Իրանը եւ լիբանանյան ընտրությունները

37

Մայիսի 15-ին Լիբանանում  կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքով Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլլահ» շարժումն ու նրա դաշնակիցները  զրկվեցին խորհրդարանական  մեծամասնությունից: 

Մի շարք երկրների կողմից  որպես ահաբեկչական խմբավորում ճանաչված  «Հըզբոլլահ» ռազմաքաղաքական ու իսլամիստական  շարժումը, Լիբանանում ձեւավորվել  է  նախորդ դարի 80-ականների սկզբին՝   իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ  Իրանում  հաղթանակած  իսլամական հեղափոխությունից  հետո:  

 «Հըզբոլլահը» եւ նրա դաշնակիցները Լիբանանի խորհրդարանական ընտրություններում  իրենց պարտությունն արձանագրում   են  երկրի համատարած ու աննախադեպ տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Իրանին դաշնակից համարվող  ուժերի պարտությունը Լիբանանի խորհրդարանական ընտրություններում  հուսադրող  էր տարածաշրջանում  իր ազդեցության ոլորտներն ընդլայնելու ցանկություն ունեցող  Սաուդյան Արաբիայի համար:  Ռիադին հատկապես ուրախություն է պատճառում այն փաստը, որ Իրանի աջակցությունը վայելող ռազմականացված «Հըզբոլլահ» շարժման բացակայությությունը Լիբանանի քաղաքական ասպարեզում, հնարավորություն կտա լրացնել գոյացած  վակուումը եւ ակտիվորեն  ներգրավվել  Լիբանանի  քաղաքական  կյանքում՝  վերականգնելով իր երբեմնի ազդեցությունը: 

Նշենք, որ նախկինում Սաուդյան Արաբիան Լիբանանում իր ռազմաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու մտադրությամբ  միլիարդավոր դոլարներ էր ծախսել, սակայն «Հըզբոլլահի» դերի բարձրացման պատճառով, ստիպված էր նահանջել Լիբանանից: Նույնը տեղի էր ուենցել  նաեւ տարածաշրջանի այլ  երկրներում, այդ թվում՝  Եմենում եւ Իրաքում:  

Մինչ այդ, 2021 թվականի հոկտեմբերին Իրաքում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Իրանն  ընդունելով   իր հովանավորությունը վայելող  «Ալ Ֆաթհ» (Հաղթանակ) դաշինքի պարտության իրողությունը, ստիպված եղավ զիջելու իր դիրքերը Իրաքի քաղաքական կյանքում, հետեւաբար նաեւ զրկվեց այդ դաշինքի հետ փոխկապակցված   իրաքյան շիաների աջակցությունից: 

Սաուդյան Արաբիան  նաեւ հնարավորություն ունի լրացնելու Իրանի ազդեցության թուլացումից առաջացած բացն Իրաքում, հատկապես այն բանից հետո, երբ 2019 թվականին Ռիադը կարողացավ Բաղդադի «կանաչ գոտում» երեսուն տարի անց վերաբացել  իր  հյուպատոսական հիմնարկը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ