«Դիմադրություն» շարժման նման գործընթացներ Հայաստանում քիչ են եղել. Իշխան Սաղաթելյան

46

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ ու այս օրերին Երեւանում մեկնարկած անհնազանդության, բողոքի ակցիաների համակարգող Իշխան Սաղաթելյաննասում է, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ «Դիմադրություն» շարժման ծավալի, տեւողության ու զանգվածայնության նման գործընթացներ քիչ են տեղի ունեցել: Նա այն վստահությունն ունի, որ մեկ ամսից ավելի փողոցային պայքար են տանում, բայց շարժումը չի մարում, չի կոտրվում: Հաստատում է, որ, այո, օրեր լինում են, երբ ցրտի ու անձրեւի պատճառով մարդկանց հոսքը քիչ է լինում, բայցեւ շտապում է հիշեցնել՝ ակցիայի մասնակիցների թիվը ընդհուպ մի քանի տասնյակ հազարն է հատել:

— Սա գործընթաց է «նոնստոպ» ռեժիմով, մենք կանգ չենք առնում, հետեւաբար մարդկանց հոսքը մի օր ավելի կլինի, մի օր՝ պակաս, բայց ակնհայտ է, որ այս շարժումը չի մարելու: Քաղաքացիների ընդգծված համախմբում կա, իսկ մենք հետքայլ չենք անելու: Ինչ վերաբերում է հրապարակի պարունակությանը, ապա այդ մասին արտահայտվել ու ասել եմ՝ թեման փակված համարեք, որովհետեւ այն քննարկելու իմաստ չեմ տեսնում: Մեր գլխավոր նպատակներից մեկը համընդհանուր համախմբում, ոչ թե պառակտում ստեղծելն է: Եթե խոսքը կոնկրետ անունների կամ «օդիոզ» դեմքերի մասին է, որ ինչ-որ կերպ հայտնվում են հրապարակում, ապա ասել ու այժմ էլ ընդգծում եմ ՝ նրանք ապագայում որեւէ ներկայացվածություն կամ ազդեցություն չեն ունենալու հաջորդ իշխանության մեջ:

Մարդիկ կոնկրետ անուններ են ուզում լսել՝ ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, ովքե՞ր են ներգրավված լինելու ստվերային կառավարության մեջ:

— Այստեղ որեւէ մեկը չի եկել ինչ-որ մեկին իշխանության բերելու համար: Մենք ասում ենք՝ վերկուսակցական շարժում է սա, ու հաջորդ իշխանությունը մեկ անձի ու կուսակցության կառավարություն չի լինելու: Օգտվելու ենք բոլորի, հայ ազգի կարող ուժերից: Ասում են՝ ովքե՞ր են նրանք, պատասխանում ենք՝ ավելի քան 200 անհատներ, որոնք հասարակությանը հայտնի, փորձառություն ու համապատասխան գիտելիքներ ունեցող մադիկ են: Նրանք մեր կողքին ու մեր շուրջն են ապրում: Հիմա եթե սկսեմ անուններ տալ ու քննարկել, ապա դա մեզ ուրիշ տեղ է տանելու: Դրանք այն մարդիկ են, որ որեւէ պատմության ու միջադեպի մեջ չեն հայտնվել, հասարակության մոտ հեղինակություն ունեն:

Բայց մարդիկ հաճախ հենց լիդերի հետեւից են գնում:

— Մարդիկ հրապարկում են հանուն Արցախի, հանուն հայ մարդու անվտանգության ու վաղվա օրվա: Այստեղ որեւէ մեկը որեւէ մեկի համար չի գալիս, բոլորը հավաքվել են մեկ ընդհանուր գաղափարի համար՝ երկիրը հանել ստեղծված իրավիճակից: Բնականաբար, դա մարդկանց միջոցով պետք է լինի: Մեզ ասում են՝ ծրագիր չունեք, բայց մենք թե՛ ծրագիր ունենք, թե՛ դա իրագործող համապատասխան մարդիկ կան:

Չե՞ք հապաղում թե՛ մարդկանց, թե՛ ծրագիրը ներկայացնելու հարցում:

— Բացարձակ, որովհետեւ մեր նպատակը պայքարն ավելի ընդլայնել ու այն ավելի համաժողովրդական դարձնելն է: Հուսախաբ են լինելու բոլոր նրանք, որ կարծում են, թե սա մարելու է: Չի՛ մարելու, որովհետեւ այս մարդկանց աչքերին նայեք ու տեսեք՝  կմարի՞ այն երբեւէ, թե՞ ոչ: Մեր խնդիրն է, որ սառնասրտորեն, առանց շտապելու, ուժ հավաքենք ու կազմակերպված առաջ գնանք: Իսկ այդ ամենը կարողանում ենք անել, եւ դա փաստ է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ