ԻԻՀ նախագահ-ՀՀ վարչապետ հեռախոսազրույցի տողատակերը

Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի, հունիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Նույն աղբյուրի համաձայն, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների եւ շփումների կարեւորությունը:

 ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում տեղ գտած խիստ սահմանափակ տեղեկատվության համեմատությամբ, նույն  հեռախոսազրույցի մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցած տեղեկատվության մեջ ավելի շատ մանրամասնություններ կան, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնելու հեռախոսազրույցի մասին մեր եզրահանգումների շրջանակը:

Նախ, պարզ  է դառնում, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է հայկական կողմը, ինչը նվազ կարեւոր չէ սահմանափակ տեղեկատվություն պարունակող հաղորդագրություններից հետեւություններ անելու համար:

ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի համաձայն,   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ԻԻՀ նախագահ Ռայիսին, անդրադառնալով երկու երկրների պատմական կապերին, ասել է.  «Իրանն ու Հարավային Կովկասը միմյանց պատմամշակութային պատառիկներն են»: 

Այս ձեւակերպումն  իրանական կողմի բացահայտ ակնարկն է Թուրքմենչայի եւ դրան նախորդած՝ Գյուլիստանի  պայմանագրերից առաջ  Պարսկաստանի քաղաքական քարտեզի ընդգրկվածության, ու Թեհրանի համար ցավալի կորուստներով պայմանավորված, Հարավային Կովկասի նկատմամբ իրավատիրական ձգտումների մասին:

ԻԻՀ նախագահը նաեւ նշել է, որ Իրանն իր հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացման շրջանակներում կարեւորում է Հարավային Կովկասի հետ համագործակցությունն ու այն դիտարկում որպես իր երկրի առաջնահերթությունը:

«Հարեւան երկրներ» ձեւակերպումն օգտագործելով՝ նախագահ Ռայիսին հնչեցրել է Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում  կյանքի կոչված   ազգային անվտանգության հայեցակարգի հիմնական բաղադրիչներից մեկը՝  «սահմանակից երկրների հետ հարաբերությունների կառավարման» մասին, որն նախագահ Ռայիսիի նախընտրական հայտարարություններում  կարեւոր տեղ էր զբաղեցնում:

Նախագահ Ռայիսին, կարեւորելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու պատմականորն ձեւավորված սահմանների անձեռնմխելիությունը,  ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը  դեմ է Կովկասում ԱՐԵՒՄՏՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ներկայությամբ աշխարհաքաղաքական որեւէ փոփոխությանը, քանի որ օտաերկրացիները ոչ միայն որեւէ խնդիր չեն լուծում, այլեւ նպաստում են նոր խնդիրների առաջացմանը»:

 Կովկասում «ԱՐԵՒՄՏՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ» ներկայությանը դեմ լինելու վերաբերյալ  ԻԻՀ նախագահի օգտագործած ձեւակերպումը կարող է վկայել «Մեղրիի միջանցքը» ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ  վերահսկմանը հանձնելու  տարբերակին դեմ չլինելու մասին:

Նախագահ Ռայիսին կարեւորելով խաղաղությանը միտված Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու երկուստեք միտումը՝ նշել է. «Երկու երկրների սահմաններում  պետք է հնարավորինս արագ լուծվեն անվտանգային հարցերն ու դրանք  վերածվեն տնտեսական սահմանների:

 «Տնտեսական սահմանների» մասին ԻԻՀ նախագահի ձեւակերպումն արտահայտում է Հարավային Կովկասում Իրանի առեւտրատնտեսական շահերի համապատասխանող գործունեությանը  չխոչընդոտելու իրանական կողմի ցանկությունը:

Ռայիսին անդրադարձել է երկկողմ հարաբերություններին վերաբերող խնդիրներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին հնարավորինս արագ ընթացք տալու անհրաժեշտությանը: 

 Հայաստանի հետ հարաբերությունների մասին Նախագահ Ռայիսիի օգտագործած վերոգրյալ արտահայտությունն  ընդամենը  երկկողմ հարաբերություններից բխող արարողակարգային ու ֆորմալ ձեւակերպում է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան