ՌԴ Թաթարստանի Հանրապետության ազգային թանգարանը խնամքով պահում է Մեծ Հայքի արեւելյան սահմանի հիշատակը, ինչի վկայությունը Խազարական խաքանության 9-րդ դարի քարտեզն է, այնտեղ նշված Արցախը, Փառիսոսը եւ հայկական այլ նահանգներ: Այս մասին «Հայկական երազանք» գրքի հեղինակ, ռուսալեզու «Ռեալիստ» լրատվական գործակալության նախկին գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի հայտնած տեղեկություններն օրերս իր կայքէջում ներկայացրել է այդ գործակալությունը:
Ծատուրյանը հիշյալ թանգարանում եղել է նոյեմբերի 30-ին՝ այնտեղ ներկայացնելով իր աշխատանքը: «Այցելեցի Կազանում Թաթարստանի ազգային թանգարան, որտեղ հայտնաբերեցի եզակի միջնադարյան քարտեզը,- գրել է նա իր տելեգրամյան ալիքի էջում:- Եվ ի՜նչ տեսա ես այնտեղ. հայկական հարազատ վայրեր՝ Արցախ, Փառիսոս (Ուտիք նահանգ), Տաշիր: Թաթարները կեցցեն: Հարգում են ու գիտեն ոչ միայն իրենց պատմությունը, այլ նաեւ Հայաստանինը»: Եվ ի տարբերություն Բաքվի, թաթարական թանգարանն անցյալի մասին ազնվորեն է պատմում, առանց կեղծարարության: Իրոք հարգանք ու շնորհակալություն ճշմարտության համար:
Խազարական խաքանաթը կամ խաքանությունը, ինչպես ներկայացված է կայքում, վաղֆեոդալական պետություն է եղել, որը գոյություն է ունեցել 7-րդ դարի կեսից մինչեւ 10-րդ դարը Հյուսիսային Կովկասի տարածքում եւ Վոլգա ու Դոն գետերի ստորին հոսանքներում: Այն թյուրքալեզու, ուգրոլեզու եւ իրանալեզու ժողովուրդների դաշինք էր, որոնք հիմնականում դավանում էին հուդայականություն: Թուրքագետներն ապացուցում են խազարերենի մոտիկությունը բուլգարների լեզվին (չշփոթել բուլղարերենի հետ – Գ. Մ.):
Այսինքն ժամանակակից վոլգյան թաթարները բազադարյան մշակույթի կրողներ են, պատմական առումով ժառանգորդները ինչպես Խազարիայի, այնպես էլ Վոլգյան Բուլղարիայի՝ պետություն Միջին Պովոլժիեում եւ Կամայի ավազանում, գոյություն է ունեցել 10-ից 13-րդ դարերում, մինչեւ մոնղոլական արշավանքը:
«Խազարները մեծ ժողովուրդ են… Տիրել են բոլոր հողերին մինչեւ Պոնտական ծովը»,- գրել է բյուզանդացի Թեոփանոս Խոստովանողը: Խազարիայի մայրաքաղաքը սկզբում եղել է Սեմենդեր քաղաքը ներկա Դաղստանի տարածքում, ապա Իթիլը Վոլգայի գետաբերանում՝ այժմյան Աստրախանից ոչ հեռու, նրա նախկին տեղում:
Ավելացնենք նաեւ, որ ըստ Վիքիպեդիայի տեղեկությունների, Խազարիան հիշատակվում է 7-րդ դարի հայկական «Աշխարհացույցում»: Խազարական զորաջոկատները բազմիցս ներխուժել են Հայաստան, Վիրք եւ Աղվանք: Նրանց դեմ մղված մարտերում տարբեր ժամանակ զոհվել են Հայաստանի կառավարիչ Գրիգոր Ա Մամիկոնյանը, նախարար Ներսես Կամսարականը, ուրիշներ: 735 թվականին արաբ Մրվան խալիֆան մոտ 150-հազարանոց զորքով, որի կազմում էր նաեւ հայոց զորամասը՝ Աշոտ Բագրատունու գլխավորությամբ, ներխուժել է խազարական խաքանության սահմանները եւ պարտության մատնել խաքանին: Հետագայում տարբեր այլ պատճառներից թուլացած խաքանությունը 964 կամ 965 թվականին ջախջախվել է Ռուսիայի իշխան Սվյատոսլավի զորքի կողմից եւ 10-րդ դարի վերջին վերացել, ինչպես ասում են, պատմության թատերաբեմից:
Նշված քարտեզի լուսանկարի ամենաներքեւի աջ կողմում ռուսերեն հստակ կարդացվում է՝ Արցախ, Խաչեն, դրանից ձախ՝ Փառիսոս, ապա կարծես նաեւ Տաշիր:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ