ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը կհանի Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի դեմ իր առարկությունները՝ պայմանով, որ այդ երկիրը հրաժարվի ռուսական C-400 հրթիռային համակարգերից եւ դադարեցնի Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները: Ռուսական որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ, սենատորի այս հայտարարությունը հրապարակել է Աթենքի ԸԾծԸ լրատվական գործակալությունը:
«Ես շատ հստակ արտահայտվել եմ Թուրքիային F-16-ների վաճառքի վերաբերյալ: Մենք մեր ռազմական տեխնիկան վաճառում ենք ըստ որոշակի չափանիշների նրանց, ովքեր կիսում են մեր արժեքները, եւ ոչ թե միայն ֆինանսական շահի համար»,- ԸԾծԸ-ին հայտարարել է Մենենդեսը:
Սենատորն Անկարայի հանդեպ մի շարք պահանջներ է առաջ քաշել: Դրանց թվում ե՛ւ ռուսական C-400-ների, ե՛ւ հունական կղզիների վրայով թռիչքների, ե՛ւ լրագրողներին ու փաստաբաններին ազատություն շնորհելու հարցերն են: Քաղաքագետի խոսքով՝ չլուծված հարցերը շատ են եւ դրանք պետք է լուծվեն, սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից նման քայլերի պատրաստակամություն առայժմ չի նկատվում:
Հայտնի է, որ Թուրքիան ձգտում է ԱՄՆ-ից գնել 40 հատ F-16 կործանիչներ եւ արդիականացնել նախկինում արդեն ձեռք բերված 80-ը: Հունական գործակալության վկայությամբ, Ռոբերտ Մենենդեսը համարվում է այն մարդը, որը «տիրապետում է F-16-ի բանալիներին»: Որպես Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ նա ի պաշտոնե իրավունք ունի «վետո» դնելու ամերիկյան սպառազինության համակարգերի վաճառքի վրա:
Հիշեցնենք, որ ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ էլ հայտարարություն են ստորագրել՝ առարկելով Թուրքիային ամերիկյան կործանիչների վաճառքի դեմ: Մյուս կողմից, ինչպես «Ազգ»ի նախորդ համարներից մեկում տեղեկացրել ենք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս հայտարարել է, որ մտադիր է Կոնգրեսի հավանությունը ստանալ այդ վաճառքի հարցում:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ