2022թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրներ» թեմայով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին:
Գիտաժողովը ողջյունի խոսքով բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ա. Սաղյանը: Այնուհետեւ նիստի նախագահող ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասա-րակական գիտությունների բաժանմունքի ակադենիկոս-քարտուղար, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյանը հակիրճ նեկայացրեց Վլադիմիր Հարությունյանի կյանքի որոշ դրվագներ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանգամանալից խոսեց գիտության եւ կրթության զարգացման հետագա ուղենիշների մասին:
– Ես շատ ափսոսում եմ, որ Վլադիմիրն այսօր մեզ հետ չէ, բայց, միաժամանակ, համոզված եմ, որ այն ավանդույթները, որոնք նա թողել է ինստիտուտում, շարունակություն կունենան:Այսօրվա մեր գլխավոր մարտահրավերն անվտանգության խնդիրն է: Ամեն ինչ է դրա մեջ մտնում, եւ այդ խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել: Հաջորդ խնդիրը կրթության բնագավառն է: Առանց այդ համակարգի հիմնարար փոփոխության` հաջողություններ չենք կարող ունենալ: Ունենք մասնագետների լրջագույն խնդիր, եւ առանց կրթության, առանց գիտելիքի հաջողություն չենք կարող ունենալ: Սա պետք է մեզ համար ուղենիշ լինի,- ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյան. «Վլադիմիր Հարությունյանը եղել է մեր լավագույն տնօրեններից մեկը, ով մեծ ներդում է ունեցել ինչպես ինստիտուտի, այդպես էլ տնտեսագիտության գիտական հիմքերի զարգացման գործում: Նա եղել է բոլորի կողմից սիրված անձնավորություն»:
Ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ԵՊՀ ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր` Աշոտ Մարկոսյանը, ՀՊՏՀ ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր` Դիանա Գալոյանը, ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր` Հայկ Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ, պրոֆեսոր` Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի գիտական ուղղության ղեկավար,տ.գ.դ., պրոֆեսոր` Ռոբերտ Սարինյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն` բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը, ինչպես նաեւ տողերիս հեղինակը:
Գիտական զեկուցումներով հանդես եկան ինստիտուտի երիտասարդ շնորհալի գիտաշխատողները հետեւյալ թեմաներով` «Կլիմայական գործոնի ազդեցությունը ՀՀ պարենային անվտանգության վրա», «Խաղողագինեգործական համալիրի զարգացման հիմնախնդիրների քանակական գնահատումը», «Աշխատաշուկայի զարգացման միտումները թվային տնտեսության պայմաններում», «Տնտեսական անվտանգության հիմնախնդիրներն ազգային անվտանգության համակարգում»:
Վլ. Հարությունյանի երկու որդիները` Դավիթ եւ Տիգրան Հարությունյանները տնտեսագիտության դոկտորներ են, իսկ դուստրը` Աննա Հարությունյանը տնտեսագիտության թեկնածու է: Նրանք հաջողությամբ աշխատում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:
Հարկ է նշել, որ Վլադիմիր Հարությունյանը հանդիսանալով ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն՝ հսկայական աշխատանքներ կատարեց բնագավառի զարգացման համար: Նա իր մահկանացուն կնքեց 2022թ. մարտի 5-ին, երբ դեռ չէր բոլորել իր 65-ամյակը: Նա հեղինակել է շուրջ 150 գիտական հոդվածներ, որից մոտ 30-ը՝ մենագրություններ:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր