Թուրքիայի խաղը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ

56

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը համաշխարհային հանրության գիտակցության մեջ ամրապնդել է Խորհրդային Միության փլուզումից հետո գլոբալ եւ տարածաշրջանային տերությունների վարքագծի ընդունված կողմնորոշիչները վերանայելու, արտաքին քաղաքականության նոր հիմքեր որոնելու անհրաժեշտության գաղափարը: Այս դիտարկմամբ է սկսվում լիբանանյան «Ալ-Մայադին» հեղինակավոր հրատարակության «Թուրքիան Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. խաղ անդունդի եզրին» վերնագրով հոդվածը, որն օրերս թարգմանաբար ներկայացվել է ռուսական «ԻնոՍՄԻ» լրատվական կայքում:

Մերձավոր Արևելքում տարածաշրջանային հավասարակշռությունը, նշում է հոդվածագիրը, հիմնված է Միացյալ Նահանգների կենսական շահերի գաղափարի վրա՝ ընդհուպ այլ խոշոր խաղացողների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոմիության եւ տարածաշրջանային տերությունների դիրքորոշման հնարավոր անտեսումը: Ռուսաստանը համարձակվել է ռազմական ուժ գործադրել առանց միջազգային համաձայնության (կոնսենսուս)՝ ծնունդ տալով այնպիսի բարդությունների, որոնք պահանջում են լրջորեն գնահատել հնարավոր օգուտներն ու ռիսկերը:

Ուկրաինական ճգնաժամը ծանր տնտեսական հետեւանքներ է ունենում ամբողջ աշխարհի համար, ներառյալ մերձավորարեւելյան պետությունները, եւ այժմ երկրների մեծ մասը փորձում է այդ ճգնաժամի բացասական հետեւանքներից պաշտպանվածություն ձեռք բերել: Մի շարք երկրներ, այդ թվում եւ  Թուրքիան, կարողացել են այնպիսի դիրք որդեգրել, որը նրանց, ըստ հրապարակման, իրավունք է տալիս իրենց ավանդը ներդնել այժմ միջազգային հավասարակշռության նոր հիմքերի ձեւավորման գործում:

Ռուսաստանին, Ուկրաինային եւ Եվրոպային հարեւանության ռազմավարական դիրքը, կենսական կարեւորություն ունեցող նեղուցների նկատմամբ վերահսկողությունը, Մոսկվայի եւ Կիեւի հետ սերտ հարաբերությունները, գումարած ՆԱՏՕ-ի անդամությունն ու Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունները, Թուրքիայի առջեւ դնում են իր քայլերը մանրակրկիտ պլանավորելու եւ դիրքորոշում ճշտելու խնդիր: 

Ուկրաինայում Ռուսաստանի գործողության հենց սկզբից, ինչպես նշվում է, Թուրքիան իր համար կարեւոր դիրքեր է ապահովել, կարողանալով շահել երկու կողմերի էլ վստահությունը՝ որպես բանակցային գործընթացի միջնորդ: Ընթացիկ իրավիճակի ու դրա հնարավոր հետեւանքների ճիշտ գնահատման շնորհիվ թուրքական իշխանությունները չտրվեցին արեւմտյան հիստերիային եւ, չնայած զինված ուժերի համար Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները փակելուն, չմիացան հակառուսական պատժամիջոցներին: Դրանք համարելով անարդյունավետ` թուրքական պետությունը միեւնույն ժամանակ հաշվարկել է, որ խնդրի գնահատման առումով եվրոպական դիրքորոշմանը հակվածությունն Անկարայի համար դեպի Եվրոմիություն ճանապարհ հարթելու հաղթաթուղթ կլինի:

Սակայն թուրքական իշխանությունները հեռավորություն են պահպանում ՆԱՏՕ-ի քաղաքականությունից: Ռուսաստանին աֆղանական պատերազմի նման ճահճի մեջ գցելու եւ մեկուսացնելու, նրա տնտեսությունը քայքայել ու ռեսուրսներից զրկել փորձելու նատօյական պլանին մասնակցության փոխարեն Անկարան անհրաժեշտ է համարել հակամարտության երկու կողմերի հետ էլ հարաբերությունների պահպանումը:

Ինչպես ճիշտ նկատվել է, թուրքական պետության ստեղծման պահից սկսած նրա արտաքին քաղաքականության վերլուծությունը չի խոսում այն մասին, թե վերջինս հակված է կոլեկտիվ անվտանգության համակարգերին եւ միջազգային իրավունքի նորմերին՝ որպես միջազգային հարաբերությունների կառուցման հիմք: Այս պետության արտաքին քաղաքականության ռազմավարությունը բնորոշվում է մի պրագմատիզմով, որում գլխավոր նշանակությունն ունեն ազգային շահերը: Այդ ռազմավարության հիմքում ընկած են Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի հետ օրգանապես կապվածության հարաբերությունների գաղափարը եւ տարածաշրջանային այնպիսի դերի որոնումը, որը հնարավորություն կտա ազդեցություն ունենալ ուժերի գլոբալ հաշվեկշռի վրա: 783 000 քառակուսի կիլոմետր տարածքով (Սիրիայից ու Իրաքից բռնազավթած մասերով հանդերձ) թուրքական պետության սահմաններից դուրս դերակատարություն ունենալու ձգտումը, ինչպես նաեւ իրեն պատմական կամ մշակութային կապերով կապված երկրների՝ Լիբիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարավային սահմաններին հարող պետությունների հետ հարաբերությունների զարգացումը ռազմավարական շահերի առումով բնական են:

Վերլուծելով Անկարայի ներկա դիրքորոշման նախադրյալները, հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ ուկրաինական ճգնաժամի հանդեպ եվրոպական քաղաքականությանը հետեւելը ակնկալվող օգուտը չի բերի թուրքական պետությանը: Զորօրինակ, վերջինս իր ավանդն է ներդրել Եվրոպայում միգրացիոն իրավիճակի թեթեւացման գործում՝ ընդունելով սիրիացի փախստականների հոսքը, սակայն դա չի նպաստել նրա Եվրոմիություն մտնելուն: Ավելին, Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները չեն ստացել ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հավանությունը: Եթե սրան ավելացնենք նաեւ այն անվստահությունը, որը լրջորեն ազդել է ՆԱՏՕ-ի, եվրոպական եւ ամերիկյան կողմերի ու Թուրքիայի հարաբերությունների վրա C-400 զենիթահրթիռային համալիրների հետ կապված ճգնաժամից եւ Սիրիայում ռուսական պետության հետ զարգացող հարաբերություններից հետո, ապա կարող ենք ավելի լավ հասկանալ Անկարայի ներկա քաղաքականության պատճառները:   

Ինչ վերաբերում է Մոսկվայի հարցին, այստեղ թուրքական պետությունը հանդես չի գալիս այնպիսի նախաձեռնություններով, որոնք կարելի կլիներ համարել որեւէ կարգի աջակցություն՝ նպաստելու Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության նպատակների իրականացմանը: Թուրքական նեղուցների փակումը բոլոր տերությունների ռազմանավերի համար՝ ուղղված էր, մասնավորապես, ռուսական նավատորմի դեմ և առաջին հերթին արտացոլում էր ՆԱՏՕ-ի դիրքորոշումը: Ահա թե ինչու, չնայած թուրքական պետությունը չեզոք է և օգտվել է Մոնտրոյի կոնվենցիայի ընձեռած իրավունքից, նեղուցները փակելու որոշումն անբաժանելի է Արեւմուտքին հանգստացնելու փորձերից, որը ռուսական պետությանը պատժելու և ռազմական գործողությունը դադարեցնել ստիպելու ուղիներ է որոնում, նկատում է վերլուծաբանը: 

Թուրքական քաղաքականության օգտապաշտության տեսանկյունից՝ դեպի Սիրիա ուժեր փոխադրող ռուսական ինքնաթիռների առջեւ օդային տարածքը փակելու որոշումը կարելի է գնահատել որպես տեսանելի ելքի բացակայություն եւ իր դրած նպատակներին հասնելու ռուսական պետության համառ հաստատակամության հետեւանք: Այս ամենը դրդել են թուրքական պետությանը փորձելու դուրս գալ դիվանագիտական փակուղուց, ինչպես նաեւ պատասխանել սիրիական Համայի և Իդլիբի տարածքների վրա ռուսական օդուժի ուժեղացված հարձակումներին:

Ըստ հրապարակման, սրանից կարելի է անել հետեւյալ եզրակացությունը: Ռուսաստանի եւ Ուկրաինայի ու Արեւմուտքի երկրների միջեւ ճգնաժամում Թուրքիայի դերը դուրս է չեզոքության սահմաններից, որը կպահանջվեր Ուկրաինայում Մոսկվայի հատուկ գործողությունն ավարտելու հարցում հաջող միջնորդության, ինչպես նաև թուրքական արտաքին քաղաքական գծի  նպատակներին հասնելու համար: Այդ քաղաքական գծի հիմքն այն կենսատարածքն է, որը թուրքական պետության համար առաջատար դիրքեր է երաշխավորում միջազգային համակարգում:  

Այսպիսով, ամփոփում է հոդվածի հեղինակը, թուրքական պետության որոշումներում  որեւէ չհաշվեկշռվածությունը եւ շահագրգիռ երկրների իրար հակասող արձագանքը կհանգեցնի բացասական հետեւանքների: Եվ այդ ժամանակ Անկարան ազդեցիկ միջնորդից կվերածվի մի խաղացողի, որը կարող է ձախողվել՝ ռուսական պետության ու ՆԱՏՕ-ում իր դիրքի միջեւ հավասարակշռության քաղաքականության պատճառով:

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ