Ներկայում մեծ ծավալի գիտական աշխատանքներ են կատարում ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտնականները:
Գիտնականների կողմից հետազոտվել է միկրոալիքային մագնիսական դաշտի փոխազդեցությունը կենսաբանական հյուսվածքների եւ իոնային ջրային լուծույթների հետ:Այդ նպատակով մշակվել է հատուկ ռեզոնանսային էլեկտրադինամիկական կառուցվածք,որն ապահովում է միկրոալիքային դաշտի մագնիսական եւ էլեկտրական բաղադրիչների տարածական խիստ տեղայնացումը:
Հայտնաբերվել է կենսաբանական հյուսվածքների եւ լուծույթների կողմից միկրոալիքային մագնիսական դաշտի խիստ կլանման երեւույթ:Այն կախված չէ արտաքին մագնիսական դաշտից եւ ունի էական ջերմաստիճանային կախ-վածություն: Հայտնաբերված երեւույթը կարող է կիրառվել բժշկության մեջ` ոչ ինվազիվ հետազոտություններ կատարելիս:
Մասնագետների կողմից ուսումնասիրվել է լույսի բեւեռացման պտույտը, երբ այն անցնում է աջ եւ ձախ տեսակի թաղանթներով եւ բազմաշերտ միջավայրերով: Օգտվելով պտտման անկյան՝ որպես կոմպլեքս թիվ ներկայացումից, վերլուծվել են ինչպես անցման, այնպես էլ անդրադարձման դեպքերը: Ցույց է տրվել, որ կոմպլեքս անկյան իրական եւ կեղծ մասերը բեկման ցուցիչի համապատասխանաբար կենտ եւ զույգ ֆունկցիաներ են: Բացասական ցուցիչ ունեցող թաղանթի դեպքում կա Կեռի անկյան ռեզոնանսային աճ,որը կարող է դիտվել փորձնականորեն: Ուսումնասիրվել են բեկման ինդեքսի հատուկ պրոֆիլների լրացուցիչ համաչափությունները, որոնք օգտագործվում են կատարյալ պատկերապատման եւ թաքցնելու հայտնի երեւույթների մեջ: Գիտական հետազոտությունները ներկայում շարունակվում են:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու