«ԿՌԵԼ», «ԿՌՎԵԼ»
Շարահյուսական հնարքներով հարուստ հայոց լեզուն մեզ հնարավորություն է տալիս մեր մտքի ամենախրթին ելեւէջներն արտահայտել ամենատարբեր եղանակներով: Բայց, երբեմն մենք այդ հնարավորությունները չարաշահում ենք, երբեմն բայի կրավորական եղանակը դարձնում ենք «պարապ վախտի խաղալիք»:
Ի՞նչ պարտադիր է ասել «Նրա կողմից գրվել է մի հոդված»: Ավելի հարմար չէ՞ ասել. «Նա մի հոդված է գրել»: Քիչ է մնում ասեք Մխիթարյանն այլեւս ՉԻ ԽԱՂԱՑՎՈՒՄ Հայաստանի հավաքականի կողմից:
Ինչ լավ ժամանակներ էին, երբ օրինակ «հայրը սիրվում է որդու կողմից» կրավորական եղանակը գրաբարով ձեւակերպում էինք առանց ԿՈՂՄԻՑ ձեւի «Հայր սիրի յորդւոյ», որը հավասարազոր է «Որդի սիրէ զհայր» (որդին սիրում է հորը) ներգործականին:
Պատմությունը կարող է կրկնվել, իրադարձություններն ու ճակատագրերը նույնպես, բայց բանախոսն ի՞նչ իրավունք ունի ԿՐԿՆՎԵԼՈՒ, երբ բարձր ամբիոնից ասում է. «Կներեք, որ կրկնվում եմ»: Ո՛չ մի ներում բանախոսին: Հայոց լեզուն մարդկանց թույլ չի տալիս կրկնվելու:
Առաջին հայացքից խիստ գայթակղիչ արտահայտություն է «Իմ քաշով մեկ տպագրվել եմ» ձեւակերպումը: Բայց տպագրվել կարող են գրքերը, բանաստեղծություններն ու հրապարակման ենթակա նամակները, բայց, գրողը տանի, գրողներն ինչպե՞ս կարող են տպագրվել, այն էլ իրենց քաշով մեկ:
Ուզում եք կռվե՞լ, կռվե՛ք, բայց մի՛ «ՎԻՃՎԵՔ», անհարմար է: Ուրիշները կտեսնեն ու կլսեն ՎԻՃՎԵՔ բառի ավելորդ «Վ» տառն ու հնչյունը, ակամայից կծիծաղՎեն:
Ի դեպ, «Կռվել» բառի ստուգաբանության մասին հետեւյալ վարկածն եմ առաջարկում.
«Կռվել» > «Կռուիլ» բայն իր կառուցվածքով անդրադարձ-կրավորական բայ է կազմված ծեծել նշանակությամբ ԿՌԵԼ ներգործական բայից, որն իր հերթին առաջացել է ԿՈՒՌ արմատից: Իսկ ԿՈՒՌ բառը ծագում է ուրարտերենից կամ ենթաշերտային այլ լեզվից: Իմ կարծիքով, ԿՌԻՒ բառը կապ չունի Հր. Աճառյանի ու Գ. Ջահուկյանի առաջարկած հնդեվրոպական նախալեզվի հոմանիշի հետ:
Ուրեմն, թշնամու դեմ կռվի գնալուց առաջ, կռենք մեր զենքը:
ՄԻՏՔՍ ԱՎԱՐՏՎԵՑ
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ