Դիվանագիտությունը ռազմական գործողություններին փոխարինող ամենաարդյունավետ միջոցներից է, որի հրաշագործ արդյունքներն ի հայտ են գալիս հավասար եւ անկաշկանդ բանակցությունների ընթացքում:
Այս առումով, Թեհրան-Վաշինգտոն լարված հարաբերությունների պայմաններում Իրանի բարձրագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ նամակը, որի կարճ բովանդակության մասին տեղյակ ենք միայն դրա հեղինակի կցկտուր եւ ակնարկներով հարուստ պարզաբանումներից, կարող էր դիտարկվել որպես դիվանագիտական ժեստ:
Սակայն, կարծես Թրամփն շտապել է իր հեղինակած նամակի մասին տեղեկատվությունը հրապարակել առաքումից ավելի շուտ, ինչը կարող է վկայել «իրանական թնջուկի» լուծման հարցում ԱՄՆ նախագահի շտապողականության մասին: (Ուկրաինական հարցը արագացված տեմպերով կարգավորելու օրինակով):
Սակայն այս առեղծվածային նամակի բովանդակությունն Իրանի հետ խնդիրները կարգավորելու վերաբերյալ կարծես լավատեսական եզրահանգումների առիթ չի տալիս:
Թրամփն իր նամակի բովանդակության մի մասը հանրայնացրել է Fox Business Network-ին տված հարցազրույցի ժամանակ: Նա պարզաբանել է. «Ես ասացի՝ հուսով եմ՝ դուք կբանակցեք, քանի որ դա շատ ավելի լավ կլինի Իրանի համար: Կարծում եմ՝ նրանք ցանկանում են ստանալ այդ նամակը: Այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ չենք կարող թույլ տալ, որ միջուկային զենք ստեղծվի»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաեւ ասել է. «Վստահ չեմ, որ բոլորն ինձ հետ համաձայն կլինեն: Բայց մենք կարող ենք այնպիսի համաձայնության գալ, որ դրանից ակնկալվող հաջողությունը հավասարազոր լինի ռազմական հաղթանակին»: Թրամփը նաեւ համոզմունք է հայտնել, որ նման համաձայնության համար ժամանակը նպաստավոր է՝ ընդգծելով, որ այնուամենայնիվ, ինչ-որ բան տեղի է ունենալու:
Առայժմ Խամենեիին ուղղված նամակի ստացումն Իրանում չի հաստատվել. ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ինքն էլ է այդ նամակի մասին լսել, բայց հավաստիացրել, որ Իրանը ոչ մի պարագայում պարտադրանքի պայմաններում բանակցությունների չի գնա:
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նույնպես չի հաստատել Թրամփի նամակի ստացումը: Նույն կերպ է արտահայտվել նաեւ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր-Սաիդ Իրավանին:
Նշենք, որ Վաշինգտոնից Իրանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին հասցեագրված նամակներ (այլ ոչ թե ուղերձներ) նախկինում էլ են եղել: Առաջինը 1980 թ. ապրիլին իմամ Խոմեյնիին ուղղված ԱՄՆ նախագահ Քարթերի նամակն էր՝ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան պատանդառված դիվանագիտական անձնակազմին ազատ արձակելու վերաբերյալ: Իրան-Իրաք 8-ամյա պատերազմի տարիներին նախագահ Ռեյգանն էլ է նամակ հղել Իրանի բարձրագույն իշխանության ներկայացուցչին:
Սակայն նախագահ Թրամփի կողմից մասնակիորեն հանրայնացված նամակն առայժմ Իրանում դիտարկվում է որպես ուղերձ:
Իրանի հոգեւոր առաջնորդն ակնարկաբար արձագանքել է Թրամփի հանրայնացրած ուղերձին եւ իր խոսքերով՝ անընդունելի է համարել «զոռբայության դիրքերից հանդես եկող պետությունների՝ համառորեն բանակցությունների հրավիրելու վարքագիծը»: Խամենեին նաեւ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող դրույթները չկատարելու պատճառով Թեհրանին ուղղված մեղադրանքների համար եվրոպական երկրներին «լպիրշ» է անվանել:
Խամենեիի արձագանքներին անմիջապես հետեւել է Սպիտակ տան պատասխանը. Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը հանդես է եկել հայտարարությամբ ու նշել. «Հուսով ենք, որ Իրանի վարչախումբն իր ժողովրդի շահերը չի ստորադասի ահաբեկչության շահերին»: Խոսնակը նաեւ բառացիորեն կրկնել է Թրամփի նախազգուշացումն այն մասին, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կա՛մ բանակցությունների միջոցով կլուծվի, կա՛մ՝ ռազմական:
Բանակցությունները մերժելու մասին Խամենեիի հրապարակային հայտարարությունից հետո ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը, փոքր-ինչ մեղմելով ԻԻՀ հոգեւոր առաջնորդի կտրուկ պատասխանը, այնուամենայնիվ չի բացառել, որ Իրանը կարող է քննարկել բանակցությունների տարբերակը, այն դեպքում, եթե հնարավոր լինի փարատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ եղած կասկածները:
Դեռեւս բանակցային փուլ չտեղափոխված այս հեռակա երկխոսությունը Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների բարելավմանը նպաստել չի կարող: Ընդհակառակը, այդ բանավեճը ռազմական բախման մասին ենթադրությունների դաշտն ավելի է ընդլայնում:
ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների հնարավոր թիրախավորումն այդ սցենարների շարքից է, որին արձագանքել է Քաթարի վարչապետ Շեյխ Մուհամմադ Ալ Սանին՝ զգուշացնելով Պարսից ծոցին հասցվելիք բնապահպանական աղետաբեր հետեւանքների մասին: Նա առաջարկել է դիվանագիտական ճանապարհով կանխել ռազմական գործողությունները:
Ռազմական բախումը կանխելու նպատակ են հետապնդում նաեւ իրանական Չաբահարի մոտակայքում Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ ծովային զորավարժությունները, որի մասին տեղեկանում ենք Չինաստանի պաշտպանության նախարարության մարտի 9-ին հրապարակած հաղորդագրությունից: Ըստ այդ հաղորդագրության, զորավարժության նպատակը մասնակից երկրների ուժերի միջեւ փոխադարձ ռազմական վստահության եւ համագործակցության խորացումն է:
Ե՞րբ կփոխանցվի ԱՄՆ նախագահի նամակն իրանական կողմին եւ արդյո՞ք միջազգային հանրությունը կտեղեկանա դրա դեռեւս չհանրայնացված բովանդակության մասին, եւ ինչպիսի՞ն կլինի իրանական կողմի վերջնական արձագանքը:
Իրանում շատերն են համոզված, որ երկրի բարձրագույն հոգեւոր առաջնորդին ուղղված այս նամակի հանրայնացումը չի նպաստել դրա արդյունավետության բարձրացմանը: Ընդհակառակը, նախագահ Թրամփն իր շտապողականությամբ արժեզրկել է իր իսկ նախաձեռնությունը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ
Հ․Գ․ – Իրանի բարձրագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված ԱՄՆ նախագահ Թրամփի նամակի «ոդիսականը» կարծես ավարտին է մոտենում։ Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային հաստատեց, որ ԱՄԷ-ի ղեկավարի դիվանագիտական հարցերով խորհրդական Էնվեր Կարակաշը մարտի 12-ին Թեհրանում Իրանի ԱԳ նախարար Արաղչիին է հանձնել հայտնի նամակը։
Նամակը Աբու Դաբի էր հասցրել ԱՄՆ նախագահի մերձավորարեւելյան հարցերով խորհրդական Սթիվ Վիտկովը, ով ուկրաինական հարցերի շուրջ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունների համար Ռրադ էր մեկնել։
Նամակի բովանդակության մանրամասներն առայժմ չեն հանրայնացվել, սակայն Իրանի հոգեւոր առաջնորդը բացառել է ԱՄՆ-ի հետ որեւէ ձեւաչափով բանակցություններին մասնակցելը, այն համարելով «անպատվաբեր»։