2023 թվականի օգոստոսի 8-25-ը Մոլեկուլային եւ տեսական կենսաբանության դպրոցը (ՄՏԿԴ) ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) հետ համատեղ տարբեր երկրներից ավագ դպրոցի ավելի քան 40 աշակերտների համար կազմակերպել է միջազգային երեքշաբաթյա ամառային դպրոց: Նպատակը համատեղ գիտական աշխատանքի իրականացումն է 18 երկրներից հրավիրված 60 գիտնականների ղեկավարությամբ:
Աշակերտներին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու գիտական միջավայրում, իսկական լաբորատորիաներում իրականացվող գիտափորձերին: Այն գործնական տեսակետից կարեւոր փորձառություն կլինի, իսկ մասնագիտական կողմնորոշման առումով որոշիչ նշանակություն կունենա ապագայում գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող աշակերտների համար:
ՄԿԻ-ում դպրոցականներին հյուրընկալել են Մարդու գենոմիկայի (ղեկ.՝ Ա. Առաքելյան), Միկրոօրգանիզմների գենոմիկայի (ղեկ.՝ Ա. Սեդրակյան), Մոլեկուլաբջջային իմունաբանության (ղեկ.՝ Գ. Մանուկյան) լաբորատորիաներում, որտեղ իրականացվում են տարաբնույթ նախագծեր համեմատական եւ ֆունկցիոնալ գենոմիկայի, մոլեկուլային մանրէաբանության, մոլեկուլային իմունաբանության, կենսաինֆորմատիկայի եւ այլ ոլորտներում:
Ծրագրի համակարգողներն են ՄՏԿԴ-ի գիտական տնօրեն Ֆ. Կոնդրաշովը եւ ՄԿԻ-ի գիտական գծով փոխտնօրեն Գ. Ցականովան:
Գաղտնիք չէ,որ գիտական դպրոցում ձեռք բերված փորձառությունն անմոռանալի է լինելու աշակերտների համար: Ամառային դպրոցի ընթացքում աշակերտները լսում են դասախոսություններ, տիրապետում գիտական մեթոդներին, սովորում են կատարել հաշվարկներ եւ ստուգել աշխատանքային վարկածներ՝ մոլեկուլային եւ տեսական կենսաբանության տարբեր ոլորտներում:
Գիտաժողովում աշակերտները հնարավորություն կունենան գիտական շրջանակներին ներկայացնելու իրենց ստացած գիտելիքներն ու կատարած գիտափորձերի արդյունքները:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ