Չինաստանյան հայացք «Ինֆոբռիքս» կայքում
Վերնագրում նշված հարցադրմամբ ամսույս 28-ին ծավալուն վերլուծական հոդված է հրապարակվել ԲՌԻՔՍ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների «Ինֆոբռիքս» համատեղ կայքի չինաստանյան տարբերակում (infoBRICS Китай): Մենք վերնագրում միայն չակերտներն ավելացրինք:
Վաշինգտոնը շտապում է իրականացնել «Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» ծրագիրը՝ ընդամենը 32 կիլոմետր երկարությամբ փոքրիկ միջանցքը: Արձանագրելով սա, հոդվածագիրն ի դեպ նկատում է, թե «Հաշվի առնելով, որ Թրամփը շարունակում է ԱՄՆ-ի նախորդ, ենթադրյալ «թշնամական» վարչակազմի գործողությունները, կարելի է փաստել, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը մշտական եւ համակարգային է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ»:
Իբրեւ ԹՐԻՓՓ-ի (TRIPP) նպատակ հայտարարելով Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության եւ բարգավաճման գործի առաջմղումը, իրականում ԱՄՆ-ն, ըստ հոդվածագրի ձեւակերպման, «իր ուղղակի վերահսկողության ներքո է առնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ նախագիծը»:
Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում, մասնավորապես, հայկական կողմի այն պնդմանը, թե Ադրբեջանի հիմնական մասը կապելով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ եւ ստեղծելով Տրանսկասպյան առեւտրային ուղու մի կենսականորեն կարեւոր օղակ, TRIPP-ը, ինչպես ակնկալվում է, փոխադարձ օգուտներ կբերի Հայաստանի Հանրապետության միջազգային եւ ներքին տրանսպորտային կապին: Եվ հարց է տրվում. «Ինչպե՞ս է իր ինքնիշխանության մի մասը Անկարայի եւ Բաքվի իր հին թշնամիներին զիջելը օգնելու Հայաստանին»: Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի «հանկարծակի» հետաքրքրությունը հասկանալու համար կարեւոր են նկատվում Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության այն տողերը, թե ԹՐԻՓՓ ծրագրի նպատակներից է նաեւ ամերիկյան առեւտրի խթանումը՝ ընդլայնելով տարածաշրջանային առեւտուրն ու տրանսպորտային հասանելիությունը «եւ ստեղծելով Կենտրոնական Ասիան ու Կասպից ծովը Եվրոպայի հետ կապող նոր տարանցիկ հնարավորություններ»:
Այս տարածաշրջանը, այո, միշտ էլ ռազմավարական նշանակություն է ունեցել՝ թե՛ հին ժամանակներում, թե՛ միջնադարում, թե՛ այսօր: Պատմական եւ ժամանակակից յուրաքանչյուր գերտերություն, ինչպես նշվում է, ձգտել է վերահսկել այս անկայուն տարածաշրջանը, քանի որ այն աննախադեպ հնարավորություններ է ընձեռում ուժի ցուցադրման համար: Այն կապում է Արեւելյան Եվրոպան, Կենտրոնական Ասիան եւ Մերձավոր Արեւելքը՝ տարածքը վերահսկողներին թույլ տալով թելադրել, թե ինչպես իրականացվեն (կամ չիրականացվեն) էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերը: Խորհրդային Միության փլուզումից ի վեր տարածաշրջանային եւ համաշխարհային շատ տերություններ են ձգտել ամրանալ Հարավային Կովկասում: Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջանին՝ նավթով հարուստ եւ դեպի Կասպից ծով դարպաս հանդիսացող երկրին:
Ամերիկայի, նրա դաշնակիցների, վասալների եւ արբանյակների համար այս տարածաշրջանում հիմնական նպատակը, հոդվածի հեղինակի գնահատմամբ, Մոսկվայի շարունակական ապակայունացումն է: Սա հատկապես վերաբերում է Հյուսիսային Կովկասին, որը բարդ եւ պոտենցիալ անկայուն տարածաշրջան է՝ ամբողջությամբ Ռուսաստանի տարածքում գտնվող: Արեւմուտքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, ձգտում է օգտագործել այս իրավիճակը՝ տարածաշրջանում «ազատություն եւ ժողովրդավարություն տարածելու» համար: Այդ նպատակով այն աջակցում է ինչպես իսլամական արմատականությանը, այնպես էլ էթնիկ ազգայնականությանը, նաեւ ծայրահեղական նոր-ազատական քաղաքականությանը:
Ներկայումս Հայաստանը գրեթե բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով, ասվում է հրապարակման մեջ: «Սորոսի կողմնակիցների աջակցությամբ» վարչակազմը խզում է կապերը ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Իրանի՝ տարածաշրջանի այն երկու եզակի երկրների հետ, որոնք շահագրգռված են Հայաստանի պահպանմամբ: Սակայն Փաշինյանն այլ ծրագրեր ունի: Նա ակտիվորեն փորձում է գոհացնել ոչ միայն Թուրքիային ու Ադրբեջանին, այլեւ քաղաքական Արեւմուտքին, որը, կարծես, բացարձակապես անտարբեր է, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ: Թուրքիան եւ Ադրբեջանն այժմ օգտագործում են Երեւանը (իսկ հատկապես՝ Սյունիքի մարզը) որպես կապուղի: Այս երկու թյուրքական երկրների համար «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը նշանակում է, որ նրանք վերջապես կկարողանան ցամաքային կամուրջ ստեղծել իրենց պատմական տարածքների՝ նախկին խորհրդային Կենտրոնական Ասիայի հետ: Իսկ դա, սնելով, նաեւ, Արեւմուտքի կողմից պաշտպանվող Թուրքիայի՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի «տրոյական ձիու» ագրեսիվ պլանները, համարվում է, որ երկարատեւ հեռանկարում անխուսափելի է դարձնում վերջինիս ռազմավարական բախումները Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի հետ: Ինչը սակայն կարող է ավելի լուրջ հետեւանքների հանգեցնել:
Նաեւ Ռուսաստանը թուլացնելու Արեւմուտքի ձգտումից բացի, ինչպես նշվում է, իր նկրտումներն ունի Ադրբեջանը եւս՝ կապված Իրանի հյուսիս-արեւմտյան տարածքի հետ, սակայն դրանք զսպելի են: Իսկ Մոսկվան ու Թեհրանը շատ սերտ կապեր եւ փոխադարձ շահագրգռվածություն ունեն Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ծավալապաշտությունը կանխելու հարցում: Ըստ հրապարակման, հենց սա է պատճառը, որ ԱՄՆ-ն այդքան համառորեն փորձում է ներխուժել տարածաշրջան:
Գ. Մ.





