Ինչո՞ւ է «Ազգ»-ը լույս տեսնում ուրբաթ օրը
«Շաբաթն ունի յոթ օր, մանավանդ ՈՒՐԲԱԹԸ»
Այս անիմաստ նախադասության մեջ իմաստ փնտրելն անիմաստ է: Պարզապես իմացեք, որ հայերը շատ են կարեւորում ՈՒՐԲԱԹ օրը: Կասեք ինչո՞ւ,
– Որովհետեւ Հիսուս Քրիստոսի չարչարանքների եւ խաչելության օրը կոչվում է «ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ»,
– Որովհետեւ ՈՒՐԲԱԹԸ միակ օրն է, երբ սակավաբան ուրբաթախոսները արտահայտվելու հնարավորություն են ունենում,
– Որովհետեւ ուրբաթադեմ հայի համար մեծ խորհուրդ ունեցող «Ժպիտի համաշխարհային օրը» (անգլ. World Smile Day) նշվում է ամեն տարի հոկտեմբեր ամսվա առաջին ՈՒՐԲԱԹ օրը,
– ՈրովհետեւՌոբինզոն Կրուզոն իր «փրկիչին» գտել է հենց ՈՒՐԲԱԹ օրը,
– Որովհետեւ հայալեզու առաջին տպագիր գիրքը կոչվում է «ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ»,
– Որովհետեւ յուրաքանչյուր աշխատասեր հայի համար «ամեն երկուշաբթի օրվա խորքում թաքնվում է ՈՒՐԲԱԹԸ»,
– Որովհետեւ ուստա Փիսուն քեռի Քուչիի թանկագին խաթեր համար խոստացավ պատվիրված գդակը հանձնել հենց ՈՒՐԲԱԹ օրը,
– Որովհետեւ Հրանտ Դինքի սպանության մասին լույս տեսած Նեդիմ Շեների լրագրողական հետաքննությունը կոչվում է «ԿԱՐՄԻՐ ՈՒՐԲԱԹ»,
– Որովհետեւ Black Friday կոչված զեղչերի օրը թարգմանվում է «ՍԵՎ ՈՒՐԲԱԹ»,
– Որովհետեւ Ռուսաստանի փլուզումն ավելի շուտ սկսվեց, քան նոր աշխարհակարգի ստեղծումը: Եվ ինչպես հայերն են ասում՝ «Շաբաթն ավելի շուտ եկավ, քան ՈՒՐԲԱԹԸ»:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ