«Առանց Ռուսաստանի չի լինի Թուրքիա կամ Ադրբեջան»

62

Օրերս յութուբյան երկու լրատվական ալիքներով ռուսերեն ներկայացված այս վերնագրով հրապարակման հեղինակ է նշվել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ըստ համացանցային տվյալների՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի գիտաշխատող Այդին Ալիզադեն: Վերջինիս լուսանկարով ուղեկցվող երկու տեսանյութում էլ, սակայն,  հեղինակի ուղղակի ներկայությունը չկա, լոկ տեքստն է հնչում երկու տարբեր ձայնով, ինչը հավաստիության եւ հետեւաբար՝ նյութի  հրապարակման նպատակահարմարության հարցում մեզ որոշ երկընտրանքի առաջ կանգնեցրեց:

Այնուամենայնիվ, այն որպես արտահայտված հետաքրքրական տեսակետ՝ առանց համապատասխան մեկնաբանությունների ներկայացնում ենք մեր ընթերցողին եւ մասնագետներին:

Գ. Մ.

«Նրանք, ովքեր ցանկանում են Ռուսաստանի փլուզումը, չեն հասկանում հարցի լրջությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար եւ այդ մասին նույնիսկ չեն էլ կասկածում: Նրանք նաեւ չունեն բավարար վերլուծական կարողություն»: Երեւի ռուս-ուկրաինական ներկա ցավալի եղբայրասպան պատերազմի առնչությամբ արտահայտված որոշ կանխատեսումներին ու նաեւ շահագրգռություններին ի պատասխան այսպես է սկսում իր վերլուծությունը հրապարակման հեղինակը:

Բոլորին հայտնի է, նշում է նա, որ Թուրքիան պարտություն էր կրել Առաջին համաշխարհային պատերազմում եւ Անտանտի՝ ներկայիս եվրոատլանտյան երկրների կազմակերպության հետ կնքված Սեւրի պայմանագրով սոսկ Անատոլիայի մի փոքր մասը պետք է լիներ փոքրիկ երկիր Անկարայի շուրջը: Սակայն Աթաթուրքի ապստամբությունը թույլ չտվեց իրագործել այդ պլանը: Պատերազմի մի քանի տարիներից հետո հաղթող երկրները ստիպված եղան ճանաչել Թուրքիան իր ներկա սահմաններում: Բանն այն է, բացատրում է հեղինակը, որ Աթաթուրքն այդ պատերազմում շահեց Ռուսաստանի օգնությամբ: Բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանում գիտեն այդ մասին, գիտենալով հանդերձ լռում են: Աթաթուրքի եւ ռուս գեներալների պատկերներ անգամ փորագրված են Ստամբուլի Իսթիքլալ փողոցի հայտնի հուշարձանին: Ռուս զինվորներ ու սպաներ կռվել են թուրքական բանակում, Ռուսաստանը միլիոններ է վճարել ու զինել է թուրքական բանակը: Հակառակ պարագայում Թուրքիան այսօր երկրի երեսից ջնջված կլիներ:        

«Ես նաեւ ուզում եմ նշել,- ասվում է հրապարակման մեջ,- որ Թուրքիայի բաժանումը ծրագրվել էր Ամերիկայի նախագահ Վիլսոնի կողմից, իսկ Անատոլիայի կեսը եւ Ադրբեջանի մեծ մասը պետք է տրվեին Հայաստանին»:

   Որպես կարեւորագույն պահ հիշատակվում է 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնությունը, որով կողմերը ճանաչեցին միմյանց ներկայիս սահմանները եւ Թուրքիան շարունակեց իր գոյությունը: Ասել է թե՝ առանց Ռուսաստանի չէր լինի Թուրքիա, ու դա բոլորը պետք է իմանան:

Ինչպես ընդգծվում է, այժմ նրանք, ովքեր ցանկանում են Ռուսաստանի վախճանը, չեն հասկանում, որ Մոսկվայի պայմանագրի դրույթները առանց Ռուսաստանի սպառված կլինեին: Նման պարագայում Սեւրի պայմանագիրն ու Վիլսոնի պլանը նորից արդիականություն ձեռք կբերեն: Հայերը եւ նրանց եվրոպական ու ամերիկյան կողմնակիցներն այժմ առաջ են քաշում 1921 թվականի մոսկովյան պայմանագրի անօրինականության հարցը, քանի որ այն ժամանակ համաշխարհային հանրությունը դեռ չէր ճանաչել այդ երկրները: Ճանաչումը տեղի ունեցավ 1922 թվականի Լոզանի կոնֆերանսում:

Այսպիսով, բանաձեւում է հեղինակը, Ռուսաստանի գոյությունը իրավաբանորեն ապահովում է Թուրքիայի գոյությունը: Անուղղակիորեն երկուսը միասին ապահովում են Ադրբեջանի գոյությունը: Որովհետեւ Աթաթուրքն Ադրբեջանից հրաժարվել էր վերոնշյալ պատճառներով: Այժմ այստեղ որոշ վերլուծական մտածողություն չունեցողներ ասում են, թե թուրքերը դավաճանել են Ադրբեջանին ու այն տվել ռուսներին: Իրականում խնդիրն այն է, ինչ վերն ասվեց:

«Հենց այդ պատճառներով էլ այսօրվա Թուրքիան շատ զգույշ քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ, եւ շատ դեպքերում նրանք իրար հետ համաձայնում են: Մենք այդ համաձայնության վկան եղանք նաեւ մեր Հայրենական պատերազմում ( ՞ — Գ. Մ.): Ռուսաստանը դեմ չէր Թուրքիայի մասնակցությանը: Չնայած այն բանին, որ այս երկու երկրների միջեւ կան հակասություններ, նրանք գոյության առումով փոխկապված են: Եթե Ռուսաստանը փլուզվի եւ վերանա քարտեզի վրայից, Մոսկվայի 1921 թվականի պայմանագիրն անմիջապես կչեղարկվի, իսկ Թուրքիայի ապագան հարցական կդառնա: Հայերը կիրագործեն Վիլսոնի պլանը, եւ նրանց մեծ տարածքներ կհանձնվեն: Ու դա Ադրբեջանի վերջն է»,-եզրափակել է վերլուծաբանը՝ նյութին կցելով նաեւ Սեւրի համաձայնագրով Թուրքիայի բաժանման քարտեզը:

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ