Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ցավով է արձանագրում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները, միջազգային հանրության հետ շփվելիս, ճիշտ ժամանակին չեն օգտագործում դիվանագիտական զինանոցում առկա գործիքակազմերը: «Ազգ»-ի հետ զրույցում իրավապաշտպանը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, անմեղսունակ քայլեր անելով, այս պահին մեզ առավել քան երբեւէ մեծ հնարավորություններ է տալիս: Ըստ նրա՝ հիմք ընդունելով Ադրբեջանի բռնարար ձեռագիրն ու Լաչինի միջանցքը փակելու հանգամանքը՝ ամբողջ աշխարհին կարող ենք ցույց տալ ու ապացուցել՝ Արցախը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում լինել չի կարող:
«Արեւմուտքում տարբեր ուղղվածություն, տեսակետներ ու գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ եւ ուժեր կան: Այո, նաեւ, այսպես ասած, ծախված քաղաքական գործիչներ ու հոգին վաճառած իրավապաշտպաններ կան, բայց Հայաստանը պետք է կարողանա աշխատել հայանպաստ դիրքորոշում ունեցող կառույցների հետ: Միջազգային հստակ գործիքակազմ կա, որ, հատիկ-հատիկ, խճանկարի նման հավաքելով, հնարավոր է արդյունքի հասնել: Այդ ամենն, այո, բավական երկար ու դժվար, բայցեւ արդյունավետ ճանապարհ է: Իհարկե, դրան զուգահեռ պետք է ամրացնել բանակն ու անվտանգության հետ կապված մյուս կառույցները»,- ընդգծում է Կարապետյանցը:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Ուկրաինայի օրինակով պետք է գործել, այն է՝ պետության ու հասարակության ամբողջ ներուժն ուղղել ոչ մեկը մյուսի նկատմամբ ցեխ շպրտելու վրա, այլ պետության համար կարեւորագույն խնդիրները լուծելու համար:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ