ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում քվանտաքիմիական հաշվարկներով ցույց է տրվել ացետիլենի եւ ջրածնի, հիդրօքսիլ խմբի ու մետաղի միջեւ մի քանի տարբեր փոխանակման երեւույթների հնարավորությունը: Ացետիլենն իր ակտիվության շնորհիվ կիրառվում է բազմաթիվ նյութերի ստացման համար թե՛ գիտության, թե՛ արտադրության մեջ: Չնայած բազմաթիվ հետազոտությունների՝ ացետիլենի ռեակտիվության մեխանիզմները տարբեր փորձարարական պայմաններում այդքան էլ պարզ չեն:
Գիտնականները ուսումնասիրել են ացետիլենի եւ նրա դեյտերացված տարբերակների վարքը գերհիմնային միջավայրերում միջուկային մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սպեկտոսկոպիայի միջոցով: Դիտվել է ացետիլնեի համար նոր երեւույթ ՄՄՌ սպեկտրերում՝ համապատասխան ազդանշանների անհայտացում եւ միաձուլում: Հաշվարկային մեթոդներով ցույց են տրվել ացետիլենի մի քանի հնարավոր փոխանակման պրոցեսներ ջրածնի կամ դեյտերիումի մասնակցությամբ: Այս հետազոտությունները թույլ են տալիս պարզաբանել ացետիլենի միացման ռեակցիաների մեխանիզմը: Այն կարող է լույս սփռել գերհիմնային պայմաններում ացետիլենի ռեակտիվության պատճառների վրա: Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր