Կառուցվում է նոր հիդրոէլեկտրակայան
Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունի էներգետիկայի բնագավառում ճիշտ քաղաքականություն իրականացնելը: Այս նպատակով աշխատանքներ են կատարվում Մարտակերտի Գետավան համայնքում «Գետավան 1» ՀԷԿ-ի կառուցման համար: «Գետավան 1»-ի հզորությունը կկազմի 17.6 ՄՎտ և նախնական ցուցանիշներով տարեկան կարտադրի ավելի քան 93 միլիոն կՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու համար կծախսվեր ավելի քան 20 հազար տոննա օրգանական վառելիք:
Այսօրվա դրությամբ կատարվում են նախագծանախահաշվային փաստաղթղթերի մշակման աշխատանքներ: ՀԷԿ-ի կառուցման տեղանքը բարդ է: Հողային աշխատանքներ են կատարվում «Գետավան-1» ՀԷԿ-ի հիմնական կառույցների տեղակայման համար:
«Գետավան-1» ՀԷԿ-ը ամենահզոր փոքր ՀԷԿ-ը կլինի Արցախի՝ երբևիցե գործող փոքր ՀԷԿ-երից: Ներկայում Արցախի ամենախոշոր ՀԷԿ-ը «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող 50 ՄՎտ հզորությամբ գործող «Սարսանգ»-ն է:
2018 թվականից էներգետիկ առումով Արցախը ինքնաբավ էր դարձել, իսկ տարեցտարի աճող ավելցուկը արտահանվում էր Հայաստան: Օրինակ, 2018-ին արտահանվել է 17,2 մլն կՎտժ, 2019-ին՝ 85,7 մլն կՎտժ, 2020-ին՝ 186,4 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: 2021-ի օգոստոսի դրությամբ, Արցախում էլեկտրաէնեգիայի ընդհանուր սպառումը կազմել է 197,8 մլն կՎտժ, որից 25,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիան ձեռք է բերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից:
Վերակառուցվել են «Ստեփանակերտ», «Վրեժավան», «Իվանյան», «Մարտունի», «Վանք» ենթակայանները:
Հարկ է նշել,որ Արցախում մինչև 1920թ. շահագործվող միակ հիդրո-էլեկտրակայանն ուներ 30 կՎտ հզորություն և գտնվում էր Շուշի քաղաքի մոտ:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ,
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր