Դե որ քաղաքական ճգնաժամ չկա՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կփրկի

66

Մեր վերլուծական դաշտը նմանվել է արեւելյան բազմագույն շուկայի, որտեղ մրգի, բանջարեղենի վառ, ծիածանի երանգները, համեմունքների թունդ հոտը գլուխ են պտտում, իսկ տեղից ելածի հնչեցրած «ինքնատիպ» տեսակետների քաոսը հիշեցնում է առեւտրականների խառնաձայնը, որից որեւէ բան հասկանալ եւ ապրանք ընտրել հնարավոր չի լինում: Մեր փորձագիտավերլուծական հանրույթը ճիշտ այն պատկերն ունի, ինչ լրատվականը՝  նրանք քաղաքական դաշտի հայելային անդրադարձն են, ու նրանցից օգնություն սպասել Հայաստանի համար այս դժվարագույն իրավիճակում դժվար է, եթե չասենք՝ անհնար: Մինչդեռ այդպես չպետք է լիներ, քաղաքական շահերին պետք է հակադրվեին անկախ փորձագետներն ու վերլուծաբանները՝ գտնելով շահերից չաղավաղված ուղիերը: Ու ողջ վերլուծական խառնաձայնը համարյա սպասարկում է այս կամ այն կողմին, հայության ընդհանրական շահն անտեսելով:

Երբ առաջ գան այս կամ այն կողմից եւ արտաքին աղբյուրներից չսնվող (սա ամենաահավորն է) փորձագիտական շրջանակներ, որոնք խնդիր կդնեն ոչ թե հանրությանը քարոզչությամբ ապակողմնորոշելու, այլ նրա աչքերըը բացելու, դա նշան կլինի նրա, որ Հայաստանում սկսվում է ձեւավորվել այն էլիտան, որ կկարողանա իրավիճակ փոխել: Որքան էլ ցավալի է՝ դա առայժմ չկա, եւ առկա է վերը մեր նկարագրած վիճակը, մինչդեռ իրադարձությունների բուռն ընթացքն աշխարհում եւ Հայաստանի շուրջ, կարող է եւ չսպասել, մինչեւ Հայաստանում ձեւավորվի երկրի ճակատագրով իրոք մտահոգ նոր էլիտան:

Լսում էի Ռոբերտ Քոչարյանին ու մտածում, որ շատ բան նա ճշգրիտ ձեւակերպում է, կառավարման նրա փորձը հուշում է իրականության ամենափաստարկված ձեւակերպումները գտնել, սակայն չնայած դրան՝ իշխանության վարկանիշի անկմանը զուգահեռ, չգիտես ինչու նրա ու նրա ղեկավարած ընդդիմության վարկանիշը չի աճում, ժողովրդի մեծ մասն ինչպես նրան չէր համակրում՝ շարունակում է այդպես չհամակրել: Մեր հրապարակման հաջորդ վերնագրի նյութն արդեն գրվել էր՝ երբ տեղի ունեցավ Ռ. Քոչարյանի ասուլիսը, որտեղ նա բացատրում էր, թե ինչու իր գլխավորած «Հայաստան» դաշինքը չի մասնակցում 44 -օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին: Ըստ նրա՝ այդ հանձնաժողովի ֆորմատը չի լուծելու երկու գլխավոր խնդիրները՝ չի վերականգնելու հանրային վստահությունը եւ չի բացահայտելու պարտության հանգամանքները: Եւ առաջարկ արեց, որը նրա գլխավորած ուժը շուտով շրջանառության մեջ կդնի՝ օրենսդրությամբ ստեղծել հանձնաժողով, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի շրջանակում չի լինի եւ ավելի վստահություն ներշնչող կազմավորման կարգ կունենա: Սա մտապահեք՝ մեր հրապարակման հաջորդ ենթավերնագիրը հենց քննիչ հանձնաժողովի մասին է:

Առայժմ հիշատակենք Քոչարյանի մի քանի այլ տեսակետներ, որոնք նորություն ունեին: Թե ինչու ՀՀ նախագահի թեկնածու չի առաջադրում ընդդիմությունը՝ Քոչարյանը նկատեց, թե չեն ուզում բեմադրության դեկորացիա լինել, եւ էլի հակադարձ առաջարկ արեց. Վահագն Խաչատրյանը, որպես ոչ անաչառ եւ ոչ ազգային խնդիրներով շահագրգիռ թեկնածու՝ հրաժարական է տալիս, նրա փոխարեն առաջադրվում է Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող սրբազաններից մեկը, ըստ նրա՝ դա ե՛ւ վստահության ե՛ւ ազգային նկարագրի կոմպրոմիս կլիներ:

Ավելի տարօրինակ առաջարկ չենք լսել՝ կրոնական գործչին բերել-խառնել աշխարհիկ գործերին, բացի այդ, վստահության առումով եւս խիստ կաղացող առաաջարկ: Բայց այդ առաջարկին գնահատականների պակաս չի լինի՝ առայժմ բավարավենք տարօրինակ գնահատականով: Հայ-թուրքական սահմանի բացմանը Քոչարյանը դեմ չէ, բայց հայկական շուկան ու գյուղացուն պաշտպանելու հաշվարկված միջոցառումների պարագայում միայն: Խաղաղության պայմանագրի ստորագրումն այս պահին վտանգներ ունի իր մեջ, դրա ձգձգումը Հայաստանի համար շահավետ կլիներ, եթե բանակն ուժեղացվեր, բայց դա տեղի չի ունենում: Զորքի հայելային հետքաշումը տարածքային կորուստների պատճառ կարող է լինել, բացի դա՝ սա շարքային-հերթապահ առաջակ է, որ միշտ նման դեպքերում անում են: Հայաստանում այս պահին ներքաղաքական ճգնաժամ չկա, կա ամեն ինչի ճգնաժամ, որոնք ի վերջո կբերեն դրան, բայց հիմա այն չկա, իսկ ընդդիմությունը կակտիվանա, եթե իմանա, որ դրանով արդյունք է գրանցելու: Փողոցը պետք է ակտիվանա՝ ներկա իշխանության հեռացնելու, այլ ոչ թե Քոչարյանին իշխանության բերելու: Դե իսկ այն հանգամանքը, որ ժողովուրդն այդպես էլ չի ակտիվանա ներկա ընդդիմությամբ՝ սա իրեն ուղղված հարց բանախոսը չէր համարում:

Սա՝ իմիջիայլոց, քանի որ ստորեւ քննարկվող ԱԺ քննիչ հանձնաժողովի թեման ընդդիմություն-իշխանություն տիրույթում է:

Այն է՝ Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը ստեղծում է ԱԺ քննիչ հանձնաժողով, որն ընդդիմությունը բոյկոտում է: Մեծամասնության ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ընդդիմությունը չի ուզում աշխատել, ընդդիմությունն ասում է՝ իշխանությունն արդեն մեղավորներին նշանակել է՝ դրանց ընդդիմության եւ նախկինների շարքերում տեսնելով, ի՞նչ իմաստ ունի մեղավորների նշանակման գործընթացը լեգիտիմացնել:

Ի՞նչ նպատակ է դրել Աժ քննիչ հանձնաժողովը

Ինչո՞ւ է ստեղծվում 44 -օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը: Ի՞նչ է քննելու (ընթերցել ենք հանձնաժողովի առաջ դրված հարցերի շրջանակը նշող կետերը), արդյոք դիտարկելո՞ւ է այն ենթադրյալ տեսակետը, որ պատերազմը կարող էր խաղարկված լինել՝ աշխարհի երկու բեւեռների բախման համատեքստում եւ այդ բեւեռներից մեկին տարածաշրջանից դուրս մղելու նպատակով: Կամ՝ որ պատերազմը հրահրվել է: Արդյոք քննվելո՞ւ է, թե ինչո՞ւ «Իսկանդերը» չխփեց ադրբեջանական նավթամուղին, որով պատերազմն անմիջապես կանգ կառներ, ինչո՞ւ ծածկված չէր օդը, որը պատճառ դարձավ հազարավոր հայ զինվորների կորստյան, կամ՝ ինչո՞ւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չի կործանել Գյանջայի օդանավակայանը (ծիծաղից մեռանք Ալիեւի ախմախության վրա՝ Արայիկ Հարությունյանն առանց Հայաստանի հրահանգի կարող էր Գյանջայի օդանավակայան կործանե՞լ կամ չկործանե՞լ): Արդյոք քննելո՞ւ է, թե պատերազմական արհավիրքների ու ողջ պարտության ո՞ր տոկոսն է պայմանավորված եղել հայ սպայակազմի՝ վերպետական կառույցներից եկող ազդեցություններով (դե որ լրտես եք բռնում՝ ինչ- որ միջին օղակների խեղճերին հայրենիքի դավաճանության մեջ մեղադրելով, բա ռուսական ռազմական ղեկավարությանն ավանդաբար ուղիղ կապված հայ գեներալիտետի գործողությունները պարտության դրվագներով ստուգելո՞ւ եք, թե՞ վստահ եք, որ ամեն գործողության ժամանակ միայն ճիշտ ,միայն հայկական , եւ ոչ թե ռուսական շահերից բխող, վերպետական հրահանգներ են եկել): Կամ կարողանալու ե՞ք իրոք ստուգել, թե պատերազմի կառավարման ո՞ր աստիճանի փնթի ու ոչ կոմպոտենտ ղեկավարում է եղել, ախր ԱԺ պաշտպանության, անվտանգության հանձնաժողովը, որի անդամներով հիմա քննիչ հանձնաժողով է կազմվում, վերջին դերակատարությունը չպետք է ունենար պատերազմի ընթացքում:

Հարցերը շատ են:

Եթե այս բոլորը չեն քննվելու, եթե ընդդիմությունն ինքն է ուզում ղեկավարել քննիչ հանձնաժողովը, որ առանց անհարմար հարցերը քննարկելու մեղքն ուղղակի բարդի իշխանության վրա, իսկ իշխանական անդամներով լցոնված քննիչ ԱԺ հանձնաժողովն էլ մեղավորներին փնտրի ընդդիմության ու նախկինների շրջանակում, ապա նման հանձնաժողովը որեւէ ծառայություն չի կարող մատուցել հանրությանը՝ փաստերն աղավաղելուց բացի: Այդպիսի հանձնաժողով հանրությանը պետք չէ (գոնե այս պահին՝ մինչեւ անաչառ հանձնաժողովի գոյությունը հնարավոր լինի)՝ եթե ինչ-որ նեղ շերտերի շահն է սպասարկելու, ըստ այդմ աղավաղելով փաստերը: Ուրեմն այդպիսի հանձնաժողով ստեղծելու ժամանակը դեռ չի եկել, որքան էլ հանրության մեջ առկա բազմաթիվ հարցեր պատասխանի կարիք ունեն: Իսկ միգուցե, իրոք, պետք է սպասել պատերազմի դրվագներով քրեական գործերի ավարտին, ինչպես «Պատիվ ունեմ» դաշինքից Տիգրան Աբրահամյանն է ասում, չնայած որ այդ քրեական գործերի քննությունն էլ վստահություն չի ներշնչում:

Դե իսկ եթե, այնուամենայնիվ, պետք է քննիչ հանձնաժողովը գործի, ապա ընդդիմության հայտարարած բոյկոտն ուղղակի անիմաստ է դառնում, իսկ Ռ. Քոչարյանի ասած օրենսդրական նախաձեռնությունը մեծամասնությունը չի ընդունի: Մյուս կողմից՝ եթե հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքը հանրությանը չի ներկայացվելու, հանրությունը չի ստանալու իր հարցերի պատասխանը, ինչպես Ապրիլյան քննիչ հանձնաժողովի դեպքում էր, ապա ո՞ւմ համար է արվելու նախատրամադրված հանձնաժողովականներով քննությունը: Ընդհանրապես՝ հանրությանը պետք չէ իշխանությանը կամ ընդդիմությանը մաքրող հանձնաժողով:

Ընդամենը հիշեցնեմ հոկտեմբերի 27-ի գործի քննությունը, չնայած արդարացիորեն կարող են հնչել հակափաստարկներ, որ համեմատությունը, որպես անալոգ, հաջող չէ: Սակայն ուղղվածության առումով այս համեմատության մեջ ռացիոնալ հատիկ կարելի է տեսնել: Եթե որեւէ մեծ պետության հատուկ ծառայությունները կարող էին մասնակցություն ունենալ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, որպես Հայաստանում քաղաքական գործընթացների կազմակերպման եւ ուղղորդման մաս, ուրեմն նաեւ իրենց պարտականությունների մեջ պետք է տեսնեին նրա կազմակերպիչների բացահայտմանը խոչընդոտելը, որը եւ մենք տեսանք տարիների ընթացքում: Չի կարող պատահել, որ մեր իրավապահ համակարգը դուրս եկած չլիներ հոկտեմբերի 27-ը կազմակերպող շրջանակների վրա: Եթե դա չի բացահայտվում, ուրեմն մենք գործ ունենք այնպիսի հզոր շրջանակների հետ, որոնց դեմ դուրս գալ Հայաստանի իրավապահ համակարգը չի կարող: Բա դրանից հետո ո՞նց կարելի է պնդել, որ աշխարհաքաղաքական խնդիրներ լուծող, ազդեցությունների դասավորություն փոխող վերջին պատերազմի հանգամանքները բացահայտվելու են, ու այստեղ թույլ տվեք համաձայնել ընդդիմության հետ, որի կարծիքով միջին օղակներից մարդիկ են գտնելու ու պարտությունը դուրս գրեն նրանց վրա: Բայց ընդդիմությունը մինչեւ վերջ ազնիվ չէ, որ իր կասկածների աշխարհաքաղաքական հետքի մասին խոսի, ինչպես եւ իշխանությունը:

Եւ նորից տանք հարցը՝ այս երկուստեք խոցելի, երկուստեք շահագրգռություններ ունեցող ընդդիմության եւ իշխանության պարագայում ո՞ւմ է պետք իրականում ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը: Միգուցե հենց նույն վերպետական շրջանակներին՝ զբաղեցնելով հայ հանրության միտքը, մինչեւ աշխարհաքաղաքական խնդիրների լուծում, այժմ էլ քննիչ հանձնաժողովի զգայացունց բացահայտումներով (դե գոնե դրանց հրապարակայնության անհնարինության պարագայում՝ հարկավոր ԶԼՄ-ներում հարկավոր արտահոսքեր կազմակերպելով) ապահովելով այն տեսարանները, որոնք անհրաժեշտ են աշխարհաքաղաքական այս մեծ լարումների ժամանակ, թույլ չտալով հայ հանրությանն ինքնակազմակերպվել եւ հասկանալ անելիքը: Չէ՞ որ իսկի աշխարհը չգիտի՝ ի՞նչ կլինի վաղը, ու աշխարհի բեւեռների բախումը, կամ, ընդհակառակը, առեւտրով համաձայնությունների ձեռքբերումը դեռ ժամանակ է պահանջելու:

Այն ժամանակը, որից հետո բեւեռներից յուրաքանչյուրի դիրքավորումը մեր նման փոքր երկրների համար ճակատագրական է լինելու: Ոչ ոք դեռ չի հասկանում՝ ռուսները Բայդենին ու աշխարհին ուղղված իրենց անվտանգության պահանջների չկատարման արդյունքում գնալո՞ւ են ծայրահեղ քայլերի, կամ Բայդենի կես քայլ նահանջը ռազմավարակա՞ն է՝ նոր հակաքայլից առաջ: Եւ միթե պատահական կարելի է համարել Ռուսաստանի գործընկեր Բելառուսի նախագահի շատախոսությունը՝ նախկին հանրապետություններով նոր միություն կազմելու վերաբերյալ: Թե՞ ուղղակի Լուկաշենկոն հատուկ ցույց տվեց Բայդեն-Պուտին սուսերամարտի հեռանկարը. ՆԱՏՕ-ի չընդարձակման դեմ Ռուսաստանի գերադաս դիրքավորումն, այո, նշանակելու է նախկին միութենական հանրապետությունների մի զգալի մասին նոր միություն Ռուսաստանի հետ, որին խոչընդոտ է Ադրբեջանը, որպես ՆԱՏՕ-ական Թուրքիայի դաշնակից: Ու, Հայաստանն, այո, հիմա ամենախոցելի վիճակում է, քանի որ Հայաստանի ներսում ոչ ոք արտաքին ազդակներին չի փորձում ոչ հակազդել, ոչ հակակաշռել, առաջին դեմքը չի պատասխանում ոչ Լուկաշենկոյին, ոչ Ալիեւին: Մերոնք դատապարտվածի հեզությամբ սպասում են աշխարհի մեծերի բախման ավարտին:

Կուզեինք, իրոք, միանալ հանրությանը զբաղեցնող ԱԺ քննիչ հանձնաժողովի այն քննարկումներին, թե որքան վատ է, որ ըննդիմությունը չի մասնակցում պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողվին, սակայն վախենում ենք, որ դրանից ավելի վատ բաներ են կատարվում, ու մեկ կամ երկու ամսից ավելի վատ մարտահրավերների պետք է դիմակայենք, էն էլ այս կարգի պառակտված հասարակությամբ, էն աստիճանի պառակտված, որ ինքնիշխանությունը կորցնելիս ադեկվատ որոշումների պակաս ենք զգալու:

Նույնիսկ Արցախի՝ գրավված տարածքների դեօկուպացիայի՝ Արցախի Ազգային ժողովի ընդունած որոշումը, որը մենք արժանապատիվ քայլ ենք համարում, կարող է տարընթերցումներ ունենալ՝ կասկածի տեղ թողնելով, որ դրա ընդունումը արտաքին ազդակներ էլ է ունեցել. չէ՞ որ իրադրության սրման պարագայում իրադրությունը թաքուն սրողները միշտ կազմ-պատրաստ կանգնած են, եւ ընդամենը հարկ կլինի չճանաչված պետության խորհրդարանի որոշումը՝ անվտանգային նկատառումներով հզոր պետության կազմում հայտնվելով պաշտպանված լինելու արգումենտով: Էհ, սարսափելի ժամանակներ ենք ապրում, բայց ամենաահավորն այն է, որ շատերը դա չեն գիտակցում, իսկ գիտակցողներն էլ իրերն իրենց անունով չեն կոչում: Արցախի նախագահի հանդեպ Ադրբեջանի հայտարարած հետախուզման հանդեպ Հայաստանի իշխանության քար լռությունը վկա:

Ընդդիմության հույսին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 23-ին ժամը 12:00-ինն կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում է Ազգային ժողովի հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ, որով թուրք-ադրբեջանական ռամաքաղաքական դաշինք է կնքվել, բնականաբար՝ այդ երկու պետություններն իրենց թիվ մեկ թշնամի համարում են Հայաստանը եւ դաշինքը նախ եւ առաջ մեր դեմ է ուղղված: Հռչակագրում ե՛ւ Զանգեզուրի միջանցք հասկացությունը կա, ե՛ւ երկու երկրների ծագումնային պատկանելության անվտանգության ամրագրում, ե՛ւ միջազգային իրավական հենքից դուրս այլ ձեւակերպումներ:

Շուշիի այսպես կոչված հռչակագիրը, որն արդեն վավերացվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարաններում, պարունակում է Հայաստանին ուղղված բոլոր այն վտանգների համալիրը, որոնք առավել առարկայացան Արցախյան վերջին պատերազմում մեր պարտությամբ: Այո, իշխանությունը, ռուսների խաթեր լռում է եւ գնահատական չի տալիս այս վտանգավոր փաստաթղթին, գոնե դա կարվի ընդդիմության նախագծով: Դրանով գնահատական է տրվելու հռչակագրին՝ նշելով նրա վտանգներն ու միջազգային իրավանորմերից դուրս լինելը: Սա, ախր, պետությունը, իշխող մեծամասնությունը պիտի անեին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ