«Եթե զոհաբերության պատրաստ չենք»

472

Երեւանի պետական համալսարանում մի 85-ամյա կաղնի կա, որի արմատները Իրանի հա-րավարեւմտյան Աբադանում են, Արցախում, Հայաստանի, կամ` ավելի ստույգ` հայկական աշխարհի բոլոր անկյուններում: Բարձրահասակ ու թիկնեղ, Անդրանիկի եւ Վիլյամ Սարոյանի բեղերով, բոլորից առանձնացող այդ մարդու ժպիտը, բարեւը, խոսքն օրհնություն է, նրա ձեռքը` միշտ օգնություն բաշխող: ԵՊՀ- ում սովորողներիս համար, անկախ նրանից` պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը դասավանդե՞լ է, թե՞ ոչ, ուսուցիչ է: Նա առաջինն է բարեւում ուսանողներին, բարեւելիս նկատելի խոնարհում է գլուխը, որ սովորեցնում է հարգանք դիմացինի հանդեպ: Հատկապես ուսանող ժամանակ մեզ շատ «մեծ» էինք զգում այդպիսի բարեւ նվեր ստանալիս: Ուսուցչի այդ ընդգծված սերն իր սանի, իրենից կրտսերի հանդեպ, իմ կարծիքով, Քրիստոսի օրինակն է: Գուրգեն Մելիքյանը սերունդներ է կրթել, իսկ դրանք շատ են եւ կհաստատեն իմ նկատածը: Նա թթվածին է եղել քաղաքականության փոշու մեջ ապրելու կամքը չկորցրած հանրության` արցախահայության համար: Այսօր էլ ԵՊՀ նրա սենյակում գեղեցիկ ու խնամված բուսականության, գրքերի ու թղթերի կողքին Արցախ տարվելիք արկղեր են կիտված: Ֆիզիկապես` մի ոտքով միշտ Արցախ վազող այդ մարդն, ինչպես ինքն է ասում, ապրում է Պողոս առաքյալի թեւավոր խոսքով` «այն, ինչ տվեցիր, քոնն է հավիտյան, այն, ինչ պահեցիր, կորած է հավերժ»:

-Ես այդ սկզբունքով եմ ապրում եւ ինձ երջանիկ եմ զգում: Երբ դու քո ժողովրդի ցավերը տեսնում ես, փորձում ես մի կերպ դա ապաքինել, երջանիկ ես զգում քեզ: Մեծն Սաադին ասում է` (պարսկերեն է արտա- սանում, ապա թարգմանում) «թշվառությունից չէ, որ այս վիճակում եմ, եւ դալուկ է մարմինս: Թշվառների վիշտն ինձ այսպես դարձրեց»: Տեսե՛ք, ինձ մոտ ցուցակ է փախստականների, որոնց վերաբնակեցնում ենք: Ոմանք կով են ուզում իրենց առօրյա ապրուստը հոգալու, 7-8 երեխա ունեցողները լվացքի մեքենա են ուզում, սառնարան են ուզում, հեռուստացույց: Երբ ամեն վայրկյան մտածում ես այդ ընտանիքների մասին, դու գտնում ես այն բանալին, որը քեզ երջանկացնում է: Այդ դուռը դո՛ւ պետք է բացես եւ երջանիկ կզգաս:

Դարեհ Վշտասպն ասում է` երկիրս հեռու պահիր թշնամուց, ստից եւ երաշտից: Հավասարա- զոր են այս երեքը: Քեզ հավա- տացնում եմ` Արցախը մնալու է: Եւ Գեւորգն է մնայուն: Եւ իր գործն է մնայուն ( նկատի ունի ակտիվ համալսարանական Գեւորգ Արշակյանին, որ կամավոր մեկնեց Մատաղիս` ծառայության, ապա 2020-ի պատերազմի սկզբում կամավորագրվեց, անմահացավ Շուշին պաշտպանելիս): Դու արի այդ գյուղերը, մարդիկ ինչ պայմաններում` 7-8-9 երեխա ունեն:

Մենք չե՞նք դավաճանում Արցախին:

-Ո՛չ: Իշխանություններին թողնենք: Մարդիկ լվացքի մեքենա, կով են ուզում ապրուստի համար: Այս մարդկանց ձեռքները պիտի բռնենք, որ Գեւորգները հավերժ լինեն: Թե՛ քո համալսարանական հայրը, թե՛ Արշակյան Գեւորգը հավերժության մեջ չասեն` էս ի՞նչ եղավ մեզ հետ: Ինչու՞ ենք մենք այսպես:

Մեր ուսանողական տարիներին շատերն Արցախի տեղը չգիտեին: Թեպետ արցախահայեր սովորում էին մեր ԵՊՀում: Եւ Դուք մեր աչքի առջեւ ուսանողների հետ խումբ կազմած գնում էիք հայոց աշխարհի այդ եզերքը` ծառ տնկելու, ասել է, թե հողն արմատներով պահելու, երկիրը մերը դարձնելու, պտուղը հավաքելու: Ձեր մշակածն ու իրականացրածը բաց, հեռուն տեսնող ռազմավարություն էր: Ակնկալու՞մ էիք, որ մենք անկախ երկիր պիտի ունենանք, կարո՞ղ էիք դա կռահել այդ տարիներին, նաեւ այն, որ Արցախը պիտի ինքնորոշվեր:

-Ես չէի կասկածում: Առաջին ծառատունկը 1988-ին Մաճկա լաշենում ենք իրականացրել: Սահակ եւ Մեսրոպ բլուրների վրա. Ամարասի կողմը ծառատունկ ենք իրականացրել, Խորեն Պալյանն էլ մեզ հետ էր: Սիրով, իր երգով զարդարում էր: Դա վերելքի շրջան է եղել: Ուսանողներից շատերը ռազմաճակա- տում զոհվեցին: Պիտի հողը սիրես, զարդարես: Ասում են, երբ Շահ Աբասը 1604-ին հայերին տեղափոխում է Նոր Ջուղա, մեծ վեճ է լինում պարսիկների եւ հայերի մեջ: Շահը հարցնում է` ի՞նչ է պատահել: Պարսիկները բողոքում են, թե «նրանք մեր տնկիները գողացել, տարել են իրենց բակերը»: «Օ, ասում է, ձեր տնկիների փողը ես կտամ, հայերը մնում են, շնորհավորում եմ ձեզ»: Կարո՞ղ եք պատկերացնել: Այսինքն` ով ծառ է տնկում, նա գիտակցում է, որ դա ի՛ր հողն է: Պետք է շենացնել, պետք է զար- դարել: Մենք ավելի քան 10 հազար ծառ ենք տնկել: Հիմնականում` ընկուզենիներ: Այդ պուրակները, որ կան` Սամվելյան Դավթի պուրակն է, Վահագն Մահտեսի Հակոբյանցի պուրակն է, Սերժ Բաբայանցի պուրակն է, Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, Դուշման Վարդան պուրակն է, ասմունքի ութերորդ փառատոնի մասնակիցների, Թաթուլ Կրպեյանի, ԵՊՀ 90-ամյակի, 100-ամյակի, ՀՀ 25-ամյակի պուրակները զարդարում են այդ ճանապարհը: Չես պատկերացնի, թե այս տարի որքան բերք են տվել այդ պուրակների ծառերը: Մի կին մոտեցել էր ինձ, ասում էր` պարոն Մելիքյան, կարո՞ղ եք պատկերացնել, ես 60 հազար դրամի մուրաբայի ընկույզ եմ ծախել, չգիտեմ` ուրիշներն ինչքա՞ն: Այսինքն` մեր նպատակին հասել ենք: Մարդը կարողանում է իր ապրուստը հայթայթել:

Պարո՛ն Մելիքյան, դուք պատրաստեցիք արեւելագետների, դիվանագետների մի մեծ բանակ, որ 30 տարի շարունակ համարյա ոչնչից ստեղծեց ԱԳՆ: Շատերն ասում են, թե ռազմական հաղթանակ ունեցանք, բայց դիվանագետները չկարողացան այն ամրագրել: Դուք ի՞նչ կասեք:

-Անկեղծ ասած` այն դիվանագետներին, որ ես գիտեմ, նրանք այնպիսի՛ դպրոց են անցել, որ չէին կարող հնարավորությունը բաց թողնել: Երբե՛ք: Վերջին ժամանակներում մեր շրջանավարտներից մեկի հետ խոսում էինք այս հարցերի մասին, ասաց` պատահական չէ, որ ձեր դպրոցն ենք անցել: Այնքան ուրախացրեց ինձ այդ դիվանագետը: Ըստ երեւույթին դպրոցը միայն դասը չէ, տառը չէ, բանաստեղծությունը չէ, այլ կենսակերպն է: Աշխարհաքաղաքացի էի, երբ եկա հայրենիք, բայց երբ ավարտեցի Երեւանի պետա- կան համալսարանը, հա՛յ մարդ դարձա: Այն կուսակցությունը, որի շարքերում եմ եղել, այդպես էր մեզ դաստիարակում, բայց նաեւ` մա՛րդ լինել: Ես Իրանի կոմկուսի` «Թուդեհ»-ի մեջ եմ եղել: Հայրս 1933 թվականին էր Հայաստանից փախել, եւ դեռ փոքրուց, անընդհատ իմ եւ ինձանից տարիքով փոքր քույրիկիս ականջներում հնչում էր Հայաստան: Այդ բառով քնում եւ արթնանում էինք:

Արեւելագիտությունը միշտ հարգի է եղել արեւմուտքում, բացառիկ դեր է ունեցել: Եվրոպան միշտ գտել է մեր տեղը քարտեզներում: Թանգարաններում դա կարելի է տեսնել: 30 տարի կարողացա՞նք օգտագործել այդ հանգամանքը:

-Ցավոք սրտի` ոչ: Մեր հարեւան Իրանին չկարողացանք մեր կողմը պահել: Հակառակ այն բանի, որ 1957 թվականին Ստեփան Ալաջաջյանն ասում էր` «մեր փրկության դարպասը Պարսկաստանն է»: Իմաստուն պիտի լինես, որ սովետի փլուզումից առաջ այդ միտքն արտահայտես: Սա ամեն մարդու տրված չէ: Եւ մենք չկարողացանք դա օգտագործել` այդ հզոր հարեւանին:

Ինչո՞ւ: Դիվանագիտությո՞ւնը, թե՞ քաղաքականությունն էր կաղում:

-Թույլ տվեք ասել` քաղաքականությունն էր կաղում: Վստահորեն: Հատկապես վերջին շրջանում: Այսինքն` դու կողմնակից բարեկամ արդեն չունեիր: Սա սարսափելի է, չէ՞: Միայնակ մեկնում ես ռազմաճակատ: Ու քո թշնամին բազում երկրների հետ համագործակցելով, օգտագործելով նրանց զինուժը նաեւ, մտնում է քեզ հետ պայքարի: Այդ իմաստնությունը մենք չունեցանք, ցավոք սրտի:

Մի մտայնություն էլ կա` մեր ձգտումը, ավելին` փախուստը դեպի արեւմուտք: Արդյոք այդ հոգեմտավոր փախուստը, թե արեւելքցի չենք, դա՞ էլ պատճառ չդարձավ նաեւ:

-Դա էլ մեզ հարվածեց` վստա- հորեն: Մենք արեւելյան ժողովուրդ ենք: Մենք չենք կարող մեր ավանդական կենսակերպը անմիջապես փոխել էն գլոբալիզմի հետ, որը գոյություն չունի: Այդ դեմոկրատիան սուտ է: Դեմոկրատիան Կյուրոսի երկիրն է` Իրանը, որ ցայսօր, մենք լինելով քրիստոնյա, ապրում ենք այդ երկրում, եւ նրանք մեր վանքերն ու եկեղեցիները վերանորոգում են իրե՛նց միջոցներով: Սա չհասկացանք մենք: Մի եվրոպական երկիր ցույց տուր, որ քո վանքերից որեւէ մեկը վերանորորգել է: Ես ցույց տամ` սուրբ Ստեփանոս, Թադեի վանքը Պարսկաստանում, Ծործորի եկեղեցին ձորից տեղափոխեցին, որովհետեւ այնտեղ պիտի ջրամբար լիներ, եւ վերանորոգեցին:

Բայց սրան առնչվող մի տարբեր կարծիք էլ կա: Ոմանք ասում են` իսկ Շուշիի հարցում ինչու՞ անտարբեր եղան: Ինչո՞ւ հիմա էլ չեն հակադարձում, թե Շուշին ոչ թե Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է, այլ` որոշ հուշարձաններ, օրինակ մզկիթը պարսկական դրոշմ ունեն:

-Մզկիթը նորոգելու գումարը մենք չենք տվել, իրանցի վարպետներ եկան, եւ այդ հրաշք կոթողն այսօր շատ լավ վիճակում է: Իրանցիները գործով են ասում: Ապացույցը նրանց բանակի զորաշարժն էր, որ տեղի ունեցավ: Նորից մենք չօգտագործեցինք դա:

Պարո՛ն Մելիքյան, ասում եք, որ լավ արեւելագետներ, իրանագետներ ունենք: Քաղաքականության պատա՞նդն են եղել նրանք, մեր դիվանագետները, որ չեն հրատարակել իրենց` գրքի տեսքով խորհուրդները: ԵՊՀ հրատարակչությունը, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը բավարար հրատարակություններ դրե՞լ են մեր սեղանին` տարբեր լեզուներով, նաեւ` պարսկերեն, արտերկրում ներկայացրե՞լ են մեր դիրքորոշումը: Միշտ ֆինանսների անբավարարությամբ են պատճառաբանում:

-Լուրջ բացթողում է: Եթե դիվանագետները բերեին, մեր հիմնադրամը («Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը») սիրով կաներ:

Մենք ծույլ ենք եղել եւ բաց ենք թողել գիտական հրատարակությունները կարեւորելու գործը:

-Ես կարծում եմ` երկուստեք: Մեղավորությունը թե՛ դիվանագետների, թե՛ մեր կողմից է` գիտական աշխարհի, մեր հիմնադրամի: Կարող էինք տպագրել: Հիմա էլ շատ բան է պակասում, շատ աշխատանք կա անելու:

Դուք երբեք կռապաշտ չեք եղել: Որեւէ ժամանակ ձեր աշխատասենյակում որեւէ պաշտոնյայի լուսանկար փակցված չի եղել: Փոխարենը Մոնթե Մելքոնյանի նկարը անզիջում իր տեղն ունի ձեր սենյակի պատին:

-Մոնթեն այն եզակիներից էր, որ իրոք ոչինչ չէր ուզում. Ո՛չ գինու գործարան էր ուզում, ո՛չ հող էր ուզում,ո՛չ էլ` անձնական շենքեր: Մոնթեն ազատ հայրենիք էր ուզում: Միշտ Մոնթեի նկարն է այստեղ եղել: Բոլորը կարող են վկայել: Իշխանավորները երբ եկել են, տեսել են: Մենք պիտի շատ զգույշ վարվեինք նրա հետ, որ ցավոք սրտի, չարեցինք:

Պարո՛ն Մելիքյան, հարցս միգուցե ծանր պատասխան է ենթադրում. Ինչո՞ւ այսպիսի վիճակի հասանք: Ի՞նչ պիտի անենք:

-Բացթողումները բոլորի համար են: Բոլորս պատասխանատու ենք` թե՛ նախկին իշխանա- վորները, թե՛ այսօրվա` այսպես կոչված իշխանավորները: Ես նրանց որպես այդպիսին չեմ ընդունում: Երկիրը զոհաբերություն է սիրում: Ամեն մեկս պիտի պատրաստ լինենք այդ զոհասեղանին մոտենալու: Եթե դրան պատրաստ չենք` կկորցնենք ավելի շատ: Պիտի համախմբվենք, եւ ամեն ինչ ընկնելու է իր տեղը: «Սահման քաջաց, զէնն իւրեանց»: Վստա՛հ եղիր, մազաչափ չկասկածես: Գեւորգի մասունքները մեզ ուժ են տալու, մենք վեր ենք հառնելու, եւ լինելու է ազատ Արցախ` Հայաստանին միացած: Կամ` հայկական երկրորդ հանրապետությունը: