2022 թ. ապրիլի 14-ին անվանի նկարիչ Սարգիս Մուրադյանի 95-ամյա հոբելյանի առթիվ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվեց նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Հինգ տարի առաջ, Սարգիս Մուրադյանի 90-ամյակի առթիվ նույն պատկերասրահում բացված ցուցահանդեսը կոչվում էր «Սարգիս Մուրադյանի լույսն ու ստվերը»: Նկարչի գործերից շատերի մեջ պատմական, հասարակական իրողությունները հաճախ բնական երեւույթների այլաբանություններով են արտահայտվում: Լույսն ու ստվերը, արեւն ու քամին, հալոցքն ու մշուշը նկարչի ե՛ւ կենսուրախ, ե՛ւ տագնապալի կտավների ուղեկիցներն են: Այս անգամ, «Գարուն էր» խորագրի ներքո, մեր օրերին համահունչ, սեւակյան եղեռնական ղողանջն է արձագանքում.
Գարուն էր: Չեկած ամառ՝
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի՛ պես…
(Պ.Սեւակ «Անլռելի զանգակատուն», «Ղողանջ եղեռնական»)
Հետպատերազմյան այս դժնդակ իրականության մեջ, երբ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը տեւական դադարից հետո կրկին բացվեց արվեստի համար (իսկ մինչ այդ, հայտնի է, որ բանակին եւ փախստականներին օժանդակող «շտաբի» էր վերածվել), «Գարուն էր» խորագիրը հնչում է նաեւ որպես անդառնալի անցյալի հուշ: Սարգիս Մուրադյանի՝ իր ժամանակի բույրն ու շունչը մարմնավորող արվեստում գարունը միշտ եղել է զարթոնքի, վերածննդի, երիտասարդության նորելուկ կյանքի կենսահաստատ խորհրդանիշը: Գարնան այլաբանության ներքո ծնվեց հետստալինյան ողջ մշակույթը, հայ գեղանկարչությունն այդ թվում: «Սարգիս Մուրադյան» պատկերասրահն այսօր լեցուն է մուրադյանական գարուններով: Սակայն արդյո՞ք գարուն էր հանդիսականների եւ ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Սարգիս Մուրադյանի ընտանիքի սրտերում…
Սարգիս Մուրադյանը «Հայկական Ձնհալի» վառ ներկայացուցիչներից է: Այդ սերունդը կոչում են նաեւ «հետպատերազմյան»՝ 1951 թ. Երեւանի նորաստեղծ Գեղարվեստաթատերական ինստիտուտի (ներկայիս Գեղարվեստի Ակադեմիայի) առաջին շրջանավարտների այդ աստղաբույլին բախտ էր վիճակված իրենց արվեստում կերտելու նոր իրականություն, երեւան բերելու գեղարվեստական նոր մտածողություն: Մուրադյանն այն արվեստագետներից էր, որը խորհրդային թեմատիկ նկարի պատումն ուղղեց դեպի իր ժամանակի արդիությունն ու ազգային պատմությունը:
Ներկա ցուցադրության մեջ նկարչի պատմական թեմատիկ գործերը ներկայացված չեն: Փոխարենը՝ ինքնամոռաց պոռթկումի մեջ վազող, լուսավոր ու կենսաթրթիռ, բնությանը միաձուլված դեռատի աղջիկներ ու տղաներ («Գարուն» շարքը, 1980-ական թթ.), անդորրի գիրկն ընկած պատշգամբում նիրհող կամ Արայի լեռան ստորոտում սփռված բնությամբ զմայլվող նյուեր (մերկ մարմիններ), հիասքանչ էտյուդային բնանկարներ ալբանական եւ հայկական շարքերից՝ գողտրիկ ու քնարական… Այս ցուցահանդեսն ասես դադարի, շունչ առնելու հրավեր լինի: Յուրօրինակ արվեստային հակասթրես:
Ցուցադրության առանցքն է Սարգիս Մուրադյանի այցեքարտերից մեկը՝ կարմրազգեստ դուստրերի հանրահայտ զույգ դիմանկարը (1969): Դեռատի նրբակազմ աղջիկների կերպարները, խորհրդանշելով հանդերձ անմեղ մանկությունն ու նորափթիթ կյանքը, հազիվ ըմբռնելի գոյաբանական տագնապի տեղիք են տալիս: Ստատիկ կեցվածքներով կանգնած, իրենց տարիքին ոչ բնորոշ լրջախոհ մտորումների մեջ խորասուզված՝ նրանք վեր են խոյանում դիտողի առջեւ իբրեւ մոնումենտալ հուշարձան: Հայրական քնքշանքով, բայց եւ անորսալի անհանգստությամբ կերտած այս դիմանկարը դարձավ XX դարի երկրորդ կեսի հայ գեղանկարչության նշանային գործերից մեկը եւ 1960-ական թթ. վերջին, 70-ականներին ասպարեզ ելած մտավորական նոր սերնդի ընդհանրական խորհրդանիշը:
Այլ բնույթի է նկարչի կնոջ՝ Միլայի՝ հասակով մեկ պատկերված կերպարը: Այս վաղ «հանդիսավոր» դիմանկարում ասես արձագանքում է բարձրատոհմիկ կանանց սերովյան դիմանկարային ավանդույթը: Քեչեկների անվանի տոհմի ներկայացուցիչ, իր նրբագեղ գեղեցկուհի կնոջ կերպարն է նաեւ արձանագրված «Միլայի դիմանկարը» թեթեւ, թափանցիկ ջրաներկում (1953):
Սարգիս Մուրադյանի կտավից կտավ են անցնում նրա «գտնված» հանրահայտ կերպարները: Դրանցից մեկն է ավագ դստեր՝ Գոհարիկի պրոֆիլային նստած ֆիգուրը՝ ձեռքին որեւէ ատրիբուտ: Առաջին օրիգինալ տարբերակը «Գոհարիկը կժով» կոմպոզիցիան է (1973): Հետագայում աղջկա կերպարն ընդհանրանում է եւ հայտնվում, օրինակ, երեւանյան մի պատշգամբում նստած՝ կժի փոխարեն ձեռքին ռադիոընդունիչով կոմպոզիցիայում, որը կարելի է տեսնել ներկա ցուցահանդեսում: Մեկ այլ նման կոմպոզիցիայում աղջիկը նստած է օդանավակայանում, այստեղ ավելացել է մի աննշան, բայց կարեւոր ատրիբուտ՝ ձեռքին կապած ժամացույցը, իսկ ապակե դռնից այն կողմ ինքնաթիռով թռիչքի գոտին է: Արդիության նշաններն ամենուր են, նույնիսկ հագուստի մեջ. պրոֆիլային նստած Գոհարիկը մոդայիկ ճերմակ ջինսե տաբատով է:
Իր ընտանիքի անդամների այս նվիրական կերպարների կողքին, մուրադյանական հանրահայտ դարպասներով կոմպոզիցիաներում հայտնվում են պայմանական կերպարներ (որոնց նախատիպերը, սակայն, միանգամայն կռահելի են): Ամայի բնության մեջ կառուցված այդ դարպասներն ասես «օդից են կախված», ո՞ւր են տանում, ի՞նչն են փակում, ի՞նչն ինչից սահմանազատում… Իրականում, Արայի գյուղում գտնվող նկարչի ամառանոցում կատարված այդպիսի բազմաթիվ կոմպոզիցիաներ ասես կտրված լինեն իրականությունից, դրանցում առաջ է գալիս նկարչի ուշ շրջանի գոյաբանական տագնապի, անորոշության, մոտալուտ աղետի կանխազգացումը եւ հայտնվում են անիրական կերպարներ, օրինակ՝ խնձորը ձեռքին մերկ Եվան՝ նկարչին իր ամառանոցի բակում բնորդելիս:
Սարգիս Մուրադյանի ստեղծագործական ուշ շրջանը համընկավ ուշխորհրդային շրջանին՝ 1980-ականների վերջ, 1990-ականների սկզբին: Արցախյան եւ անկախության շարժման ակտիվ մասնակից Սարգիս Մուրադյանի արվեստը այդ շրջանում հագենում է միստիկական տրամադրություններով: Այս շրջանի լավագույն, ես կասեի՝ նշանային գործերից մեկը ցուցահանդեսում տեսնելու առիթ ունենք՝ 1997 թ. ստեղծված «Տեսիլը»: Կրկին՝ դիտողին քաջ ծանոթ նկարչի ամառանոցը. կոկիկ ու գեղեցիկ խնամված սալահատակ բակն ավազանով, տան շեմը, մետաղյա սյուներին հենված երկրորդ հարկի պատշգամբը, հեռվում երեւում է ծանոթ դարպասը, ավելի հեռվում՝ Արայի լեռան գագաթը… եւ հանկարծ, այս իրական միջավայրում, անտիկ դիցուհի հիշեցնող կիսամերկ մի կին, կողքին՝ ասես ամպերից իջած եղջերուն (որսի աստվածուհի Դիանա-Արտեմիսի հետ զուգորդումներն ակնհայտ են): Հեռվում մի իրական աղջիկ՝ թռչող փուչիկի հետեւից վազելիս: Այսօրինակ սյուրռեալիստական տեսարանները Սարգիս Մուրադյանի արվեստում առաջացան այն ժամանակ, երբ խորհրդային թմբիրից արթնացած հայաստանյան իրականությունն առավել քան երբեւէ շոշափելի էր դարձել: Իր կտավներում միշտ իր ժամանակի արդիությունը արտահայտող Սարգիս Մուրադյանի այս շրջանի արվեստում առաջացած խզումը իրականության հետ տարօրինակ կարող է թվալ: Մուրադյանական այս ուշ շրջանի միստիցիզմի մասին դեռ պիտի խորհենք: Այժմ, սակայն, հստակ է մի բան՝ անգամ այլաբանորեն իմաստաշրջված՝ նկարչի երկիմաստ զուգորդումները, միեւնույն է, խոսում են նկարչի ապրած ժամանակի ու իր անձնական ապրումների, մտորումների, տագնապների մասին…
ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ