Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլիի՝ Դադիվանքի մասին օրերս արած հայտարարությանը հայ հոգեւոր դասը բավական հստակ ու կտրուկ արձագանքեց՝ նշելով, որ ըստ խոստման ու պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահները եկեղեցու տարածքում հսկողություն պետք է իրականացնեն: «Ազգ»-ը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմից տեղեկացավ, որ մինչեւ այս պահը հայ հոգեւորականները Դադիվանքում շարունակում են հոգեւոր ծառայությունը: «Որեւէ մեկը մտադիր չէ թողնել ծառայությունն ու Դադիվանքը»,- ասացին թեմական խորհրդից:
Պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Հակոբյանի համոզմամբ՝ Դադիվանքն առանց հայերի թողնելու Բաքվի մոլուցքը նոր բան չէ: «Ազգ»-ի հետ զրույցում պատմաբանն ընդգծում է, որ Ադրբեջանը դեռ խորհրդային տարիներին էր փորձում տարածաշրջանից մաքրել հայկական հետքը: Դրա վառ ապացույցը Նախիջեւանում իրականացրած մշակութային սպանդն էր, այժմ նույնն Արցախում է ցանկանում անել: «Իսկ այդ սցենարը զարգացնելու համար որպես գործիք՝ ուդիներին է ուզում օգտագործել, որ այս պահին Ադրբեջանում, կարելի է ասել, մի բուռ են մնացել: Նրանք, ի դեպ, հայկական, հայ-ուդիական սինկրետիկ (միահյուսված) միության ինքնություն ունեին: Բայց Բաքուն նրանց հայկական ազգանունները փոխել է տվել, նույնիսկ պապերի գերեզմաննների «յան»-ով վերջացող գերեզմանաքարերը կոտրեց կամ պահանջեց փոխել դրանք»,- մանրամասնում է պատմաբանը:
Հակոբյանն ընդգծում է, որ Դադիվանքի մասին Ադրբեջանի հայտարարություններն ուղիղ Կոնստանդուպոլսի Տիեզերական պատրիարքության դուռն են տանում: Նկատում է՝ թուրքահպատակ պատիրարքը մշտապես շարժվում ու առաջնորդվում է Անկարայից եկող հրահանգներով: Եվ բացառաված չէ, որ մոտ ապագայում պատրիարքությունը մի նոր, այսպես կոչված, Աղվանական պատիրարքություն ստեղծի՝ այդպիսով փորձելով Աղվանքին վերագրել ոչ միայն Դադիվանքը, այլ նաեւ հայկական այլ եկեղեցիներ:
«Չեմ բացառում, որ մի գեղեցիկ օր, ուկրաինական եկեղեցու օրինակով, Պոլսի Տիեզերական պատրիարքը, Ադրբեջանի ու Արցախի նյութական, եկեղեցական ժառանգության հիման վրա, նաեւ ուդիակական համայնքի համար եկեղեցի ստեղծի ու վերջինիս անկախության ավտոկեֆալիա տա»,- մեկնաբանում է Հակոբյանն ու շեշտում, որ, փաստորեն, ուդիական համայնքի համար արհեստական եկեղեցի ստեղծելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են լուծել հայկական եկեղեցիների «հարցը»:
Ադրբեջանը, հիշեցնենք, մոտ մեկ տարի առաջ էլ Դադիվանքի եկեղեցու «հարցը» փորձում էր Ռուս ուղղափառ եկեղեցու դաշտ տեղափոխել: Ադրբեջանը հայ հոգեւորականներին Դադիվանքից հանելու սցենարն էր անգամ մշակել՝ այն նետելով Ռուս ուղղափառ եկեղեցու դաշտ: Բաքուն ռուսական կողմին առաջարկում էր Դադիվանքում հայ հոգեւորականների փոխարեն Բաքվի ռուս պատրիարքարանի հոգեւորականներին նշանակել: Բայց, փաստորեն, այդ սցենարը միսուարյուն չստացավ, որովհետեւ Դադիվանքում հայ հոգեւորականների ու այնտեղ ռուս խաղաղպահներ նշանակելու հարցում մեծ դերակատարում հայ եւ ռուս եկեղեցինեի հոգեւոր առաջնորդներն են ունեցել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ