Հոդվածի հեղինակը ծնվել է Գերմանիայում, բայց 1984-ից 2004 թիվը ապրել է Այնճարում (Լիբանան), որտեղ ծնողները տեղի հայկական ավետարանական գիշերօթիկ վարժարանի պատասխանատու-հովանավորողներն են եղել: Պատմություն է ուսումնասիրել եւ 2022-ից Գերմանահայերի կենտրոնական խորհրդի վարչության ատենապետն է:
Բռնակալ եւ ցեղասպան Իլհամ Ալիեւի երկիրը, որը նաեւ երկար ժամանակ է ինչ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վատ համբավ է ձեռք բերել, անցյալ տարի հյուրընկալեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների COP 29 համաժողովը: Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության պատասխանատու մի վարչակազմին, որը ինը ամիս շարունակ շրջափակման մեջ պահելուց հետո ռազմական ներխուժման եւ բռնի տեղահանության միջոցով տիրացել էր տարածքին, նման հարթակ տրամադրելու որոշումը ինքնին ոչ միայն վիճելի էր, այլեւ խիստ տագնապալի: Միջազգային այս միջոցառումից հետո էր, որ ես ամբողջովին ընդգրկվեցի քաղաքացիական գլոբալ մի շարժման մեջ, որը զուտ մարդկային նպատակներ էր հետապնդում, այն է` Բաքվում անօրինական կերպով բանտարկված առնվազն 23 հայ պատանդների ազատ արձակումը:
Աշխարհասփյուռ հայկական համայնքներում տարբեր կարծիքներ կան, թե արդյոք պատանդների հարցը բարձրաձայնելն ու այդ ուղղությամբ գործունեություն ծավալելը արդյունավետ միջոցնե՞ր են, եւ արդյոք միջազգային ճնշումները կարո՞ղ են ինչ-որ փոփոխություններ առաջացնել, երբ նույնիսկ Հայաստանի կառավարությունն է նկատելիորեն պասիվ պահում իրեն այդ հարցում:

Հասկանալով հանդերձ նման թերահավատությունը, ես հաստատ հավատացած եմ, որ լռությունը անպատժելիություն է սնում: Փոփոխությունը, ճիշտ է, մի օրում չի կատարվում, բայց պատմությունը ցույց է տվել, որ հետեւողական ճնշումները, բարոյականության նորմերի հորդորներն ու պարզաբանումները, միջազգային համերաշխության հետ զուգահեռ կարող են ի վերջո ազդել եւ փոփոխություն առաջացնել (բարձրաձայնելն ու ակտիվ գործողությունները կարող են անմիջական արդյունքներ չարձանագրել, բայց դրանք հաճախ միակ միջոցներն են, որ անարդարությունները հիշեցնում եւ մոռացության չեն մատնում):
Որպես գերմանացի եւ Գերմանահայերի կենտրոնական խորհրդի վարչության ատենապետ ես իմ մտահոգությունները բաժնեկցեցի քաղաքական գործիչների հետ: Տեսակցեցի կանցլերի, նախագահի, ֆեդերալ արտաքին գերատեսչության եւ Բունդեստագի բազմաթիվ այլ պատգամավորների հետ: Արձագանքները տարբեր էին: Ոմանք աջակցում էին ինձ, ուրիշներ զգուշավոր էին: Բայց ինձ համար աներկբայորեն պարզ դարձավ, որ միջազգային արդյունավետ ճնշում բանեցնելու համար մենք պետք է գնայինք նեղ ազգային սահմաններից եւ ինստիտուցիոնալ մարմիններից այն կողմ: Մենք պետք է զորակոչի ենթարկեինք ամբողջ աշխարհի արդարամիտ եւ բարեխիղճ մարդկանց, որոնք տեղի ունեցածը դիտարկում էին ոչ որպես լոկ էթնիկական հակամարտության, այլ ընդհանրապես որպես մարդու տարրական իրավունքների խախտման ստորագույն ճգնաժամի: Այս գիտակցությամբ քայլերս ուղղեցի դեպի Օսլոյի Ազատությունների ֆորումը (Oslo Freedom Forum):
«ՕԱՖ-ն» մարդու իրավունքների հաստատության կողմից կազմակերպված միջազգային ամենամյա հավաք է, որն իր շուրջն է հավաքում աշխարհի մարդու իրավունքների ամենախիզախ պաշտպաններին, լրագրողներին, արվեստագետներին եւ քաղաքական այլախոհներին, որպեսզի իրենց պատմություններով եւ մարտավարական միջոցներով միասին պայքարեն բռնապետականության դեմ: ՕԱՖ-ը հատուկ ուշադրություն է դարձնում այն համայնքների վրա, որոնցում ազատությունները թիրախավորված են, հնարավորություն ընձեռելով եզակի հարթակ ստեղծել բոլոր նրանց համար, ովքեր ճնշամիջոցների են ենթարկվել, որպեսզի նրանք համընդհանուր զորակցությամբ ներշնչված` դիմեն արդյունավետ գործողությունների:

Մեր «Ազատ արձակեք հայ պատանդներին» հասարակական շարժման ակտիվիստներից մեկն է, որ ինձ հայտնեց Օսլոյի ֆորումի մասին, որն ինձ համար կարեւոր հայտնագործություն էր: Հետաքրքրվելով դիմեցի մասնակցելու, հույս ունենալով, որ կկարողանամ միջազգային այդ հարթակը օգտագործել բարձրաձայնելու հայ պատանդների պատմությունը:
Դիմելու պահին դեռ չգիտեի, թե ինչ ձեւով եմ ներկայացնելու իմ խնդիրը, բայց երբ ընդունեցին դիմումս, ես «Libertas Collective»-ը ներկայացնող ֆրանսիացի մի ակտիվիստի հետ կապ հաստատեցի, որպեսզի միասին մշակենք մեր մարտավարությունը: Մեր նպատակն էր իրազեկել լայն հասարակությանը հայ պատանդների ծանր վիճակի մասին եւ հետագա համագործակցության կապեր հաստատել մեր համախոհների հետ:
Նորվեգիայի մեր ընկերների հետ ծրագրեցինք ֆորումի գումարման վայրում բողոքի ակցիա անցկացնել, թռուցիկներ բաժանել եւ ցուցադրել պատանդների լուսանկարները: Մայիսի 26-ի առավոտյան, երբ պատրաստվում էի արձանագրվել, մի պահ մտքերս ետ գնացին եւ հասան Սարդարապատի հերոսամարտին, որն այդ նույն օրն էր տեղի ունեցել 1918-ին, եւ ոգեւորությունս կրկնապատկվեց:
Առաջին վայրկյանից նկատելի էր, թե ինչ լավ էր կազմակերպված ֆորումը: Աշխարհի չորս կողմերից 1.400 մասնակից էր ժամանել: Նրանցից մի քանիսի հետ հասցրեցի զրուցել: Ելույթներն ու վկայությունները տպավորիչ էին եւ հուսադրող: Ինձ հատկապես հուզեց պատմությունը Հյուսիսային Կորեայից վտարանդի Կիմ Յումիի, որ հանուն ազատության բազում ռիսկերի էր դիմել, նույնքան ազդեցիկ էին տանզանիացի ակտիվիստ Մարիա Սարունգի Ցեհայի եւ կանադացի լրագրող Ջուդի Ռեվերի պատմությունները, որոնք 1994-ի ռուանդական ցեղասպանության անհայտ ճշմարտությունները բացահայտեցին: Նրանց եւ ուրիշների վկայությունները ինձ հիշեցրին, որ բռնակալների դեմ պայքարը ժամանակներ եւ սահմաններ չի ճանաչում: Դա Հայկի եւ Բելի պատմությունն էր, որ դարեր առաջ էր տեղի ունեցել:
Ֆորումի երեք օրերի ընթացքում մենք լուրջ քննարկումներ ունեցանք բազմաթիվ մարդկանց հետ, որոնք ոչ միայն հետաքրքրություն ցուցաբերեցին, այլեւ պատրաստակամություն օգնելու: Նրանցից ոմանք լավատեղյակ էին 1915-ի իրադարձություններին եւ նույնիսկ արցախյան ողբերգություններին, եւ ես հասկացա, թե որքան կարեւոր էր մեր ներկայությունը այդ ֆորումին:
Մեր բողոքի ակցիան ծրագրել էինք անցկացնել ժամը 1-ին: Դրանից քիչ առաջ տեղատարափ անձրեւ սկսեց, որը բարեբախտաբար երկար չտեւեց, եւ մենք կարողացանք իրականացնել մեր ծրագիրը. «#FreeArmenian Hostages» բնաբանով: Մեզ միացան նաեւ Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուիցիչները:
Ֆորումի այս տարվա նշանաբանն էր` «Պատկերացրեք» (Imagine), եւ ես մտովի խոհրդածեցի, թե նման հարթակները Հայկ Նահապետի ոգին վառ են պահում: Մեր ժամանակների աշխարհում, որտեղ բռնակալներն ու ռազմամոլներն են իշխանությունների ղեկին, այդ ոգին կենսունակ պահելը ավելի քան արդարացված է` հույս եւ զորակցություն պարգեւելու համար: Հավատացած եմ, որ ազատությունն ու արդարությունը գերիշխելու են, մեր պատանդներին տուն վերադարձնելու պայքարը հաղթական ավարտ է ունենալու, եւ Ալիեւն էլ պատասխանատվության է ենթարկվելու:
ՅՈՆԱԹԱՆ ՇՊԱՆԳԵՆԲԵՐԳ
Գերմանահայերի կենտրոնական խորհրդի ատենապետ
Չնչին հապավումներով անգլերեն բնագրից թարգմանեց`
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)