Բաներ կան, որոնք Հայաստան պետության ղեկավարները պարզապես պետք է չանեն.
– Հայոց ցեղասպանության հետեւանքով առաջացած տասը միլիոնանոց հայկական սփյուռքի ներկայացուցիչների մոտ չխոսեն ցեղասպանության` խորհրդային քարոզչական համատեքստում կառուցված լինելու եւ հայրենասիրությունը պետության ելակետ որպես սխալ լինելու մասին: Տասը միլիոն մարդ ապրում է եւ միավորվում է հայրենասիրության ու ցեղասպանության դատի հետապնդման գաղափարներից էներգիա ստանալով, իսկ դուք հանգցնում եք հայկականությամբ ապրելու նրանց տաքացնող կրակը, ոչնչացնում եք այն շարժառիթը, որը սովորական միջին սփյուռքահային ստիպում է հարյուր հազար դոլար ուղարկել իր խնայողություններից՝ բանակի կարիքների համար:
– Անարդարության հուշարձան, միլիոնուկես հայերի ցեղասպանած պետության իրավահաջորդ, տարածաշրջանի այժմյան շատ դժբախտությունների հրահրիչ, իր գրքի ստեղծումից ընդամենը մեկ տարի առաջ Արցախի ծնկի բերմանը մասնակից դարձած Էրդողանի հետ լայն ժպիտով չլուսանկարվել, ավելի արդար աշխարհի հնարավորության մասին նրա աղվեսագրքով հանդերձ, մեր նախնիները եւ անգամ վերջին պատերազմին մեր զոհված տղերքը շուռ եկան իրենց գերեզմաններում: Մանավանդ` դա հազիվ թե Հայաստանին է պետք, ինչպես նշում է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, այդ հանդիպումն ավելի շատ Էրդողանին էր պետք` Թուրքիան տարածաշրջանում եւ աշխարհում կարեւորելու ատրիբուտ որպես:
– ՄԱԿ-ի ամբիոնի սուղ ժամանակը չօգտագործել փորձարարական մտավարժանքների համար, այդպիսի շռայլություն դժվարին իրավիճակում հայտնված երկրի ղեկավարն իրեն չի կարող եւ չպետք է թույլ տա, գոնե ամենակարեւոր մարտահրավերների մասին պետք է անպայման խոսել` ՄԱԿ-ի ամբիոնի բացառիկ հնարավորությունն օգտագործելով, էն մեծ պետությունների ղեկավարները հիմա՞ր են, որ իրենց հարցերն են բարձրացնում:
Սահմանադրական դատարան չուղարկել վիճահարույց առաջարկ` սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի սահմանադրականության ստուգման պահանջով: Ի՞նչ է այդ հանձնաժողովը, ո՞ վ է այն ստեղծել, արդյոք այդ հանձնաժողովի կանոնակարգի բովանդակությունը քննարկվե՞ լ է, ասենք, Ազգային ժողովում, կամ այնտեղ նշված սահմանազատման հիմքերը ո ՞ր սահմանադրական փաստաթղթով են հիմնավորվում, Ալմա-Աթայի հռչակագիրն ի՞ նչ է` միջազգային վավերացված եւ Հայաստանում նրա սահմանադրականությունը ստուգած պայմանագի՞ր, որտեղ ոչինչ չի նկարագրվում երկրների սահմանների մասին : Արտագերատեսչական ինչ-որ հանձնաժողովի կանոնակարգի սահմանդրականությունը ստուգել ո՞րն է:
Եվ էլի շատ բաներ, որոնք չպետք է անեն պետության ղեկավարները, առիթ կլինի` էլի կթվենք:
Չգիտենք` ովքե՞ ր են հատկապես վարչապետ Փաշինյանին խորհուրդ տվողները, սակայն այդ խորհուրդների մեջ պետք է լինեն դիվանագիտության այբ-ֆե-ն, իրավական հենքը, միջազգային փորձը միատեղել իմացողներ, քանի որ միջազգային ատյանների ամբիոնները մտքի էմպիրիզմի վայր չեն, այդպես կարծող պետությունների ղեկավարներն ի սկզբանե ելնում են պարտված լինելու կանխավարկածից:
Եթե վարչապետը մեր ասած հատկանիշների համախումբն ունեցող խորհրդականներ չունի` սա մի դժբախտություն է, եթե ունի, բայց նրանք այն աստիճան են վախենում նրանից, որ իրենց խորհուրդները հարմարեցնում են նրա տեսակետներին` սա մի ուրիշ դժբախտություն է, եւ եթե Փաշինյանի շրջապատում առհասարակ տարբեր պատճառներով չկան փորձառու խորհրդականներ, որոնք լավ գիտեն միջազգային ատյանների ամբիոններն օգտագործելու արարողակարգն ու պետություններին դրանց ընձեռած հնարավորությունները,արարողակարգի նրբություները, անցյալի փորձն ու դիպվածները, ապա սա կրկնակի անհարմարություն է: Երբեք ուշ չէ փնտրել այդ մարդկանց, նույնիսկ հենց այսօրվանից սկսած: Սա պետություն է, պարոնայք, եւ ոչ թե ինչ- որ մեկի փորձարարության սուբյեկտ` գոնե արտաքին հարթույթում:
Եթե մեր ասածին պետության ղեկավարները վերաբերվելու են քամահրանքով եւ բանի տեղ չեն դնելու, սա ծանոթ եւ մշտական մոտեցում է, բայց կարելի է նաեւ երբեմն անսալ այն մարդկանց ասածին, որոնք մտահոգված են պետության ճակատագրով եւ չեն առաջնորդվում ատելության կանխավարկածով:
Թե չէ դուրս է գալիս, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Հայաստանը ներկայացնողից (մեր կարծիքով` բացառապես իր տարածաշրջանային շահով պայմանավորված) ՄԱԿ-ի ամբիոնից ավելի շատ է խոսում Հայաստանի եւ հայկական խնդիրներից, Հայաստանի վերաբերյալ չկատարված բանաձեւերից եւ միջազգայնորեն ընդունված սահմանների պահպանման անհրաժեշտությունից:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հեղինակի յութուբյան հրապարակումներին կարող եք ծանոթանալ այս հասցեով.