Ճակատագրի բերումով աշխարհի տարբեր ծագերում ծավալվող հայ մշակութային կյանքն ուսումնասիրության լայն դաշտ է հանդիսանում գրականագետների եւ արվեստաբանների համար։ Այս գործում իր ավանդն ունի նաեւ սփյուռքահայ գրականագետ, հրապարակագիր, հասարակական-քաղաքական գործիչ Երվանդ Ազատյանը, ում հետ զրուցել ենք գրական մի շարք խնդիրների մասին։
Մինչ սփյուռքահայ գրականությանն անդրադառնալը, անհրաժեշտ է մոտենալ ակունքին, որը արեւմտահայ գրականությունն է։ Գաղտնիք չէ, որ 20-րդ դարասկզբին գրականության համաշխարհային զարգացումներին հաղորդակից արեւմտահայ գրողներն ստեղծեցին եվրոպական չափանիշներին համապատասխան, բայց եւ ազգային դպրոց։ Երվանդ Ազատյանը նկատում է, որ նույնիսկ ազգային ողբերգությունը նրանք կարողացան ներկայացնել բարձր գրականությանը վայել մակարդակով, ինչպես, օրինակ, Սիամանթոն. «Մեր ժողովուրդին ողբերգութիւնը ներկայացուցած է մակարդակով, պիտի ըսեմ՝ համաշխարհային չափանիշով՝ Էմիլ Վերհարնի չափանիշով։ Ինքը այդ ազատ տաղաչափութիւնը գրականութեան մէջ մտցնողներէն մէկը եղաւ»։
Ե. Ազատյանը պոլսահայ գրականության մեջ ազգային ենթահողի դրսեւորման ճակատագրի վայրիվերումների համատեքստում շեշտում է այն հանգամանքը, որ երբ հայությունը սփռվեց Միջին Արեւելքում, Ամերիկայում եւ այլուր, արեւմտահայ գրականությունը, որ Պոլսում էր ստեղծվել եւ Պոլսով էր բնորոշվում, շարունակվեց Սփյուռքում, բայց Պոլիսը դատարկվեց հայերից: Այն երիտասարդ գրողները, որ մեջտեղ եկան, ազգային տարրը շրջանցեցին. «Զահրատը, Խրախունին, Իգնա Սարըասլանը, Անդան Էոզերը, Զավեն Պիպեռեանը, Հայկազն Գալուստեանը ոստում մը կատարեցին, որովհետեւ կը վախնային։ Նոյնիսկ Հատտեճեանը Բերքսոնի փիլիսոփայութեամբ շատ լաւ գրականութիւն ստեղծեց, որ աւելի մարդկային յարաբերութիւններու վրայ հիմնուած է, քան թէ ազգային»։
Գրականության մեջ ազգայինը կարեւորելու եւ շրջանցելու իրողություններն արձանագրելիս գրականագետն Ինտրայի պարագայում ասում է, որ ազգային արմատից կտրվելը չարժեզրկեց նրա գրականությունը. «Ինտրան կտրուած է իր ազգային արմատէն, բայց շատ արժեքաւոր է: Ինք սկիզբէն ալ ազգային երակ չունի, համամարդկային մարդու փիլիսոփայական կեանքի յարաբերութեան մէջ է, քան թէ ազգային», բայց մեկ այլ պարագայում արձանագրում է նաեւ հակառակ երեւույթը. երբ ազգային արմատից կտրվում է գրողը, ապա կորցնում է ինքն իրեն, ինչպես, օրինակ, Կյուրճյանի պարագայում եղավ: Խորությամբ ներկայացնելով Երկու ծայրահեղությունների դրսեւորումներն ու պատճառները՝ Ե. Ազատյանը գալիս է եզրահանգման. «Ես բարձր չեմ գնահատեր այն գրողը, որ միայն իր ազգային դարդերով զբաղած է, որոնց արձագանգը համամարդկային հնչեղութիւն չունի: Բայց որ գրող մը կը շրջանցէ իր ազգային սահմանագիծը եւ կ᾿անցնի միայն համամարդկային հարցերու, ես կը կարծեմ, որ այդտեղ պակաս բան մը կայ»։
Երվանդ Ազատյանի գնահատմամբ՝ իրավիճակն այսօր փոխվել է Թուրքիայում: Ազգային թեմաներ արծարծելն արգելված չէ, սակայն այն այլեւս դեր չի խաղում: «Խնդիրն այն է, որ եթէ Պոլսի մէջ թոյլատու պայմաններ ստեղծուած են, պոլսահայերը սկսած են գրել Մեծ եղեռնի, հայոց պատմութեան, Տիգրան արքայի մասին, բայց այն տաղանդաւոր գաղութը, այն մտաւորական սերուցքը, որ կար, կորսուած է, նորերն ալ լեզուն չեն գիտեր: Այսօր աւելի ձեռնտու է ազգային բովանդակութեամբ գրականութիւն մշակել Պոլսոյ մէջ, քան էր անցեալին, բայց մարդիկը չկան, որ մշակեն: Նիւթ կա, մարդը չկայ»։
Զահրատի պոեզիան բնորոշելիս համեմատության եզր է վերցնում հոգուները՝ թափանցելով նաեւ ճապոնական Զեն փիլիսոփայության խորքերը: Ե. Ազատյանը հատկապես կարեւորում է բանաստեղծի՝ պարզ խոսքով բարդ ասելիք մատուցելու վարպետությունը՝ գլխավոր ասելիքի պայթուցիկ իմաստը թողնելով վերջում: Կարեւոր պայման է համարում նաեւ բառերը խորապես «զգալն ու ճանչնալը», ինչը ճշմարիտ պոեզիա ստեղծելու կարեւորագույն պայմաններից է: «Իմ գրական ճաշակը, բանաստեղծութեան իմ ըմբռնումը շատ հեռու է Զահրատէն, բայց ես հիացած եմ իր վրայ։ Երբ հետը նստիս, չես կրնար խօսիլ, 3-4 բառ ունի, իր գրականութիւնը շատ սահմանափակ բառամթերք ունի, բայց սքանչելի երեւակայութիւն ունի։ Այդ բառամթերքով սքանչելի փիլիսոփայական գաղափարներ, բանաստեղծական պատկերներ կը խտացնէ»։
Ե. Ազատյանը գրականագիտության մեջ կարեւորում է սկզբունքայնությունը, սակայն այստեղ սուբյեկտիվությանը տուրք տալու վտանգ է տեսնում։ Հակոբ Օշականի սկզբունքայնությունը, օրինակ, դատելով Ազատյանի հուշերից, երբեմն սուբյեկտիվության դաշտ է մտնում։ Վերջինս, օրինակ, վերապահ մոտեցում ուներ Հայաստանի գրողների մասին։ Նույնիսկ Չարենց չէր հավանում։ Ազատյանն ասում է․ «Օշական բաւականին տիրապետող դէմք էր դուրսը, գրեթէ միակ հեղինակութիւնն էր գրականագիտութեան, եւ իր խօսքը կշիռ ունէր, բայց անոնք, որոնք հայրենասէր էին, սկսան զինքը քարկոծել։ Շատ պարագաներու ինքն արդարացի էր, բայց ոչ այն աստիճան, որ Չարենցը «հարթենք» անուաներ»։ Ե. Ազատյանը սովորաբար քննադատելիս խնայող է, սակայն Օշականի «Պատուհանը» ջախջախիչ քննադատության է ենթարկել՝ վերջում նրան մաղթելով այլեւս չզբաղվել գրականությամբ. «Ատիկա իմ առաջին գրախոսականներէն է։ Օշականի հետ մենք շատ լաւ բարեկամներ էինք։ Որեւէ օր ինծի ակնարկութիւն չըրաւ, թէ դուն իմ առաջին գիրքը ջախջախեր ես։ Ինքը արժէքը կը ջախջախէր, կ᾿անարգէր՝ կարծելով, որ ինք անկէ վեր է, բայց պարզուեցաւ, որ ինք անկէ վեր չէ»։
Գրականագետն անդրադառնում է նաեւ գրողներին պիտակավորելու՝ բոլոր ժամանակներին հատուկ ավանդույթին, որի զոհը դարձել են նաեւ տաղանդավորները, ինչպես, օրինակ, ժամանակին «պոռնկագիր» պիտակին արժանացան Դանիել Վարուժանը, Շահան Շահնուրը… Խոստովանում է, որ թեեւ Դանիել Վարուժանի գրականության մեջ իր ժամանակի չափանիշներով մեզ համար բավական համարձակ մերկապաշտություն կա, բայց եւ «Դանիել Վարուժանի՝ դարերու մէջ թափանցող պայծառ աշխարհը, համայցը մինչեւ մեր հեթանոսական կեանքը, նատուրալիզմի ամէն ժամանակաւոր չափանիշէ վեր են»։
«Պոռնկագրություն» պիտակին է արժանացել նաեւ սփյուռքահայ գրականության ամենավառ ներկայացուցիչներից Շահան Շահնուրի անկեղծությունը «Նահանջը առանց երգի» վեպում: Գրականագետը «Նահանջը» համարում է մեր ամենամեծ ազգային վեպը, որի մեջ սաստիկ ցավ կա ազգի կորստի եւ Եղեռնի հետեւանքով աշխարհում սփռված հայության ուծացման համար. «Յանկարծ կ᾿ըսեն, որ Շահան Շահնուրի գործին մէջ պոռնկագրութիւն կայ, բայց ճակատագրի դառնութիւնը եւ փարիզեան կեանքի այդ ցոփ հակասութիւնն է, որ գրականութիւն կը ստեղծէ»:
Շահնուրի վարպետության ակունքը գրականագետը տեսնում է համաշխարհային գրականությանը քաջագիտակ լինելու, իսկ անմահության ակունքը՝ հայ ազգային կյանքի նկատմամբ սրտացավ լինելու մեջ. «Ինծի համար սփիւռքահայ գրականութեան աւետարանը, եթէ կուզեք, Շահան Շահնուրն է։ Ես վաթսուն տարիէ ի վեր նորէն կը կարդամ Շահնուր, նորութիւններ կը գտնեմ։ Ինքը իր նամակներուն մէջ իր կարճ յօդուածներուն մէջ այնքա՛ն խորն է, այնքա՛ն հսկայ։ Հանրագիտարանի ծանօթութիւն ունի նախ ֆրանսական գրականութեան, յետոյ ընդհանրապես համաշխարհային գրականութեան։ Եւ իր գրականութիւնը այդ գիտակցութեան վրայ հիմնուած է։ Եւ ատոր համար շատ կենդանի է»։
Առանձին հետաքրքրություն են ներկայացնում Երվանդ Ազատյանի կողմից Վահան Թեքեյանի կյանքի եւ ստեղծագործության ուսումնասիրությանը վերաբերող հարցերը, սակայն մինչ այդ հարկ է պարզել, թե երբ եւ ինչպես ձեւավորվեց թեքեյանագետ եւ թեքեյանապաշտ գրականագետը: Ե. Ազատյանը խոստովանում է, որ Վահան Թեքեյանի գրականության հանդեպ հիացմունքը բխել է տարբեր ազդակներից. «Իմ ուսուցիչս՝ Վահէ-Վահեան, շատ խոր թէքէեանագետ մըն էր, այնպես որ, երբ ես գրականութեան բացուած եմ, Թէքէեանով կերպով մը իմ հոգին մկրտուած է: Իմ մէջս պաշտամունքային զգացում մը ստեղծուած է Թէքէեանին հանդեպ: Երեւի ես նախապաշարուած եմ Թէքէեանով։ Յետոյ, ես շատ կ᾿ըմբոստանամ, երբ որ արժեքի մը նկատմամբ անտարբերութիւն, արհամարհանք կամ անտեսում տեղի կ᾿ունենայ»։ Ազդակներից մեկն էլ, ինչպես խոստովանում է, Վահան Թեքեյանի հետ իր տիկնոջ՝ Նորա Իփեքյան-Ազատյանի ընտանիքի մտերմությունն էր: Թեքեյանի անձին եւ գրականությանը Ե. Ազատյանը կապվել է նաեւ կուսակցության բերումով, ինչը եւս խթան է հանդիսացել նրա կյանքն ավելի խորությամբ ուսումնասիրելու համար:
Այն շրջանում, երբ գրականագետն սկսեց ուսումնասիրությունը, Վահան Թեքեյանը քիչ ուսումնասիրված էր: Նրա արժեքը հայությանը, մարդկությանը ներկայացնելը դարձավ նպատակ: Երվանդ Ազատյանը նախաբան գրեց Ժիրայր Փափազյանի (Բաբազեան) կողմից Թեքեյանի՝ 23 ընտիր քերթվածների անգլերեն թարգմանության համար: «Թէքէեանի կեանքը եւ գրական արժեւորումը անգլերէնով գրեցի, որովհետեւ միշտ հաւատացած եմ, որ Թէքէեանը, ինչպես նաեւ կարգ մը այլ գրողներ, պէտք է միջազգային հանրութեան ներկայացուին, որպէսզի համապատասխան արժեւորում մը ըլլայ մեր գրականութեան: Դժբախտաբար, այդ ուղղութեամբ շատ աշխատանք չէ կատարուած»,- ասում է Ազատյանը։
Թեքեյանի աշխարհն ամբողջությամբ բացահայտելու գործն ավարտին չհասցնելու երկյուղն առկա է նաեւ այսօր: «Թէքէեանը այնքա՛ն խորունկ է: Ինչպէս հաւատացեալները Աւետարան կը կարդան եւ նոր մեկնաբանութիւններ կը գտնեն, նոյնը նաեւ ես՝ ամէն անգամ, որ Թէքէեան կը կարդամ, միշտ նորութիւն կը գտնեմ, ատիկա իր յաւերժական կենդանութեան ապացոյցն է»,- ասում է գրականագետը եւ խոստովանում, որ ամեն տարիք իր հասունության ընկալման չափանիշն ունի։ Երիտասարդ տարիներին ընթերցողը տարվում է Թեքեյանի սիրային բանաստեղծություններով, հետո գալիս է ազգայինը, որին հաջորդում են համամարդկայինն ու խոհափիլիսոփայականն ընկալելու շրջանները։ «Բանաստեղծութիւններու մէջ որքան գաղափարները բարդ են, նոյնքան լեզուն բարդ է եւ կղպանքներ կան, որ ժամանակի ընթացքին պէտք է մէկ-մէկ կարենաս բանալ։ Այնպէս որ, քանի տարիքս առաջացած է, աւելի խոր կ᾿ընկալեմ իր փիլիսոփայական խոհերը մահուան մասին, Աստուծոյ եւ տիեզերքի մասին իր պատկերացումները։ Ես պէտք է խոստովանիմ, որ այդ բոլորին համապատասխան Թէքէեանի գնահատման աշխատանք մը չեմ ըրած: Ես պետք է նստիմ, ծայրէն գրեմ»:
Ազատյանը տալիս է նաեւ բանաստեղծի հասունացման բանաձեւը. երբ բանաստեղծը դեռ 20 տարեկան չկա եւ ստեղծագործելու նախնական փուլում է, զգացական, սիրային քնքուշ մակարդակի վրա է, սակայն եթե դրան զուգահեռ, խոսքի մեջ չկա խոհականություն, բանաստեղծությունը շատ հեռուն չի կարող գնալ: Սրան շարունակում է հաջորդ փուլը. «Մարդ երբ միջին տարիքի կը հասնի, զգացումները կը չափաւորուին, երբեմն կը կորսուին: Ուրեմն, եթէ ատոնք չկան, բանաստեղծութեան թարմութիւնը պաշտպանելու համար պէտք է ողնայարը հանդիսացող իմացականութեամբ շարունակել: Թէքէեանի մէջ այդ է»։
Երվանդ Ազատյանը հիանում է Թեքեյանի «անթեք» բնավորությամբ եւ կիսում նրա՝ «չոր» ճշմարտախոսության հանդեպ ունեցած «թուլությունը»: Գրչընկերների հանդեպ ունեցած սերը չի խանգարում Թեքեյանին նրանց գրականությունը քննելիս լինել անողոք, ինչի պատճառով թշնամիներ է ձեռք բերում անգամ ընկերների մեջ: Վահան Թեքեյանը, Ազատյանի բնորոշմամբ, եղավ «անթեք» ողջ կյանքի ընթացքում: Ինչպե՞ս դրսեւորվեց այդ «անթեքությունը», Ազատյանն ինքն իրեն «անթեք» համարո՞ւմ է: Գրականագետը կեսկատակ արձանագրում է, որ Թեքեյանն ավելի «անթեք» էր իր նկարագրով. նրան չորս անգամ են վտարել կուսակցությունից, իրեն՝ ընդամենը մեկ անգամ: Հիշում է, որ Թեքեյանը ծխախոտի տուփի վրա բանաստեղծություն էր գրում, շաբաթներով պահում էր, ժողովի ժամանակ կամ հանրակառքի մեջ հանում էր, մի ստորակետ կամ մի բառ էր փոխում: Իր անձի հանդեպ չափազանց բծախնդիր էր, շրջապատի հանդեպ՝ եւս: Ազատյանի եւս մեկ հուշ գալիս է լրացնելու Թեքեյանի «անթեքությունը» հաստատող փաստերը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եգիպտոսում պատերազմական վիճակ էր, գիշերը դժվարությամբ էին կարողանում դուրս գալ, չէր թույլատրվում։ Թեքեյանն «Արեւ» օրաթերթի խմբագիրն էր։ Գեղարվեստասիրաց միության թատերախումբը ներկայացում էր բեմադրել, որի հասույթով պետք է «Արեւ» թերթին օգներ: Թեքեյանն իր ամսականն այդտեղից էր ստանալու, ուստի հրավիրում են ներկա գտնվելու թատերական ներկայացմանը։ «Միւս օրը կ᾿ելլէ եւ շատ խիստ քննադատական մը կը գրէ թերթին մէջ, որ շատ ձախող ներկայացում մըն է: Կը խենթենան. այս մարդը ի՞նչ չափանիշներով կ᾿ապրի, որ իր սնունդին համար մենք կ᾿աշխատինք, եւ ինքը ներկայացումը չի հաւնիր: «Ինք այդ աստիճան «անթեք» մեկն էր: Ես այդ աստիճան չեմ: Որոշ տեղեր ես կոմպրոմիսի կ᾿երթամ: Թերեւս ճիշտ չեմ»։ Երվանդ Ազատյանը համոզված է, որ մարդիկ պետք է իրենց դավանած բացարձակ չափանիշներով ապրեն: Թեքեյանն այդպես ապրեց, այդ պատճառով էլ մենակ մնաց: «Իր բանաստեղծութեան մէջ միշտ կը տեսնենք, որ օտար տան մը օտար սենեակին մէջ ապրեցաւ: Մեծահարուստ մէկ բարեկամ ուներ գաղութին մէջ: Եթե այդ մարդը իր գիրքին տպագրութեանը փող տար, կ᾿առնէր, բայց եթէ մէկը ըսեր՝ Պարո՛ն Թէքէեան, եկէք թատրոն կազմենք, փող բերենք, ձեր գիրքը տպենք, բացարձակ կը մերժէր։ Ինքզինքը զրկելու, պատժելու աստիճան սկզբունքային մարդ էր»։
Աստվածային խոսքի երկրային ճանապարհն անցնում է թեքեյանական ճգնակեցության մաքրամաքուր դռնով: Երվանդ Ազատյան ժամանակակիցն ու գրականագետը լուսավորել է Թեքեյան մարդու եւ առաքյալի կյանքի եւ ստեղծագործության նուրբ եւ խորին ծածուկ ծալքերը: Նա Թեքեյանին հավատացյալ չի համարում ավանդական ընկալման շրջանակում. «Բայց մէջը խորունկ միսթիք բան մը կայ, մարդուն եւ իր Արարիչին միջեւ հաղորդակցութիւն մը կայ, եւ այդ Արարիչին հետ ինքը կը խօսի»։
Երվանդ Ազատյանն ինքն էլ խոստովանում է, որ իրեն հավատացյալ չի համարում, սակայն վստահ է, որ տիեզերքում անպայման առկա է արարիչ ուժ, որը բոլոր օրինաչափություների հեղինակն է: «Շիտակը, ես կրոնական շատ հաւատք չունիմ։ Եկեղեցիին հետ իմ կապս մեր աւանդութիւնն է, որովյետեւ Եկեղեցին մեր երաժշտութեան, փիլիսոփայութեան, գրականութեան օջախն է։ Գիտականորեն չէ փաստուած, որ կայ Աստուած, բայց երբ որ կը տեսնէք ամէն ինչի օրէնքով դասաւորուած ըլլալը, մարդկային օրգանիզմը, մարդկային միտքը, տիեզերքի ամբողջ ներդաշնակութիւնը, ուժ մը պէտք է ըլլայ, որ այդ բոլորը դասաւորած ըլլայ, չէ՞»: Այս ներդաշնակ հակադրամիասնության տարօրինակ ձգողականության շնորհիվ էլ ճակատագրի բերումով հանդիպել են Վահան Թեքեյանն ու Երվանդ Ազատյանը։
Երվանդ Ազատյանն առանձնահատուկ վերաբերմունք ունի նաեւ Միքայել Կյուրճյանի անձի եւ գրականության հանդեպ։ Վերջինս իր գործունեությունն սկսել է արեւմտահայ մեծ գրողների հետ, որոնցից շատերին Եղեռնը գլխատեց: Կյուրճյանի դերն ու կշիռը, որպես արեւմտահայ պայծառ մտավորականության վերջին մոհիկաններից, Ազատյանը բացառիկ է համարում, վստահ է, որ եթե նրա գրական ժառանգությունը մամուլի էջերից դուրս բերվի, ապա հատորներ կարող է կազմել: Մինչդեռ լույս է տեսել ընդամենը 3 փոքրիկ ժողովածու։ «Կիւրճեանը ժլատ չէ եղած, իր գրականութեան հանդէպ անհոգ է եղած, թերթերու մէջ գրածը չի հաւաքած։ Լաւ ուտող էր, լաւ ծխող, լաւ խմող, սիրային կեանքն ալ՝ շատ տարօրինակ»:
Միքայել Կյուրճյանը մահից առաջ իր անտիպ ստեղծագործությունների եւ նամակների պահոցը հանձնել է Ազատյանին, ում ջանքերով 1960-ական թթ.-ին Բեյրութում լույս տեսավ երեք ժողովածու, իսկ չհրապարակված ամբողջ ժառանգությունն Ազատյանը հանձնեց Երեւանի գրականության եւ արվեստի թանգարանին, ինչն էլ հնարավորություն տվեց գրականագետ Հարություն Մկրյանին ամբողջացնելու գրողի ժառանգությունը եւ մատուցելու սերունդներին: Ազատյանն առանձնահատուկ գնահատականի է արժանացրել Մկրյանի մենագրությունը, որով վերջինս գրականությանն ու գրականագիտական շրջանակին ներկայացրեց Կյուրճյանին՝ իր ամբողջ ժառանգությամբ, մոռացությունից փրկելով եւ վերարժեւորելով նրա տեղն ու դերը հայ գրականության մեջ: Ազատյանը մի կողմից ափսոսանք է հայտնում, որ այդ աշխատանքի հեղինակն ինքը չէ, մյուս կողմից անկեղծ ուրախությամբ փաստում, որ հիացմունքը ոչ միայն այն պատճառով է, որ Կյուրճյանի անձի եւ ստեղծագործության անկեղծ հիացող է գտնվել, այլեւ գերազանցապես այն պատճառով, որ լիիրավ բանասեր է ձեռք առել Կյուրճյանի գրական ժառանգությունն ամբողջական վերլուծության ենթարկելու շնորհակալ աշխատանքը: «Կը տեսնեմ, որ մէկը «Նոր կեանք» թերթին մէջ շատ լուրջ յօդուածներ կը գրէ Միքայել Կիւրճեանին մասին։ Նախանձս շարժուեցաւ. ո՞վ է, որ Կիւրճեանի մասին այդքան տեղեկութիւն ունի։ Պարզուեցաւ, որ այդ մարդը Կիւրճեանի ամբողջ գրականութեան ծանօթ է եւ ուսումնասիրած է։ Ես այդ չափով չէի ուսումնասիրած։ Ես Կիւրճեանի ա՛նձը լավ կը ճանչնամ։ Փոխանակ ես այդ մարդը գտնելու, ան զիս գտաւ։ Զանգեց եւ ըսաւ, որ ամբողջացուցեր է «Մարտիկ աղա» վէպը եւ կ᾿ուզէ հրատարակել, ինծի ալ քոմփլիմենթ պիտի ընէ, քանի որ մարդ մը չկայ, որ այս վէպի նախաբանը ինձմէ աւելի լաւ գրէ»։
Կյուրճյանի լեզվի ճոխության մասին Ազատյանի դիտարկումը տեսնում ենք Ալֆոնս Տոտեի «Տարտարեն դը Տարասկոնի» Կյուրճյանի թարգմանության մասին կարծիքն ընթերցելիս. «Իմ վերջնական եզրակացութիւնս այն է, որ եթէ ֆրանսացի գրողը հայերէն գիտնար, ճիշդ այս լեզուով պիտի գրէր»։
Երվանդ Ազատյանը վեր է հանում սփյուռքահայի, Սփյուռքում ստեղծվող հայ արվեստի եւ նրա ներկայացուցիչների կենսագրության ընդհանուր այն գիծը, որը միահյուսված է հայրենիքի ճակատագրին, պայմանավորված է նրա հետ ունեցած առնչություններով, պատմական ժամանակահատվածում առկա երեւույթներով, որոնք միավորում են նրանց հաճախ նաեւ բացասական դրսեւորումներով: Նա ականատեսի աչքերով ներկայացնում է խորհրդահայ իրականությունը, նրա մասին Սփյուռքում առկա թյուր պատկերացումները, հայրենիքի կարոտով Հայաստան վերադարձողներին սպասվող ճակատագիրը, հայրենադարձների շահածն ու կորցրածը, փոխադարձ հարստացումների գունապնակը։ Կորուստների մէջ հիշում է տաղանդավոր Գուրգեն Մահարուն, Աբրահամ Ալիկյանին, որոնց հալածեցին հայրենիքում. «Անշուշտ, ոճիր է մարդուն սպանելը, սակայն աւելի մեծ ոճիր է ստեղծագործ մարդուն զրկելը ստեղծագործելու հնարաւորութիւնից»։ Շահողներից առանձնացնում է Ստեփան Ալաջաջյանին, ում մասին անկեղծանում է. «Կ᾿ըսէ՝ եղէգները չխոնարհուեցին, բայց ինքը իբրեւ արեւմտահայ խոնարհուեց սովետական սիստեմին եւ սիստեմին մէջ բարձրացողներէն մէկը եղաւ», Գարեգին Սեւունցին, որ «Թեհրան» վեպի հեղինակն է, սակայն այսօր անունն անգամ ծանոթ չէ։ Երաժշտության մեջ առանձնացնում է Գոհար Գասպարյանին, Միհրան Երկաթին, Արմինե Թութունջյանին, Աննա Նշանյանին…
Երվանդ Ազատյանը ջերմ հարաբերություններ է ունեցել ոչ միայն սփյուռքահայ, այլեւ Հայաստանի հասարակական, քաղաքական եւ մշակութային դեմքերի հետ, որոնց մասին բազում հիշողություններ ունի: Դրանցից մեկը 1962 թ.-ին Հայաստան կատարած առաջին այցի մասին է, որի ընթացքում անձամբ ծանոթանում է Պարույր Սեւակի, Գեւորգ Էմինի, Հրաչյա Հովհաննիսյանի, Նաիրի Զարյանի, Սիլվա Կապուտիկյանի հետ: «Իմ անձնագիրս Սփիւռքահայ կոմիտէի մօտ էր։ Տեսել էին՝ երբ է ծննդեանս օրը։ Մի օր էլ ասացին՝ այս ինչ օր, ժամը՝ 18-00-ին կ᾿ըլլաս հյուրանոցը, ուր կը մնաս, ուրիշ տեղ չերթաս, մարդիկ պիտի գան քեզ մօտ։ Ուրեմն, երթամ տեսնեմ մի սեղան եւ բոլոր իմ սիրած բանաստեղծները, Նաիրի Զարեանն էլ՝ թամադա։ Իմ ծնունդը տօնեցին։ Զարմացայ. ես ո՞վ եմ, որ այս մարդիկը իմ ծնունդս կը տօնեն»։
Երվանդ Ազատյանը ջերմ հուշեր ունի Սիլվա Կապուտիկյանի հետ մտերմությունից: «Մի օր Սիլվան Մոսկուայում էր։ Զանգեցի իրեն, ըսաւ՝ գնանք Գրողներու միութեան ռեստորան, միասին ճաշենք։ Երբ մտանք այդտեղ, կարծեցի, որ ցարական իշխանութիւնն է՝ մարդիկ սիրուն հագնուած… Կը մօտենար, կը ծանօթացնէր զիս, կ᾿ըսէր, որ գրականագէտ է, մարդիկ կը կանգնէին, ձեռք կու տային։ Կ᾿ուզէր ցոյց տալ, թէ ինք այդ մթնոլորտին մէջ ով է»։ Կապուտիկյանը որպես քաղաքական գործիչ տպավորվել է իր սկզբունքայնությամբ. «Սովետը փլաւ, բայց ինք դեռ կոմունիստ էր։ Ատիկա ես կը գնահատեմ»։ Ազատյանը բանաստեղծուհու առանձնահատկությունը բացահայտում է զուգահեռների միջոցով. «Իր սիրային բանաստեղծութեան մէջ Սիլվան բանաստեղծ է, իսկ քաղաքականութեան մէջ՝ ճառախոս։ Ինքը վերջինիս տուրք տուաւ, որ բարձրանայ, եւ իր խօսքը լսելի եղաւ ողջ Խորհրդային Միութեան։ Մինչդեռ, օրինակ, Թէքէեան շատ օգտապաշտ գրականութիւն ստեղծած է, այսինքն՝ կոնկրետ մեր ազգային ցաւի, ցեղասպանութեան, մեր այլասերումին մասին, բայց քաղաքական, պատմական գործին մէջ ալ ան բանաստեղծ է»։
Գրականագետը վստահեցնում է, որ ազգը չի մոռանա Շիրազի նման տաղանդին եւ, վստահաբար, մոռանալու է նրա վրիպումները, սակայն գրականության մեջ մնալու երաշխիքը բանաստեղծական արժանիքներն են. «Ճիշտ այդ պատճառով, որ ինքը իմացականութեան պակաս մը ունի բանաստեղծութեան մէջ, ատոր համար իր արժէքները լոզունգային մակարդակի վրա մնացին վերջին տարիներուն»։ Մեկ այլ հարցազրույցում ասում է. «Ընդհանրապէս, բանաստեղծների աճման գրաֆը շատ հետաքրքրական է։ Սկիզբը շատ արագ կը բարձրանան, յետոյ տեղի կու տան, յետոյ անկում կ᾿ապրին։ Շիրազը շատ գէշ ինկաւ»։ Շիրազին քննադատելիս՝ տեսնում ենք նրա՝ հասարակական պարսավանքից չընկրկող սկզբունքայնությունը. «Առաջին անգամ, որ Շիրազին հանդիպեցայ, լաւ էինք։ Ես իրեն չտեսայ, ինքը զիս ճանչցաւ, ըսավ՝ «Արեւ»-ի խմբագիր, բարեւի խմբագիր, հո՞ս ես դուն։ Գացի, հետը խօսեցայ։ Յետոյ այդ յօդուածը, որ լոյս տեսաւ, ասել էր՝ ատ կարճըլիկը, որ կու գայ, գլխին պիտի խփեմ»։ (Ծիծաղում է)։
Հայոց ցեղասպանության մասին ստեղծագործություններին Ազատյանը հատուկ ուշադրություն է հատկացնում։ Առանձնացնում է Քրիս Բոհչալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» եւ Անտոնիա Արսլանի «Արտոյտների ագարակը» վեպերը։ Թվարկվածներից վերջինը նոր խոսք է համարում. «Ան գիրք մըն է, ուր հեղինակը ցոյց կու տայ, որ ասիկա ազնուական, կիրթ, էլիտար ցեղ մըն է, որ եւրոպական կենցաղով կ᾿ապրի։ Բարբարոս թուրքերը կուգան, կ᾿աւերեն, կը սպաննեն։ Մարդկային արժեւորման իմաստով այդ կոնտրաստը աւելի ուժեղ է, քան միւս վէպերը, պատկերները, որոնք իրականութիւն են: Եւրոպայի քաղաքակրթուած մարդոց ենթագիտակցականին վրայ աւելի շատ կ᾿ազդէ ան, որ թէ՛ կենցաղով, թէ՛ մշակոյթով հարուստ այս ազնուական ցեղն է, որ զոհ կերթայ»։
Մանրազնին քննության ենթարկելով Հայոց ցեղասպանության մասին գոյություն ունեցող գեղարվեստական երկերը, նրանց բնույթն ու ստեղծման ժամանակը՝ Երվանդ Ազատյանը ճիշտ ժամանակին ճիշտ քայլեր անելու տեսնակյունից ուշացած, որոշ դեպքերում՝ ոչ ճիշտ դիտանկյունից ներկայացված է համարում թեման եւ խոստովանում. «Մեծ հաշուով Սփիւռքը տանուլ տուաւ ասիկա»։
Երվանդ Ազատյանը մշակութային շրջանակներին հայտնի է ոչ միայն որպես գրականության, այլեւ նկարչության, կիրառական արվեստի, երաժշտության եւ թատրոնի գիտակ: Նրա ուսումնասիրության այս առարկաները եւս բացվում, բացահայտվում են ոչ սիրողական, այլ մասնագիտական բարձր մակարդակով: Ազատյանը մեզ հետ, մեր կողքին քայլող բարձր մտավորական է, ում աշխատություններում հայտնաբերում ենք հայ հոգեւոր գանձարանի կորած պատառիկներ։
ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ