ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ
Ոլորտի կաթվածահար վիճակի պատճառով Հայաստան մուտք չի գործի 1,5 մլրդ դոլար
Համաշխարհային տնտեսության կրած վնասի չափի մասին դեռ վաղ է խոսել, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ տնտեսության ամենաշատ տուժած ճյուղը լինելու է զբոսաշրջությունը: Այս ճյուղի կաթվածահար վիճակը առաջիկա ամիսներին շարունակվելու է թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում: Քանի դեռ անհայտ է, թե երբ կվերանա կորոնավիրուսի վտանգը, անհայտ է նաեւ, թե երբ կսկսի զբոսաշրջությունը վերականգնվել: Հայաստանի դեպքում այդ հեռանկարը առավել քան մշուշոտ է, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում մենք ակնհայտ տանուլ ենք տալիս, ի տարբերություն աշխարհի մի շարք այլ երկրների (Մակդեոնիա, Սլովենիա, Վրաստան, Չինաստան եւ այլն), որոնք համակարգված աշխատանքի եւ ճիշտ կառավարման շնորհիվ գործնականում դուրս են եկել այդ վիճակից: Այսինքն, մեր դեպքում վստահաբար կարելի է ասել, որ այս տարվա զբոսաշրջային սեզոնըՙ ամառ եւ աշուն, արդեն կորցրել ենք:
Բացի կորոնովիրոսւի դեմ անարդյուանվետ պայքարից, Հայաստանի իշխանությունները չունեն ամենից շատ տուժած ոլորտին աջակցման առանձին հակաճգնաժամային ծրագիր: Ընդ որում, չնայած կառավարությունը զբոսաշրջությունը ճանաչել է գերակա ճյուղ: Հայկական ներգնա զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ընկերությունները փորձում են կառավարության ուշադրությունը գրավել այս հարցով, բայց առայժմ անարդյունք: Նվազագույնը, որ անհրաժեշտ է այդ ոլորտին, որպեսսզի իրենց տրամադրվեն 36 ամիս ժամկետով արտոնյալ վարկեր, ինչը դեռեւս տեղի չի ունեցել:
Այժմ անդրադառնանք Հայաստանի տնտեսության մեջ զբոսաշրջության մասնաբաժինին, վերջին տարիների զարգացումներին եւ այն կորուստներին, որ կրելու է ոլորտն այս տարվա ընթացքում :
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը սկսվել է 2017 թ.-ին, երբ մեր երկիր եկած զբոսաշրջիկների թիվն նախորդող տարվա համեմատ ավելացել էր 18,7 տոկոսով կամ 235 հազարով եւ կազմել 1 մլն 495 հազար: Դրանում մեծ դեր է խաղացել Հայաստանի այդ ժամանակվա կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ կնքված պայմանագիրը, ըստ որիՙ Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկները կարող են գալ ներքինՙ ռուսաստանյան անձնագրերով, այլ ոչ թե արտասահմանյան անձնագրերով: Հիշեցնենք, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների հիմնական հոսքերը երկու երկրներից ենՙ Ռուսաստան եւ Իրան:
Վերոնշյալ պայմանագիրը նպաստեց, որ հաջորդ երկու տարիներին եւս Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելանա: Թեեւ 2018 թ.-ի ապրիլ-հունիս ամիսներին, հայտնի իրադարձությունների պատճառով, զբոսաշրջիկների թիվն անկում արձանագրեց, տարեկան աճը, թեկուզ նվազած, բայց պահպանվեց: Մասնավորապես, Հայաստան այցելեց շուրջ 1 մլն 651 հազար զբոսաշրջիկ, որը 10,5 տոկոսով կամ շուրջ 156 հազարով էր ավելի, քան 2017 թ.-ին: Անցյալ տարիՙ 2019 թ.-ին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն, ըստ վիճակագրական կոմիտեի, կազմեց 1 միլիոն 894 հազարՙ 2018 թ.-ի համեմատ աճելով 14,7 տոկոսով կամ 242 հազարով:
Այժմՙ թե ինչ տեղ է զբաղեցնում զբոսաշրջությունը մեր տնտեսության մեջ եւ մեր կյանքում: Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների, մեկ զբոսաշրջիկը Հայաստանում անց է կացնում միջինը 17 օրՙ ծախսելով շուրջ 770 ԱՄՆ դոլար: Սա նշանակում է, որ 2019 թ.-ին Հայաստան այցելած մոտ 1,9 մլն զբոսաշրջիկներն այստեղ ծախսել են գրեթե 1,5 մլրդ դոլար: Սա մեր համախառն ներքին արդյունքի մոտ 11 տոկոսն է կազմում: Այդ գումարը բաշխվել է զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների, ավիա եւ ավտոբուսային փոխադրողների, հյուրանոցների եւ հանգստյան տների, ինչպես նաեւ ծառայությունների (ռեստորաններ, գեղեցկության սրահներ, տաքսի ծառայություններ, բնակարանների վարձակալություն եւ այլն) եւ առեւտրի (հուշանվերների վաճառքի եւ այլ խանութներ, մոլեր, առեւտրի կենտրոններ) միջեւ: Բնականաբար զբոսաշրջությունը նպաստում է նաեւ մեր արդյունաբերական ապրանքերի եւ գյուղմթերքների արտադրություններին: Այսինքն, այն 1,5 մլրդ դոլարը, որը զբոսաշրջիկները ծախսում էին Հայաստանում եւ որն այժմ այլեւս չի մտնում մեր երկիր, նվազեցնելու է վերոնշյալ ոլորտների շրջանառությունները եւ դրանցում ընդգրկված մարդկանց եկամուտները:
Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում 2017 թ.-ի պաշտոնական տվյալներով ընդգրկված է եղել 44500 աշխատող: 2019 թ.-ին, այդ թիվը մոտ կլիներ 50 հազարի: Այսինքն, այդքան մարդ այս տարվա ընթացքում զրկված է մնալու իր եկամուտներից: Ընտանիքի անդամների թիվն էլ ներառելով, կարող ենք խոսել մոտ 200 հազար մարդու սոցիալական կացության վատթարացման մասին:
Կորոնավիրուսի դեմ կառավարության տապալված պայքարն էլ ավելի է բարդացնում իրավիճակը տնտեսության այս ճյուղում: Որքան ուշ հաղթահարենք մեր երկրում համավարակը, այնքան հետ մնանք զբոսաշրջության համաշխարհային վերականգնումից եւ կկորցնենք մեր երկիր այցելողներին: Կորոնավիրուսի հաղթահարումից հետո զբոսաշրջության պահանջարկը սկզբնական շրջանում արագ է վերակագնվելու եւ դա հնարավորություն է կորցրածը մասամբ եւ արագ հետ բերելու: Այն երկրները, որոնք արագ կհաղթահարեն համավարակը, նրանք էլ առավելագույնը կշահեն զբոսաշրջության պահանջարկի վերակագնումից :
Այս իրավիճակը պետք է համապատասխան եզրակացությունների պատճառ դառնար կառավարության համար: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանից արտերկիր զբոսաշրջության մեկնողներն այս տարի կմնան եւ կհանգստանան Հայաստանումՙ մասամբ փոխհատուցելով դրսից եկող հոսքի բացակայության կորուստները: Սակայն տնտեսական ճգնաժամը բացասաբար է ազդելու նաեւ այդ մարդկանց եկամուտների վրաՙ հետեւաբար նրանցից շատերը Հայաստանի ներսում էլ հանգստի չեն մեկնի:
Ներկայիս գնաժամային վիճակում բացայատվեց նաեւ մեկ այլՙ ավելի հիմնավոր խնդիրՙ զբոսաշրջության ռիսկայնությունը նմանատիպ ճգնաժամերի դեպքում: Այն, որ պետք է խրախուսել այս ճյուղի զարգացմանը, որեւէ մեկը չի առարկում, բայց այն չի կարող փոխարինել արդյունաբերական երկիր լինելուն: Մեր խնդիրը պետք է լինի վերստին ձգտել դառնալ արդյունաբերական երկիր :