Իմաստաբանական բառարան

29

Հերն էլ անիծած…

Էշը, որ պատկանում է միասմբակավոր կենդանիների կարգին, վայրի տեսքով հայկական լեռնաշխարհում է հայտնվել դեռեւս միջին քարի դարում, եւ ընտելանալուց անմիջապես հետո, անտրտունջ ու գլուխը կախ, հուսալի բեռնակրի ու փոխադրամիջոցի դերում ծառայել է հային:

Թեեւ էշը ձիու ցեղակիցն է, բայց վերջինիս պատվին արժանանալու համար պետք է երկար ճանապարհ անցնի, սակայն այդ համեստ կենդանու գոռոզամտության պատճառն է դարձել այն փաստը, որ լեզվաբանները բնիկ հայկական «էշ» բառը համարել են հնդեվրոպական *ekw՛o — «ձի» արմատից առաջացած բառ:

Անշուշտ, էշի գոռոզամտության համար այլ հիմքեր էլ կան: Էշը մարդկության պատմության զարգացման ընթացքում անուրանալի դեր է խաղացել հատկապես ճանապարհաշինության մեջ, եւ այդ պարկեշտ կենդանին գլխավոր գեոդեզիստի դերում բազում օրինակներ է ցույց տվել: Չէ՞ որ էշը բնազդաբար գտնում է ամենակարճ ճանապարհը: Նախկինում՝ գեոդեզիստական սարքերի բացակայության պայմաններում, ամենաօպտիմալ ու կարճ ճանապարհը գծելու համար մարդիկ դիմել են բեռնավորված ավանակի օգնությանը, որը եւ մասնագիտորեն գծագրել է ամենակարճ ճանապարհները: Պատահական չէ, որ երկրաչափության մեջ «ուղիղ գծի» կամ «գեոդեզիկ գծի» թեորեմը որոշ լեզուներով, այդ թվում՝ պարսկերենով, կոչվում է «Ավանակի թեորեմ»(ghaziyye-e hemar)՝ համաձայն որի, երկու կետերի միջեւ ընկած ամենակարճ ճանապարհն ուղիղ գիծն է:

Պարսկերեն ամենահեղինակավոր բացատրական բառարանը՝ Դեհխոդան, Էշի (պարսկերեն՝  xՊr) դրական հատկանիշների մասին գրում է. «Երբ կարիճն է քեզ խայթում, անհապաղ էշի ականջին բարձր ձայնով գոռա, որ կարիճը խայթել է քեզ, որից հետո հակառակ դիրքով նստիր էշի վրա, որպեսզի խայթոցից առաջացած ցավը փոխանցվի էշին»: Հասկանալի է, որ ավանակի տվյալ դրական հատկությունն անվիճարկելի է, եւ պետք է ժամանակակից բժշկությունը հատուկ ուշադրություն դարձնի դրան: Էլ չենք խոսում իրանական Ղարաղան քաղաքի բուժիչ հատկություններով օժտված էշի յուղի մասին, որը բազմաթիվ հրաշքներ է գործել:

Էշի մեծամտության պատճառներից է նաեւ այն պատմական փաստը, որ հենց այդ խոհեմ կենդանին է ապահովել Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Սակայն իրանցի անվանի բանաստեղծ Սաադիի կարծիքով, դա ոչ մի առավելություն չի տալիս էշին: Բանաստեղծն այսպես է իր միտքը հիմնավորել.

Եթե անգամ Նազովրեցու ավանակը ուխտի գնա դեպ Մեքքա,

Միեւնույն է, վերադարձին նախկինի պես ավանակ էլ կմնա:

Բայց ժամանակակից իրանցի բանաստեղծ Իրաջ Միրզան հակառակն է պնդում.

Նազովրեցու ավանակն է բացառապես իմ գովեստին արժանի,

Քրիստոսի էշից բացի, հերն անիծած մյուս բոլոր էշերի:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ