Փետրավորներն ու մենք
Հազարամյակների ընթացքում մարդը կարողացել է թռչունների մոտ հայտնաբերել իրեն բնորոշ բնավորության գծեր եւ իր նմանին համեմատել ձվադրման հատկությամբ օժտված որոշ փետրավոր կենդանիների հետ:
Թութակը, օրինակ, կարողանում է խոսել ու կրկնել մարդկանց ասածները, որից ելնելով էլ շեֆին քծնող ու նրա թեզերը հնարավոր բոլոր առիթներով կրկնող մարդուն հաճախ թութակի հետ են համեմատում:
Ծիծեռնակը չվելու հատկություն ունի ու բնօրրան է վերադառնում իր կարիերայի համար քաղաքական ամենանպաստավոր եղանակներին եւ հարկ եղած ժամանակ լքում է բնօրրանը, կամ, ինչպես քաղաքագիտության մեջ է ընդունված ասել՝ փոխում է ճամբարը:
Ագռավի կռռալու հատկությունն է մարդկանց ուշադրությունը գրավել: Այդ պատճառով էլ ուրիշի լավը չցանկացող, ձեռնարկվող բարեփոխումները չնկատող ու փնթփնթացող հոռետես մարդկանց կռռացող ագռավին են նմանեցնում:
Աղավնին օգտագործվում է աշխարհաքաղաքական ամենաբարդ իրավիճակներում խաղաղասիրական դրոշ բարձրացնող, ինչպես նաեւ խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնող մարդուն նկարագրելու համար: Կարեւոր չէ, թե իր երկրի պաշտպանական գերատեսչությունը դարձնում է «պատերազմի նախարարություն» եւ իրերը կոչում իրենց անուններով:
Արծվի խրոխտ կեցվածքը համեմատելի է անվեհեր ու հանդուգն քաղաքական այրերի վարքագծի հետ, որոնք մշտապես ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում անվրեպ խաղադրույք են կատարում:
Հավն իր խելքով ու անհեռատեսությամբ օրինակ է ծառայում սակավամիտ եւ շատ արագ քարոզչությունից ազդվող մարդկանց համար եւ օգտագործվում է որպես խելքի չափման միավոր:
Աքաղաղը՝ հավի արական տեսակը, ինքնավստահության ու գոռոզամտության խորհրդանիշ է, որի կերպարը երբեմն օգտագործվում է տարբեր ամբիոններից հոխորտացող մարդկանց բնորոշելու եւ նրանց «խորոզանալու» հատկությունը պատկերավոր գույներով նկարագրելու համար:
Բուն իմաստության ու խորաթափանցության խորհրդանիշ է՝ հին հույն աստվածուհի Աթենայի խորհրդապատկերը: Սակայն բվի թուրքերեն տարբերակը հայերենում հակառակ երանգավորում ունի:
Բայղուշը բվի թուրքական տարբերակն է՝ չարագուշակության խորհրդանիշը: Այդ պատճառով էլ բայղուշ են անվանում բոլոր այն չարագուշակ քաղաքական մեկնաբաններին, որոնք խաղաղության համար ձեռնարկվող քայլերը լուրջ չեն ընդունում: Բայղուշները, առանց հիմնավոր փաստեր ներկայացնելու կարծում են, որ պատերազմի վտանգի վերացման եւ պաշտպանական ծախսերի կրճատման մասին հայկական կողմի համոզվածությունը չափազանցված է, իսկ ամեն պահի պատերազմին ընդառաջ գնալու Բաքվի բռնապետի հոխորտանքները՝ հիմնավոր:
Թուլանալ է պետք. Բայղուշների չարագուշակություններից վախիլ մի՛ք:
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ