Բանակը զինվորի համար սպայի հետ «լավտղայականով» խոսելու վայր չպետք է լինի

56

Մայիսի 28-ին հակառակորդի կրակոցը խլել էր շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը: Ողբերգական միջադեպից հետո հասարակությունը քննարկում ու քննադատում է զորամասի հրամանատարին՝ Սամվել Հարոյանին: Զոհված զինվորի հարազատների ցասումը, գուցե, արդարացի լինի, բայց միջադեպի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները նախաքննության ավարտից հետո միայն պարզ կլինեն: Հետեւաբար, այժմ ասել, թե գուցե զորամասի հրամանատարի՝ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ հերթափոխը կազմակերպելու, անվտանգության կանոնները լավագույնս սերտել չտալու եւ այլնի հետ է կապված միջադեպը, շտապողական գնահատական է: Որեւէ մեկը չի հերքում, որ բանակում թերություններ կան, հրամանատարները երբեմն տեղյակ չեն, թե նորակոչիկները միջանձնային ինչ հարաբերություններ ունեն, ինչով են զբաղված ազատ ժամերին, սերտել են, թե՝ ոչ իրենց հրամցվող զինվորական գիտելիքները: Բանակում ամենատարբեր բնավորության տեր, տարբեր միջավայրից ու ընտանիքից դուրս եկած տասնութամյա պատանիներ են, որոնց պետք է կրթել, կերտել ու դաստիարակել այնպես, որ հայրենիքի, պետության, պետականության, անվտանգության ու, ինչու ոչ, կյանքի այլ հարցերի մասին համանման գաղափար ունենան: Այնինչ, այո, հրամանատարներից ոմանք փոխանակ կրթելու ու զինվոր կերտելու, բառի բուն իմաստով, քրեական ենթամշակույթին հարիր բարքերով «հարցեր են մաքրում», «բազարներ անում» դպրոցը նոր-նոր ավարտած տղաների հետ: Սա պարզապես ողբերգություն է, երբ բանակը ոչ թե երիտասարդից հայրենիքի պաշտպան կերտելու, այլ «լավ տղու» դպրոց անցնելու վայր է: «Ազգ»ի նախորդ համարում էինք գրել, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակում «գողական բարքերից» խոսելուց առաջ նախ պետք է մտածի, վերլուծի ու փորձի հասկանալ՝ ինչպե՞ս պատահեց, որ 18-ամյա պատանին հրամանատարի կամ սպայի հետ փորձեց մատ թափ տալով կամ «լավտղայականով» խոսել:

 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քայլելով իշխանության եկածների թավշյա հեղափոխությունն ասես բանակ էլ ներխուժեց, ու բանակի համար ավանդ ունեցող անձինք իշխանության ուղիղ թիրախում հայտնվեցին: Փաշինյանի կաբինետը նախ Արցախի Ազգային հերոս Մանվել Գրիգորյանին «տուշոնկայի գործով» նեղը գցեց, իսկ քրգործն, ի դեպ, այդպես էլ չապացուցվեց, ապա շարունակեց ուսադիր ունեցող մյուս զինվորականների հետ թարսվել: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» բռնած գիծը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շարունակեցին՝ բանակում գրանցվող մահերն ուղղակի փաթաթելով սպաների ու հրամանատարների վզին: Եվ հասարակության շրջանում 4 տարվա ընթացքում այնպիսի տեսակետ ձեւավորվեց, թե բոլոր իրավունքները զինվորներինն են, բոլոր միջադեպերի մեղավորները՝ սպաները: Էլ չասած բանակի՝ առավել թափանցիկության մասին, երբ նորակոչիկն ուղիղ կապով ծնողին պատմում է զորամասում կատարվող ամեն ինչի՝ ճաշարան գնալուց մինչեւ համածառայակիցների միջեւ տեղի ունեցած տհաճ խոսակցության մասին: Կարգազանց զինվորներին նկատողություն անող կամ նրանց «խաթրին կպչող» սպաների հետ երբեմն «հաշիվներ են մաքրում» ոչ թե զինվորները, այլ նրանց ազգականները կամ «լավ ախպերները»: Փաստորեն,  զինվորների ներքին հարցերը վաղուց արդեն դուրս են եկել զորամասի պատերից:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ