Ժեստերի լեզուն
Ձայնային հնչյուններով արտահայտվող բանավոր խոսքից բացի, հատկապես հայերի մոտ տարածված է ժեստերի լեզուն, որի գլխավոր դերակատարը ձեռքն է: Մեր բառապաշարում «ձեռք» բառով կազմված արտահայտությունների առատությունը (ձեռք առնել, ձեռքերը ծալած նստել, ձեռքերին ազատություն տալ, ձեռքից ձեռք փախցնել եւ այլն) դրա վկայությունն է:
Ուրիշ վկայություններ էլ կան: Դուրս եկեք փողոց, մարդկանց շարժուձեւին ուշադիր նայեք եւ կտեսնեք, որ հայերը լեզվին տալու փոխարեն ավելի շատ ձեռքերին են տալիս: Իսկ եթե երթեւեկը մի քիչ էլ խիտ լինի, հաստատ ձեր ձեռքերին կապտուկների տեսքով կնկատեք հայկական ժեստիկուլյացիայի հետեւանքները:
Անտեղի հարցի պատասխանը պատկերավոր տալու համար հայ մարդը ձեռքերի պարունակությունը փոխանցում է հարց տվողին եւ, ազատված ձեռքերը մինչեւ ուսերը կտրուկ վեր բարձրացնելով, արտասանում՝ «ո՞ւրդուց իմանամ»: Տվյալ ժեստիկուլյացիան հիմնականում տարածված է Շիրակի մարզում:
Հիացմունքը զսպել չկարողացող հայ մարդը բռունցք արած ձեռքերը մոտեցնում է թշերին ու թլոշ ձայնով ասում՝ «արաաա՜՜»: Սա համատարած հայկական ժեստիկուլյացիա է:
Անշարժ գույք առաջարկող հայուհին, իր գովազդի առարկա հանդիսացող ճոխ բնակարանի բարեմասնությունները ցուցադրելու համար թափահարելով բաց վիճակում երկու ձեռքերի բոլոր տասը մատները, երդում-պատառ է տալիս, որ բնակարանը նախատեսված է հենց գովազդը դիտողի համար: Այդ ժեստիկուլյացիայի ակունքները պետք է փնտրել Երեւանում:
Տոնական առիթներին միջոցառման գլխավոր դերակատար հայ մարդը աջ ձեռքը դնում է իր ընկերների ու բարեկամների գլխին եւ ասում՝ «Տարոսը քեզ»: (Ի դեպ, «տարոս» բառը թուրքերեն dari-si՝ «նրա կորեկը» բառակապակցության պատճենն է, որը գալիս է հին Հռոմում հարս ու փեսայի գլխին կորեկ շաղ տալու սովորույթից: Հետեւաբար, այստեղ միայն ձեռքի շարժումն է հայկական):
Ամուսնու անհնազանդությանն ականատես, մայրիշխանության ավանդույթներին հավատարիմ հայ կինը թեւերը աղեղնաձեւ կանթում է կոնքերին եւ ծռմռվող շուրթերից հոխորտանքով մի-երկու անհասկանալի բառ արտասանում: Տվյալ ժեստիկուլյացիան առավելապես տարածված է Իրանում՝ չհարմահալցի հայ կանանց միջավայրում եւ հայտնի է «չհարմահալյան հոխորտանք» անվանումով:
Զարհուրանքից ու վախից աչքերը չռած հայ մարդը զույգ ձեռքերը մոտեցնում է սեփական գլխի աջ ու ձախ կիսագնդերին եւ արտասանում՝ «վաա՜յ մամա ջան, էս ի՜նչ ա կատարվում»:
Տվյալ ժեստիկուլյացիան այս օրերին ավելի շատ տարածված է դատական նիստերի ժամանակ:
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ