Փետրվարի 7-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց։ Թեեւ դատական համակարգում իրականացվող բռնաճնշումներին, ապօրինություններին դեռ անցյալ տարվանից են մեր երկրում գործող միջազգային կառույցները, դեսպանատները տեղյակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր փաստաբանները խնդրո առարկան ներկայացնելու համար հատուկ հանդիպել են նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, բայց՝ ոչ մի արձագանք։
Ավելին՝ ինչպես հայտնի է, հունվարի 27-ին ԵԽԽՎ-ում ընդունվեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձեւը, ու դրանից հետո ՀՀ իշխանությունների թուրն աջ էլ է կտրում, ձախ էլ։
Որքան էլ որ ընդդիմադիր գործիչները, փաստաբանները փորձեցին ոտքի հանել դատական համակարգի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, որ ոչ ոք ապահովագրված չէ վտանգներից. իշխանության կամքը չկատարող յուրքանչյուր դատավորի նույն հաշվեհարդարն է սպասվում, այնուամենայնիվ, հավաքական ընդվզում, պայքար չեղավ։
Որքան էլ դատախազությունը Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշումը չկապի քաղաքական պատճառների հետ ու առաջ քաշի դատավորի վարույթի այս կամ այն «ապօրինի» գործը, 5 տարեկան երեխային էլ պարզ է, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քաղաքական հալածանք է իրականացվում։ Նա կարողացել է գրավի դիմաց ազատ արձակել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխհամայքապետ Մենուա Հովսեփյանին, իսկ «Սիսական» ջոկատի հրամատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելն ուղղակի անգերազանցելի համարձակություն էր, որը լցրեց իշխանության գլուխ կանգնած անձի համբերության բաժակը։
Չէ՞որ ընդամենը 36 տարեկան դատավոր Բորիս Բախշիյանը հանդգնել էր Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնել, որովհետեւ նա 2021 թվականի դեկտեմբերի 3-ին կայացած դատական նիստին չի ներկայացել։ Մյուս ամբաստանյալը եւս բացակայել է նիստից, բայց քանի որ բացակայությունը հիմնավորող փաստաթուղթ է ներկայացրել, նրա նկատմամբ դատավոր Բախշիյանը կալանավորման որոշում չի կայացրել։ Իսկ քանի որ Նվեր Մկրտչյանն իր բացակայությունը հիմնավորող որեւէ տեղեկություն չի տրամադրել դատարանին, ուստի դատավոր Բախշիյանը նրա բացակայությունը համարել է անհարգելի եւ խափանման միջոց ստորագրությունը փոխարինել կալանքով, սակայն երբ հաջորդ նիստին ներկայացվել են Նվեր Մկրտչյանի բացակայությունը հիմնավորող փաստեր, դատավոր Բախշիյանը խափանման միջոց կալանքը փոխարինել է գրավի դիմաց նրան ազատ արձակելու որոշմամբ։ Իսկ որ ամենակարեւորն է, դատական ակտի օրինականությունը Նվեր Մկրտչյանի պաշտպանը չի բողոքարկել։ Ստացվում է, որ դատավոր Բորիս Բախշիյանի՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշումը չի բողոքարկվել, այսինքն՝ համարվել է օրինական, հաջորդ նիստին այդ որոշումը փոխվել է, բայց Բորիս Բախշիյանին կալանավորել են հենց օրինական որոշում կայացնելու գործով։
Իրավապահ մարմինները դեկտեմբերին տեղի ունեցած դատական նիստի արդյունքները, չգիտես ինչու, հիշել են փետրվարին՝ Աշոտ Մինասյանի՝ կանաքից ազատվելուց հետո միայն, ու դատավոր Բախշիյանի՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշումը, որը, կրկնում ենք, հաջորդ նիստին արդեն փոխվել էր, համարել են ապօրինի։
Դատավորի որոշման մասին, սակայն, այլ մեկնաբանություն ունի միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, որը հենց կալանքների մասին գրքեր է հեղինակել։ Նա նշում է. «Դատավորը դրա իրավունքն ունի։ Նա գնահատում է ամբաստանյալի վարքագիծը, վարքագծից բխեցնում այն, որ ամբաստանյալը հրաժարվում է մասնակցել դատական քննությանը, ինչը հիմք է, որ դատավորը խափանման միջոցը վերանայի։ Որպեսզի ապահովի ամբաստանյալի ներկայությունը դատական քննությանը, դատավորն իրավունք ունի կալանավորելու նրան»։
Հետաքրքրական է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը դատական նիստերից մեկին չի ներկայացել, քանի որ ԱԺ-ում կարեւոր հարցի քննարկումից չէր կարող բացակայել, եւ դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել էր իր որոշումը, որ եթե Արմեն Գեւորգյանը դատական հաջորդ նիստին չներկայանա, ապա բերման կենթարկվի։ Այստեղ հաշվի չէր առնվել անգամ պատգամավորական անձեռնմխելիության հարցը։ Իհարկե, բերման ենթարկելու անհրաժեշտությունը չեղավ, Արմեն Գեւորգյանը հայտարարեց, որ ինքը չի խուսափում դատական նիստերից, պարզապես աշխատանքի կարեւորության հարց է ծագել։
Ուրեմն դատավոր Դանիբեկյանին նման որոշում կայացնել թույլատրվում է, դատավոր Բախշիյանին՝ ոչ։
Բարձրագույն դատական խորհուրդը, բավարարելով ԱԱԾ-ի եւ գլխավոր դատախազի միջնորդությունը, Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցնելու համաձայնություն էր տվել։ Ինչպես նշվում էր նախապես, ԲԴԽ-ն տվել է նաեւ Բախշիյանին կալանավորելու համաձայնություն, սակայն պաշտպանը նշում է, որ նման փաստաթուղթ չկա։ Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշումը դատավոր Դավիթ Աղրամանյանն է կայացրել։
Այն, որ Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշումը կայացրեց հենց դատավոր Աղրամանյանը, նույն ինքը՝ հեղափոխության օրերի «դըմբ-դըմբ-հու»-ի հայտնի թմբկահարը, ոչ ոքի համար զարմանալի ու անսպասելի չէր, բայց այս ամբողջ պատմության ներքին ցանցը տանում է դեպի քաղաքական, միջանձնային հարաբերություններ։
Կծիկը քանդենք։
Մանվել Փարամազյանը պատերազմի ամբողջ ընթացքում Քաջարանը վերածել էր կազմ-պատրաստ բանակի. պաշտպանական գիծը լիովին նրա ձեռքում է եղել, դիրքերը՝ անառիկ։ Բացի այդ, նա զինվորներին մատակարարել է ամեն ինչով՝ սնունդ, զինամթերք, անհրաժեշտ պարագաներ։
Իսկ երբ պատերազմից հետո թշնամին սկսեց ուղղակի ներխուժել Սյունիք, Մանվել Փարամազյանը 18 կմ պաշտպանական գիծ կառուցեց։
Ահռելի քանակությամբ բետոն, երկաթե կառուցվածքներ են օգտագործվել, բլինդաժներ են կառուցվել։ Սյունիքն ունեցել է հզոր պաշտպանություն, մեր զինվորների դիրքերը եղել են ամուր, պաշտպանված, լավ կահավորված։ Ու Մանվել Փարամազյանն այդ ամենն արել է իր ընկերների, մտերիմների, սյունեցիների ջանքերով։
Իսկ ի՞նչ արեցին իշխանությունները դրանից հետո։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գնաց Սյունիք ու սյունեցիներին վերջնաժամկետ ներկայացրեց, որ բոլոր դիրքերը թողնեն ու հեռանան։ Այդպիսին էր կամքը միահեծան իշխանության «առաջնորդի»։
Սյունիքի համայնքապետերն ընդվզել են, հատկապես Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բավականին կոշտ է արձագանքել Վաղարշակ Հարությունյանի հրահանգին՝ նրան խորհուրդ տալով, մեղմ ասած, լքել Սյունիքը։
Սակայն 18 կիլոմետրանոնց պաշտպանական գծի վրա կանգնելու համար զորք էր պետք, միայն կամավորներով չէր լինի։ Ո՞վ կտար զորք, Պաշտպանության նախարարությո՞ւնը…
Ստիպված էին պաշտպանական գիծը պայթեցնել, հետո հանձնել թշնամուն, ինչն էլ սյունեցիներն արեցին, եւ իշխանությունները դրա համար նրանց չներեցին։
Ընդդիմացող բոլոր համայնքապետերի ու փոխհամայնքապետերի նկատմամբ, ինչպես գիտենք, դատական գործեր են հարուցվել։
Սյունիքը պաշտպանած, հայրենիքի համար կռիվ տված Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասով (խարդախություն), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառելը, ընտրողների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելը):
Կարճ ասած՝ հայրենիքը թուրքին չհանձնելու, հայրենիքը պաշտպանելու, սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով պաշտպանական գիծ կառուցելու համար է մեղադրվել ու բանտարկվել Մանվել Փարամազյանը, որին դատավոր Բորիս Բախշիյանը 2021-ի դեկտեմբերին 70 միլիոն գրավի դիմաց ազատելու որոշում կայացրեց։
Չնայած Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը քննությանը չի խոչընդոտել, սակայն նրա խափանման միջոցը փետրվարի 7-ին փոխվեց.Վերաքննիչ դատարանին հրահանգվեց նրան նորից կալանավորել՝ բեկանելով գրավի դիմաց ազատ արձակելու՝ դատավոր Բորիս Բախշիյանի որոշումը։ Կալանավորվեց նաեւ Փարամազյանին ազատելու որոշում կայացրած դատավոր Բորիս Բախշիյանը։
Մանվել Փարամազյանին կալանավորելու որոշումը կայացրեց դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, նա, ով ազատազրկեց Ռոբերտ Քոչարյանին ու Արմեն Չարչյանին, ում մակագրված է նաեւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործը։
Փետրվարի 9-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդույթունը։ Առուշանյանը 2021-ի հուլիսից բանտարկված է։
Նշենք, որ պաշտպանները 80 միլիոն դրամից ավելի գրավ էին առաջարկել ու դատարանին հայտնել, որ Առուշ Առուշանյանը, ազատության մեջ գտնվելով, չի խոչընդոտի քննությանը։
Փետրվարի 8-ին պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հարցրել էր դատավոր Ռուբիկ Մխիթարյանին. «Բորիս Բախշիյանի կալանավորումը կարո՞ղ է ձեզ կաշկանդել»։ Նա պատասխանել էր. «Որեւէ վախեր ներքին եւ այլն, ճնշումներ, չեն կարող լինել իմ նկատմամբ»։
Դատարանի մերժման որոշումից հետո Էրիկ Ալեքսանյանն արձագանքել է. «Դատավոր Մխիթարյան, հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ դու համարձակ չես։ Դե ապրիր այդ իրականությամբ»։