Երեկ Բաքվում մեկնարկել է երկօրյա միջազգային համաժողով՝ «Վերադարձի իրավունք. Արդարության հաստատում Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համար» վերնագրով: Համաժողովը երկրորդ անգամ է կազմակերպվում, ինչը վկայում է, որ Արցախի էթնիկ զտումից հետո անպատիժ մնալով՝ պաշտոնական Բաքուն դեպի Հայաստան ասպատակելու իր մտադրությունը խարսխում է իր ժողովրդի գիտակցությանը եւ հայ ժողովրդի բնաջնջման, նրա ժառանգությունը օտարելու կամ յուրացնելու գործն ուզում է շարունակել:
Ըստ «Ազերթաջի» գերմանական ծառայության հաղորդման, ժողովի սկզբում այսպես կոչված «արեւմտաադրբեջանական» համայնքի մասին ֆիլմ են ցուցադրել:
Այնուհետ բանավեճ է ծավալվել, թե միջազգային իրավունքի համաձայն ի՞նչ միջոցներ կան «արեւմտաադրբեջանցիների վերադարձի պահանջն ու իրավունքներն իրացնելու վերաբերյալ: Երկօրյա միջոցառման ժամանակ «արեւմտաադրբեջանական» համայնքի պատվավոր անդամի վկայականներ կշնորհվեն 10 երկրների 16 մասնակիցների: Համաժողովի մշակութային ձեռնարկը նախատեսված է այսօր՝ դեկտեմբերի 6-ին: 51 երկրից 100 պատվիրակ է մասնակցում համաժողովին, որոնց մեջ 8 երկրի խորհրդարաններից 12 պատգամավոր, երկու երկրի նախագահի խորհրդականներ, երկրներից մեկի փոխնախագահի խորհրդական, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, երկու երկրից նախկին դեսպաններ, 17 երկրի 23 հեղինակավոր համալսարանների 24 պրոֆեսոր, ադրբեջանական սփյուռքի 14 ակտիվ ներկայացուցիչ, 17 երկրից 20 գիտահետազոտական կենտրոնների եւ ակադեմիաների հիմնադիրներ, ղեկավարներ եւ աշխատակիցներ, 11 երկրից միջազգային 12 հաստատությունների ղեկավար, փորձագետ, 3 երկրից կառավարական երեք խորհուրդների անդամներ, 8 երկրներից 8 իրավաբան եւ իրավապաշտպան, շարժման մեկ առաջնորդ, տարբեր երկրներից ազգային խորհրդարանների պաշտոնյաներ, լրագրողներ եւ գործարարներ, իրազեկում է ադրբեջանական պետական լրատվականը:
Համաժողովն առիթ է դարձել, որ ներկաները ծանոթանան Ալիեւի հին եւ նոր ձեւակերպումներին, որոնք երեկ ներկայացվել են գրավոր « Հայաստանը հերքում է ադրբեջանական ժողովրդի բազմադարյա ներկայությունն իր պապենական հողում, մշակութային հարուստ ժառանգության ստեղծումը: Դրա վկայությունն է Արեւմտյան Ադրբեջանի պատմական հուշարձանների, գերեզմանոցների, մզկիթների եւ հնագույն բնակավայրերի ոչնչացումը, ինչպես նաեւ զգալի վնասը Ադրբեջանի աշուղական արվեստին», նշել է Ալիեւը եւ հիշատակել, թե պատմամշակութային հուշարձաններից «անձեռնմխելի է մնացել միայն Կապույտ մզկիթը՝ ադրբեջանական ճարտարապետության եւ իսլամական մշակույթի փայլուն օրինակը: Սակայն Հայաստանը միտումնավոր փոխեց մզկիթի սկզբնական ճարտարապետական ոճը՝ այն այլ ինքնության ներքո ներկայացնելու համար»:
«Տարածաշրջանի պատմությունն ու մշակութային լանդշաֆտը կուրորեն խեղաթյուրելու, վերաշարադրելու անզուսպ ցասումը ոչ այլ ինչ է, քան անհանդուրժողականություն ու ռասիզմը», գրել է նախագահ Իլհամ Ալիեւը:
«Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվել անարդարության հետ, միշտ փորձել է ճշմարտությունը հասու դարձնել աշխարհին», գրել է Ալիեւը: «2020 թվականին Ադրբեջանի փառահեղ հաղթանակով ավարտված Հայրենական պատերազմը հնարավորություն է տվել Ղարաբաղից եւ Արեւելյան Զանգեզուրից վտարված մեր հայրենակիցներին վերադառնալու հայրենիք: Ադրբեջանի այս արդար պատերազմը միջազգային իրավունքի հաղթանակ է, համաշխարհային ներդրում հարկադիր տեղահանման խնդրի լուծման գործում: Այժմ հաջողությամբ իրականացվում է ազատագրված տարածքներ վերադարձի պետական ծրագիրը»:
Ալիեւն անդրադարձել է նաեւ ՀՀ սահմանադրությանը, «հայ հասարակության մեջ ադրբեջանցիների դեմ արմատացած ատելությանը», «Մեծ Հայքի մասին առասպելը, որ ամրագրված է ՀՀ սահմանադրության մեջ, տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ», գրել է Ալիեւը եւ նկատել է տվել, որ ՀՀ-ի արագ վերազինումը երկու երկրների միջեւ խաղաղության հաստատմանը խոչընդոտում է:
«Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի «արեւմտյան ադրբեջանցիների» իրավունքները վերականգնելու համար: Հիշյալ համայնքը բազմիցս կոչ է արել Հայաստանի կառավարությանը երկխոսության, սակայն հակառակ կողմը միշտ մերժել է: Հայաստանը պետք է արտոնի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը մշտադիտարկի ադրբեջանական ոչնչացված եւ աղավաղված պատմամշակութային ժառանգությունը»:
Ալիեւին պիտի պատասխանել… Հաագայում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ