Ապրել` սպասումների տրվելով

14

Լսելով Հայաստանի հանրապետությունում բարձրագույն պաշտոններ զբաղեցրած այրերի հրապարակային ելույթները, հանրության որոշ շրջանակներում կարծիք է կազմավորվում, թե իշխանություններն ինչ-որ բան անում են հայաստանաբնակների առօրյան բարեփոխելու ուղղությամբ: Մեկ հայտարարվում է, որ երկրի տնտեսությունում երկնիշ աճ է արձանագրվել, որ այսինչ միջազգային կառույցը Հայաստանի համար գործարար միջավայրի ներդրումային նոր հնարավորություններ է տեսնում, հետո հաղորդվում է, որ ասենք հեռավոր Արգենտինան է հետաքրքրված մեր երկրի տնտեսությամբ, մեկ էլ համաշխարհային բանկային համակարգն է մեզանով շնչում ու ապրում:

Այս գործընթացում հատկապես գերակտիվ է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի լավատեսությունն ուղղակի սահմաններ չի ճանաչում: Նրա խոսքերից կարելի է եզրակացնել, որ ՀՀ տնտեսությունում խնդիրներ ընդհանրապես չկան, եթե իհարկե մայթերին կանաչի վաճառող տատիկները չհրաժարվեն մայթերի 80-100 կիլոգրամանոց եզրաքարերը շարելուց կամ զոդողի մասնագիտության տիրապետումից:

Տնտեսության թիվ 1 պատասխանատուից հետ չի մնում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառույցների նախարար Գնել Սանոսյանը, որը երկրի հիմնական խնդիրներից մեկն է համարում կառուցվող կամուրջների նախագծերը ճիշտ չանելը. բառացի իր խոսքերն են: Պետական այս կառույցը չի նկատում, որ տարածքային կառավարման իր անմիջական պարտավորությունից աստիճանաբար վեր է ածվել ՀՀ աղքատիկ բյուջեից համաֆինանսավորումներ իրականացնող մի կառույցի: Խնդիրը, թե երբ մեր 900-ից ավելի համայնքներն իրենց հավաքագրած ֆինանսական միջոցներով ի զորու կլինեն իրականացնել գյուղական ճանապարհների ու այլ ենթակառույցների նորոգումներն ու վերանորոգումները, երբեւէ քննարկման հարց չի դարձել: Թող առողջական խնդիրներ ունեցող կենսաթոշակառուն մի 6-7 հազար դրամի դեղ գնի, որից պետությունը 1000-1200 դրամի ավելացված արժեքի հարկ է գանձում, մի ինչ-որ բյուջեի նմանվող ֆինանսական գումար կուտակի, այն համաֆինանսավորում կոչվող գործարքի տեսքով կարելի է ծախսել եւ աշխատանքի տպավորություն ստեղծել: Մեզանից յուրաքանչյուրի շրջապատում կան մարդիկ, ովքեր գյուղական ճանապարհաշինությունը երկրի առաջնահերթությունների շարքին են դասում, պարզապես մոռանալով, որ այդ առաջնահերթություններ կոչվողները ՀՀ ներկայիս վիճակում այն ճյուղերն ու ոլորտներն են, որոնք տեսանելի հատվածներում տեսանելի ավելացված արդյունքներ են ապահովում: Ավաղ, այս մասին ոչ նախարարների ելութներում է ասվում, ոչ էլ ՀՀ կառավարության նիստերում, որը մեկ ասմունքողի ներկայացում է հիշեցնում:

Ընդամենը երկու տարի առաջ, երբ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարը Հակոբ Արշակյանն էր, լրատվամիջոցները հաղորդեցին սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին: Համաշխարհային իրադարձություններից տեղեկանում ենք, որ ԱԹՍ-ների մեծ պահանջարկ կա աշխարհում, մեր տարածաշրջանում Թուրքիային զուգահեռ այն արտադրում է նաեւ Իրանը, իսկ մեր տնտեսության պատասխանատուներն անգամ ակնարկ չեն անում այս ուղղությամբ, գերադասելով խոսել դեպի տիեզերք արձակված հայկական արբանյակից… Հայաստանյան միջավայրում բազմաթիվ են նրանք, ովքեր գտնում են, որ այդ արբանյակի փոխարեն մի քանի տասնյակ ԱԹՍ-ներ ունենալը շատ ավելի վստահության երաշխիք է պարունակում: Ցավոք, այսպես կոչված խաղաղություն երազողներն այլ պահվածք են դրսեւորում, երբ թույլ տնտեսությունը երբեք էլ վստահության անգամ նվազագույն երաշխիք չի պարունակում: Անկեղծորեն նշեմ. երբ շրջապատիս ներկայացուցիչներից ոմանք, հիմնականում կրթված ու մասնագիտացած այրեր, օրինակ հարցնում են, թե ինչ կառույց է ասենք, Ֆրեյզերի ինստիտուտը, որի զեկույցի համաձայն Հայաստանի հանրապետությունը բարելավել է իր դիրքերը, տարակուսում եմ:

Ահա այսօրինակ հարցեր պարզաբանելու, ՀՀ առաջնահերթությունները մեկնաբանելու նպատակով ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս շուրջ երկու ամիս առաջ գրավոր դիմեց ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, առաջարկելով հանդիպել իր գլխավոր խորհրդականի հետ: Օրերը շաբաթներ դարձան, շաբաթները ամիսներ ու ավելին, եւ հեռախոսազանգ` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Առաջարկ եղավ հանդիպել վարչություններից մեկի պետի հետ, որի հետ երկու տարի առաջ լավատեսական ավարտով շուրջ 40 րոպե տեւած զրույց էինք ունեցել: Առաջարկվեց այլ պետի հետ հանդիպել, որի հետ մեր զրույցը 30 րոպե էր տեւել: Երրորդ պետից հետո առաջարկվեց փոխնախարարի հետ հանդիպում, որի հետ մոտ 40 րոպե տեւած զրույց էի ունեցել նախորդ աշնանը, հետեւյալ շեշտադրումով. ի՞նչ շարժառիթներից ելնելով է Սերբիան մինչեւ 8 մլն տոննա եգիպտացորենի հատիկ արտադրում, Չինաստանը` 260 մլն տոննա, երբ առաջնային համարվող բրինձը 210 մլն տոննա է, ԱՄՆ-ը` մոտ 400 մլն տոննա, ցորենը` 50 մլն տոննա: Փոխնախարար Ա. Խոջոյանը մեր զրույցը տարավ խաղողագործությունը խթանելու պետական ծրագրերի ուղղությամբ, որի հետեւանքները, մթերումների առումով, տեսնում ենք բոլորս: Զրույցների արդյունքում պարզվեց հետեւյալը. ՀՀ վարչապետ Փաշինյանը գլխավոր տնտեսական խորհրդական չունի, պաշտոնը կա, պաշտոնյան` ոչ: Թե ինչով է պայմանավորված նման մոտեցումը, դժվար է ասել, որին կարող է պատասխանել ՀՀ վարչապետը, որ լրագրող լինելով հանդերձ իր նախկին համքարության ներկայացուցիչների հանդեպ բարյացակամությամբ չի առանձնանում: Կդիմանանք, միայն թե ՀՀ տնտեսությունն իրականում կայանա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վ. Քերոբյանը ելքը տեսնում է երկրից արտահանումը 3 մլրդ դոլարի հասցնելու մեջ, որի պարագայում արտահանումը 1 բնակչի հաշվով կկազմի տարեկան 1000 դոլար: Մեր երբեմնի բախտակից Էստոնիայում այն 2020-ին կազմել է 11.000 դոլար, Չեխիայում` 14.000 դոլար, Դանիայում` 20.000 դոլար, Բելառուսում` 29.000 դոլար: Թե երբ մենք կմոտենանք նման ցուցանիշերի՝ դժվար է ասել, քանզի նման թվերի շուրջ խոսելու, ինչու ոչ` բարձրաձայնելու պատասխանատու մեկը չկա, առավել եւս` քննարկվող պաշտոնյան: Արդյունքում` ՀՀ առաջնահերթություններ են դասակարգվել խաղաղությունը, կրթությունը եւ բանակը:

Համաշխարհային գործընթացներն այլ չափորոշիչներով են ծավալվում, որտեղ կայուն ու շարունակական զարգացման երաշխիքներ են դասակարգվում բազմաճյուղ տնտեսությունը, պարենային ինքնաբավությունը եւ դրանց արդյունքում անխնդիր ֆինանսավորվող անվտանգային համակարգը:

Ապրենք սպասումով:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ