Ուրսուլա ֆոն դեր Լայենի Բաքու մեկնելը եւ Ռուսաստանի փոխարեն Ադրբեջանին՝ ԵՄ գազամատակարար նոր գործընկեր ընդունելը, գոնե պրագմատիկ Գերմանիայում, այդ երկրի մեդիայում, նաեւ սոցցանցերում քննադատության է արժանանում մինչ օրս։ Այդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ գերմանացի լրագրողները տարիներ ի վեր, իսկ վերջին շրջանում առավել մանրամասն՝ լուսաբանել են Իլհամ Ալիեւի կերտած ավտորիտար պետության՝ մարդու իրավունքները ոտնահարող փաստերը, բացահայտել խավիարային դիվանագիտության աննախադեպ արդյունավետ եւ ճկուն համակարգը, եւ այժմ ուղղակի չեն կարող մոռացության տալ նախ՝ իրենց աշխատանքը։ Անշուշտ նաեւ այն արժեքները, որ դավանում են, որ տարիներ ի վեր հորդորում են հարգել ուրիշներին։ Ազգությամբ գերմանացի Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի կարող ծանոթ չլինել հարազատ լեզվով հրապարակված այդ նյութերին, իսկ եթե որեւէ ընթերցող ծանոթ չէ դրանց, կամ՝ հիշողությունը մթագնել է, Ալիեւի հետ կնքած համաձայնագրի արդիական լրատվությանը կից հրամցվում են նաեւ արխիվային հրապարակումներ։ Երկու Ալիեւի կերպար չի մատուցվում՝ ավտորիտար էր, ժողովրդավար չի դարձել, նույն մարդն է, որի ձեռքը սեղմում էին եւ քննադատում՝ հորդորելով դառնալ արժեքակիր, իսկ հիմա ձեռքը սեղմում են եւ ասում՝ վստահելի գործընկեր։ Երկակի ստանդարտներ կիրառող եվրոքաղաքականության մասին գերմանական ԶԼՄ-ները ակնարկում են, բայց՝ դրան մեղմ մի բացատրություն, մեղայական է ավելանում՝ պրագմատիկ։
Պուտինն Ուկրաինայի դեմ, ասել է Եվրոպայի դեմ պատերազմը չի դադարեցնում, հետեւաբար ռուսական գազն արյունոտ է դառնում, եվրոպացիներին կջերմացնի ադրբեջանականը։ Քաջ գիտեն՝ նրանցն էլ արյունոտ է, բայց եվրոպացիների արյունը չէ դա։ Գերմանական առօրյա քննարկումներն ինձ հիշեցնում են մեր պատմությունը։ Ինչպես առաջին աշխարհամարտի տարիներին գերմանական ռայխկանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլլվեգն էր ձեւակերպել՝ «մեր միակ նպատակն է, որ Թուրքիան մինչեւ պատերազմի ավարտը մեր կողմնակիցը լինի, մեզ համար միեւնույն է, թե դրանից հայերը կկործանվեն, թե չեն կործանվի»։
Վերոհիշյալ թեման լուսաբանած գերմանական վերլուծական հոդվածաշարերում, մեր կարծիքով առանձնացավ t-online լրատվական առցանց պորտալը, որ հուլիսի 24-ին տեղադրեց Սոնյա Այհերթի ծավալուն հոդվածը։ Այն անդրադառնում է 2020-ի Ալիեւի սանձազերծած պատերազմին եւ ԼՂ խնդրին։ Ենթադրում ենք, որ հոդվածը ընթերցողների թիվը շատ կլինի, քանզի t-online -ը 2021 թվականից ի վեր գերմանական առցանց լրատվատիրույթում առաջատարն է այցելուների թվով։
Ստորեւ համառոտ ներկայացնենք այդ հրապարակման մեջ մեր դիտարկմամբ գլխավորը։
«Երբ ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մեկնեց Ադրբեջան, մեկ նպատակ ուներ՝ այդ երկրից ավելի շատ գազ ներկրել Եվրոպա, Ռուսաստանից կախյալությունը նվազեցնել, գրում է գերմանական t-online ի մեկնաբանը։ Հանդիպման ավարտին մտադրությունների մասին հայտարարությունը պարզաբանում է, որ Ադրբեջանը կամենում է մինչեւ 2027 թվականը նախկինի համեմատ երկու անգամ ավելի շատ գազ մատակարարել։ Սա ֆոն դեր Լայենի համար հաջողություն է։ Բայց, նկատել է տալիս հեղինակը, երկիրը ժողովրդավարության միջազգային վարկանիշային աղյուսակում ավելի վատ ցուցանիշ ունի, քան Ռուսաստանը։ Եւ՝ ԼՂ-ի համար Հայաստանի դեմ պատերազմում ռազմական սարսափելի հանցագործություններ է կատարել։ Սա ինչպե՞ս է համապատասխանում եվրոպական հիմնարար արժեքներին երբ դրանք ներառում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հարգանքը մարդու իրավունքների հանդեպ»։
«Գազի ճգնաժամի պատճառով ԵՄ բանակցային դիրքերը վատթարացել են», կարծիք է հայտնում Շտեֆան Մայսթերն՝ անդրադառնալով ԵՄ-ի ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նվազագույն չափանիշներին եւ ֆոն դեր Լայենի՝ Բաքվում դրանց մասին չբարձրաձայնելուն։ «Բաքվում գիտեն, որ ադրբեջանական գազը կօգտագործվի, եւ ԵՄ-ն այն կգնի՝ առանց մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունների»։ Կատարը կլինի, Սաուդյան Արաբիան, թե՞ Ադրբեջանը, այլ ելք չի մնում. Հումք արտահանող երկրների մեծ մասը, ավտորիտար են (միապետական), մեկնաբանում է Մայսթերը, որ «Ազգ»ի ընթերցողին ծանոթ է մեր հրապարակումներից, երբ դեռ Թբիլիսիում էր, երկու տարի ղեկավարում էր Հայնրիխ Բյոլ հիմնադրամը։ Այժմ Գերմանական ընկերակցության արտաքին քաղաքականության աշխարհակարգ եւ ժողովրդավարություն ծրագրի ղեկավարն է, Հարավային Կովկասի փորձագետ։
t-online -ի հոդվածագիրը նշում է, որ ԵՄ-ի Ադրբեջանին մերձենալու որոշումը սուր քննադատության է արժանացել, մասնավորապես խոսում են երկակի ստանդարտներ կիրառելու մասին։ «Թե՛ Պուտինի Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը «վստահելի գործընկեր» չեն։ Մենք մի բռնակալի գազը փոխարինում ենք մյուսով», t-online -ը ներկայացնում է Եվրոպառլամենտի կանաչների կուսակցության պատգամավոր Միշայել Բլոսսի թվիթերյան գրառումը։ Այնուհետ շարունակում է՝ փոխանցելով «Լրագրողներ առանց սահմանների» (ԼԱՍ) կազմակերպության ղեկավար Քրիստիան Միհրի տեղեկանքը՝ «Ադրբեջանը ԼԱՍ-ի մամուլի ազատության սանդղակում 180 երկրների շարքում 154-րդ տեղում է»։ Քննադատությունից անմասն չեն մնացել նաեւ Ձախերը։ Նրանցից Բունդեսթագի համանուն խմբակցության մարդու իրավունքների հարցերով խոսնակ Ժաքլին Նաստիչը «Նոյես Դոյչլանդ» թերթում այսպես է արտահայտվել «Միշտ հայտնվում են մարդու իրավունքները ոտնահարող նոր բռնակալներ, որոնցից էներգիա ենք ստանում»։ «Իլհամ Ալիեւի ղեկավարած Ադրբեջանը 2021-ին «Էկոնոմիստ» հանդեսի ժողովրդավարության վարկանիշային սանդղակում Ռուսաստանից էլ հետ է՝ 167 երկրների մեջ 141-րդ տեղում է։ Կրեմլի ռեժիմը 124-րդ տեղում է, սակայն վերոնշյալ ցուցանիշները Ուկրաինայի դեմ պատերազմից առաջ են», ամբողջացնում է t-online -ը։
«Բայց Ադրբեջանն էլ տարածքային բիրտ հակամարտության մեջ է ներգրավված. Խոսքը Լեռնային Ղարաբաղի՝ դե ֆակտո հանրապետության մասին է, որի հանդեպ հավակնություն ունեն թե՛ Ադրբեջանը, թե՛ հարեւան Հայաստանը։ Հայերի գերակշռմամբ բնակեցված ԼՂ-ի պատկանելիության վերաբերյալ դարավոր վեճ է եղել։ 1921-ին ԽՍՀՄ ղեկավարությունը ԼՂ-ն Ադրբեջանին է հանձնել։ Դրա դեմ բազմիցս բողոքի ցույցեր են եղել, մինչ 1980-ականների վերջը, երբ իրադրությունը սրվեց։ Տարածքի քրիստոնյա հայերը բաժանվեցին մահմեդական Ադրբեջանից։ Հակամարտության մեջ մտավ Հայաստանը, որ հանգեցրեց ԽՍՀՄ նախկին երկու հանրապետությունների միջեւ առաջին պատերազմին։ Հայաստանը ԼՂ զինուժի հետ տարածաշրջանում իր վերահսկողությունը հաստատեց։ 1994-ին հրադադարի վերաբերյալ պայմանագիր կնքվեց, որն Ադրբեջանը բազմիցս է խախտել»։
Հայերիս համար ակնհայտ է, որ ԼՂ հակամարտության ծագման մասին վերոբերյալ նկարագրությունը չի համապատասխանում մեր ճանաչածին՝ մասնավորապես չի հիշատակվում ինքնորոշման իրավունքի իրացումը։ Սակայն մեջբերված հատվածը, մեր կարծիքով տարբերվում է ցայժմ ներկայացված գերմանական այն կաղապարից, որ կցվում է ԼՂ-ին վերաբերող գրեթե բոլոր հոդվածներին։ Մանավանդ 44 -օրյա պատերազմից հետո չենք հանդիպել գերմանալեզու որեւէ տեքստ, որ արձանագրի « ԼՂ-ի դե ֆակտո հանրապետություն լինելը», կամ՝ 1921 թվականի ԽՍՀՄ ղեկավարության՝ Ադրբեջանին ընծայելը։ Կաղապար տեքստը միշտ ընդգծել է հետեւյալ ձեւակերպումը՝ «միջազգային իրավունքի տեսակետից ԼՂ պատկանում է Ադրբեջանին», որն այս վերլուծականում բացակայում է։ Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ ԼՂ հանրապետություն լինելու, դրա փաստականությունը՝ դե ֆակտոն ընդգծվում է այն ժամանակ, երբ նույնիսկ Հայաստանում են փորձում մոռանալ, ուրանալ դրա գոյությունը՝ նշաձող իջեցնելու պատվիրան մոգոնելով։
«Պատերազմ Լեռնային Ղարաբաղում. Ինչի՞ մասին է խոսքը» ենթավերնագրում հոդվածագիրը հակիրճ այսպես է շարադրում. «2020-ի օգոստոսին նորից պատերազմ բռնկվեց։ (Բնագրում հենց այդպես է գրված՝ օգոստոսին- Ան. Հ.)։ Թուրքիայի ռազմական սատարմամբ Ադրբեջանը սկսեց հարձակումը, որն ավարտվեց 6 շաբաթ անց՝ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարի համաձայնագրով։ Հայաստանը Ռուսաստանին պատմականորեն է պաշտպան տերություն համարում, թեեւ Մոսկվան ուշ միջամտեց հակամարտությանը։ Համաձայնագով տարածաշրջանի երկու երրորդը նորից Ադրբեջանին է տրվում, որի համար էլ սա երկրի հաջողություն է դիտարկվում։ Ռուսական զինուժն այժմ պետք է վերահսկի համաձայնագրի իրագործումը, այդու դառնալով անվտանգության երաշխավոր։ «Առանց ռուսական ներկայության Ադրբեջանը կնվաճի վիճարկվող տարածքը», հարավկովկասյան երկրների փորձագետ Մայսթերի կարծիքն է ներկայացնում t-online գերմանական լրատվական պորտալի հոդվածագիր Սոնյա Այհերթը։
«Մարտեր ԼՂ-ում, բանակցություններ Մոսկվայում եւ Բրյուսսելում» ենթավերնագրված հատվածը լուսաբանում է այն տխուր իրականությունը, որ Ադրբեջանը խնամքով թաքցնում կամ կեղծում է, այն է՝ պատերազմը չի վերջացել։ «Ի հեճուկս պաշտոնապես հայտարարված հրադադարի, մարտեր դեռ ընթանում են։ Նոյեմբերին սահմանագոտում զոհվեցին նվազագույնը 6 հայ եւ 7 ադրբեջանցի զինվոր։ Դեկտեմբերին Պուտինը Ալիեւին եւ Փաշինյանին Մոսկվա հրավիրեց։ Նույն ամսվա մեջ ԵԽ նախագահ Շառլ Միշելը հանդիպում նախաձեռնեց։ Մարտին նորից բռնություն եղավ՝ 3 հայ զինվոր զոհվեց անօդաչուի հարձակումից։ Հայաստանից մեղադրեցին, թե ադրբեջանական զորքը մտել է ռուսական խաղաղապահների վերահսկվող տարածք, որ արգելված է ( No-Go-Area) հակամարտող կողմերի համար։ Մոսկվան նորից կոչ արեց հրադադար պահպանել, մինչդեռ ռուսական զորքը վաղուց ներխուժել էր Ուկրաինա»։
«Ուկրաինա ներխուժումը առավել անկայուն է դարձրել իրավիճակը ԼՂ-ում, կարծիք է հայտնում քաղաքագետ Մայսթերը եւ շարունակում՝ տեսան, որ Ռուսաստանը պատրաստ է հետխորհրդային երկրներ ներխուժման։ Սա Ադրբեջանին ու Հայաստանին, նաեւ Վրաստանին ուղղված հստակ ազդանշան է։ Եթե Ռուսաստանից հեռու լինի ձեր կողմնորոշումը, ձեզ էլ նույնը կսպառնա, ինչ Ուկրաինային»։ Բացի դրանից, նկատել է տալիս քաղաքագետը, Ռուսաստանը ջոկատներ է դուրս բերել ԼՂ-ից՝ Ուկրաինայում տեղակայելու համար։ «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ մտածում է իրավիճակն օգտագործել՝ ավելի շատ տարածքներ նվաճել», մեկնաբանում է Մայսթերը եւ զգուշացնում՝ այս վտանգը դեռ չի կանխվել։ Իսկ վերլուծության հաջորդ պարբերության մեջ ընդգծում, թե «երկար ժամանակ է, որ խաղաղությունն այսքան հավանական չի եղել։ Այնուամենայնիվ միջազգային ջանքերը կարծես արդյունավետ են։ Ապրիլի սկզբին Ալիեւն ու Փաշինյանը պայմանավորվեցին ԵՄ միջնորդությամբ պայմանագիր կնքել։ Վաղուց խաղաղ համաձայնագրի հավանականությունը (այսքան մոտ չէր թվացել), կարծիք է հայտնում Շտեֆան Մայսթերը։ Սակայն երկու կողմից էլ մեծ է որեւէ զիջում չընդունելու ներքաղաքական ճնշումը։ «Իրադրությունը կարող է որեւէ պահի նորից սրվել։ Հավասարակշռելու գիծը շատ նուրբ է այս պահին», նկատել է տալիս քաղաքագետը։
Հոդվածագիրը իրազեկում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դիմել են ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ միմյանց մեղադրելով ի թիվս այլ հանգամանքների, նաեւ ռասիստական խտրականության համար։ «Ադրբեջանի նախագահը պատերազմի ժամանակ չէր թացնում հայերի հանդեպ իր ատելությունը։ Պարծենալով իր զորքի առաջխաղացմամբ՝ նա հայերին բազմիցս է անվանել «շներ», «առնետներ»։ 2020 թվականի հոկտեմբերի ելույթում Ալիեւն այսպես է արտահայտվել՝ «Մենք նրանց հիմա կքշենք, շների նման կորսանք նրանց»։
«Հայաստանը հարեւան երկրին մեղադրում է ռազմական հանցագործություններ կատարելու համար։ ԼՂ-ում արձանագրվել են երկու կողմի հանցագործությունները, դրանց թվում՝ խաղաղ բնակչության վրա հարձակումները եւ ռազմագերիների խոշտանգման դեպքերը։ Առանձնահատուկ ուշագրավ են եղել այն տեսանյութերը, որ ցույց են տալիս ինչպես են զինվորները բիրտ ուժ կիրառում բանտարկյալների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ», պարզաբանում է գերմանացի հոդվածագիրը՝ Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարման այլ օրինակներ հավելելով։ Human Rights Watch կազմակերպության ներկայացրած անցյալ տարվա տվյալներն էլ փաստում են, որ այդ երկրում ընդդիմադիրներին հետապնդում են, հալածում, կալանավայրերում խոշտանգում, կանանց հանդեպ բռնության դեպքերը շատ են, կարծիքի ազատությունը սահմանափակված է»։
«Երկու պատճառ կա, թե ինչու է ԵՄ-ն Ադրբեջանին համարում ավելի հարմար գործընկեր, քան Ռուսաստանին, բացատրում է քաղաքագետ Մայսթերը. «Առաջինը՝ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չի վարում ԵՄ-ին անմիջականորեն դրացի երկրի դեմ և հիմնովին կասկածի տակ չի դնում եվրոպական անվտանգության կարգը»։ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը տեղական է, համեմատելի չէ Ուկրաինայի վրա ռուսական հարձակման հետ։ (Ի՞նչ է սա՝ ցինիզմ, թե՞ պրագմատիզմ։ Եթե ոչ առաջինը, ապա մարդկային ողբերգության՝ արհավիրքի հարաբերականացում, որ նույնպես պատժելի հանցակազմ ունի- Ան. Հ.) «Երկրորդ՝ Ադրբեջանն արդեն նավթի և գազի կարեւոր մատակարար է Եվրոպայի համար և կարող է դառնալ նաև Կենտրոնական Ասիայից հումքի կարեւոր տարանցիկ երկիր»։
«ԵՄ-ն պետք է հաշվարկի իր կախվածությունը ավտոկրատ երկրից. Միշտ կախյալ են դառնում, երբ հումք են գնում երկրներից կամ խողովակաշարեր կառուցում երկրների միջով։ Սա է ռիսկը», իր տեսակետն է մատուցում Հարավային Կովկասի հարցերի փորձագետը՝ հատուկ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի մասին էլ է։ Որովհետև հարավային գազային միջանցքը՝ ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից մինչեւ Իտալիա հասնող խողովակաշարերի համակցությունն անցնում է ԵՄ-ին հարևան երկրի տարածքով։ «Այսպես Էրդողանն էլ է շահում, նշում է Մայսթերը։ Թուրքիայի նախագահն ուզում է, որ տարածաշրջանի գազը ինքը բաժանի։ Երբ բանակցային լավ դիրք է ունենում, Էրդողանն օգտագործում է»։
«Մեկ այլ բան էլ է ամրապնդում Էրդողանի բանակցային դիրքերը՝ գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ-ի համար ադրբեջանական գազը գալիս է Շահ Դենիզ հանքավայրից։ Չնայած այն կառավարվում է բրիտանական BP խմբի կողմից, սակայն թուրքական պետական TPAO ընկերությունը 19 տոկոսով երրորդ խոշոր բաժնետերն է։ «Լուկօյլ»-ի դեպքում 19,99 տոկոսը ռուսների ձեռքերում է, սակայն կոնցեռնը պետական չէ։ Նույնիսկ պատերազմը սկսվելուց հետո «Լուկօյլ»-ի վարչությունը շարունակում էր քննադատել Կրեմլին։
Վերլուծականը չի շրջանցում նաեւ Մոսկվա-Բաքու առնչությունները։ Կրեմլը դեռեւս ազդեցություն է բանեցնում Ադրբեջանի վրա, նույնիսկ եթե այն չի ցանկանում կախյալ լինել Ռուսաստանից։ «Ադրբեջանի տեսանկյունից Ռուսաստանը անվտանգության կարեւոր դերակատար է տարածաշրջանում, որն անտեսել չի կարելի», մեկնաբանում է Մայսթերը։ Քաղաքագետի կարծիքով, այդ է պատճառը, որ Ադրբեջանը պաշտոնապես չի սատարում Ուկրաինային, թեպետ անուղղակի՝ հումանիտար եւ ֆինանսական օգնություն ցուցաբերում է։ Ադրբեջանը չի ցանկանում սադրել Ռուսաստանին, նրա նպատակը հավասարակշռված արտաքին քաղաքականությունն է Թուրքիայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ։ Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ԵՄ-ի հետ գազային համաձայնագրից առաջ, կասպյան հնգյակը՝ Թուրքմենստանը, Ղազախստանը, Իրանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը սերտ համագործակցություն կնքեցին, Մայսթերի դիտարկումն է փոխանցում t-online-ի ծավալուն վերլուծականը, որն ավարտվում է հետեւյալ եզրահանգմամբ՝ Ադրբեջանի նախագահն իր դերի մեջ է՝ ոչ միայն Ուրսուլա ֆոն դեր Լայենին, այլ Պուտինին էլ ժպտում է, նրանց ձեռքը սեղմում։ ԵՄ-ն այս բոլորը պիտի հանդուրժի, այնքան ժամանակ, քանի դեռ գազն իր համար առավել կարեւոր է։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա