Հայաստանն ունի արեւային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերեւույթի վրա արեւային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արեւային էներգիայի պաշարներով):
Հայաստանում արագորեն զարգանում է արեւային ջերմային էներգետիկան:
Եվրասիական զարգացման բանկը կֆինանսավորի Հայաստանում մինչեւ 65 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արեւային էլեկտրակայանների կառուցումը:
Եվրասիական զարգացման բանկն այդ նախագծերի համար մինչեւ 37 մլն դոլար կհատկացնի: Կայանները կկառուցվեն Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում: Այդ կայանները շահագործման կհանձնվեն այս տարի: Հայաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը կառավարության էներգետիկ ռազմավարության գերակա ուղղություններից է: 11 կայանները տարեկան կարտադրեն մոտ 130 միլիոն կՎտժ էլեկտրական էներգիա: Կայանների շինարարությունը սկսված է:
Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, որի շրջանակներում 2019թ. մայիսի 31-ին դրությամբ տեղադրվել են թվով 2685 արեւային ջրատաքացուցիչ եւ 101 արեւային ֆոտովոլտային համակարգեր:
Գյումրիում մեկնարկել է «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը, որը նպատակաուղղված է արեւային էներգիայի միջոցով կրճատելու հաստատության էներգետիկ ծախսերն ու խնայած գումարը ներդնելու կրթական ու զարգացման այլ ծրագրերի մեջ: «Երեխաների տանը» ներդրվել են մինչեւ 25 տարվա կենսագործունեության ժամկետ ունեցող արեւային ջրատաքացման ու ֆոտովոլտային համակարգեր: Նրանք կապահովեն անվճար տաք ջուր եւ էլեկտրաէներգիա` տարեկան խնայելով ավելի քան 4 միլիոն դրամ:Ծրագրի նպատակն է՝ մասսայականացնել արեւային էներգիայի օգտագործումը` ապահովելով խնայողություն: Խնայած միջոցները կներդրվեն կրթական ու զարգացման ծրագրերի մեջ:
380 արեւային վահանակները տեղադրված են ավստրիական «Կարիտաս»-ի կողմից Գյումրիում կառուցվող բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնում:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ