունությունը պահպանելու առաջնային մեխանիզմ:
Հայաստանին սպառնացող մյուս մարտահրավերը ռեգիոնալ օդային տարածքի խախտումներն են, որոնք լոգիստիկ եւ տնտեսական ճնշումներ են առաջացնում: Բազմաթիվ ավիաուղիներ, ներառյալ «Middle East-ը» նախկինում Իրանի օդային տարածքն էին օգտագործում Հայաստան հասնելու համար, իսկ այժմ, երբ այդ ուղիները սահմանափակվել են, թռիչքների ժամանակը ավելի երկարացվել է եւ տոմսերի գինն էլ ավելի թանկացել: Սա ոչ միայն կանոնավոր հաղորդակցությանն է խանգարում, այլեւ սպառնում զբոսաշրջության աճի տեմպերին: Նշենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն առանձին վերցրած մոտ 6 միլիոն ուղեւորի է սպասարկել անցյալ տարի: Վառելիքի գների աճն ու թռիչքի ժամանակի երկարացումները ավելորդ լարվածություն են առաջացնում Հայաստանի տնտեսության ոլորտում` կապված հակամարտության ընդարձակման հետ: Հարցն առավել բարդանում է Հայաստան-Իրան սահմանային առեւտրաշրջանառության ոլորտում հնարավոր որոշակի անկումով եւ համագործակցության նվազումով, հատկապես այնպիսի կարեւոր բնագավառներում, ինչպիսին էներգետիկան է: Վերջին հաշվով այս պատերազմը ոչ միայն վերաձեւավորում է ուժերի հավասարակշռությունը Միջին Արեւելքում եւ բացասական ազդեցություն գործում գլոբալ տնտեսության վրա, այլեւ նշանակալի ճնշում բանեցնում տարածաշրջանի փոքր պետությունների վրա, ինչպիսին Հայաստանն է, որի տնտեսական ճկունությունը խիստ սահմանափակ է:
ՍՈՒՐԵՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականությն փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)









