RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1080, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՀԱՅՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ ՉԽՈՒՍԱՓՈՂ ՀԱՄԱՐՁԱԿ ՀՆԱՐԱԳԵՏԸ

Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Նախօրոք երբեք չեմ մտածել, թե ինչ եմ անելու: Սիրում եմ տեսնել, թե իմ փորձառությունը ինքնահոսի ուր կտանի ինձ: Չեմ վախենում անհայտությունից», հայտարարում է գրաֆիկական դիզայներ Սթիփ Ալթանը: Նա դեմ է այն կարծիքին, թե յուրաքանչյուր հաջողված պատմության ետին կա լավ մշակված ծրագիր: Նա իր ճանապարհը հարթում է համարձակությամբ մուտք գործելով «անհայտ բնագավառներ», ինչպիսին են նորաձեւությունը, գովազդը, կառավարումը (marketing) եւ գեղանկարչությունը: «Umbro», «Nike», «Mitchell & Ness», ինչպես նաեւ սպորտային «NBA, NHL, MLS» ճանաչված մակնիշների ընկերություններին մասնավորապես երիտասարդական հագուստներ մատակարարող «OuterStuff» ընկերությունում աշխատելիս, նա ստեղծել է իր անձնական ապրանքանշանը, որն անվանել է «Rock Beats Paper»: Ի՞նչ ճանապարհ է անցել նա, փորձել են բացահայտել «AGBU Insider» պարբերականի աշխատակիցները, որոնց ակնարկը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:

Սթիվ Ալթանը ծնվել է Ստամբուլում ապրող հայկական ընտանիքում: Երեք ամսական է եղել, երբ ծնողները տեղափոխվել են ԱՄՆ եւ հաստատվել Քուինսում (Նյու Յորք): Առաջին հինգ տարիները անցկացրել է Սանիսայդում, որ այդ ժամանակ հայ ներգաղթյալների կենտրոնն է համարվել: «Ես շրջապատված էի «հորեղբայրներով եւ մորաքույրերով», որոնք ապրում էին այգու հանդիպակաց կողմում: Այգին մեր բոլորի հանդիպման վայրն էր», հիշում է նա:

Այսպես է, որ հայկական ինքնությունը ձեւավորվել է պատանու կյանքում: Որպես ընտանիքի միակ զավակը, նա իր ժամանակն անցկացրել է «կոմիքսների» կախարդական աշխարհի պատմությունները նկարազարդելով: Նա դրանցում իր մեկնաբանությունն է արտացոլել: «Շատ էի սիրում գրադարան այցելել կամ տեսաժապավեններ վարձել եւ էկրանի վրա տեսածս վերարտադրել թղթի վրա: Անհանգիստ բնավորություն ունեի: Հաճախ խնդիրներ էի ունենում շրջապատիս երիտասարդների հետ, մինչեւ որ ՀԲԸՄ-ի «Camp Nubar» ճամբարն այցելող ազգականուհիս առաջարկեց, որ աշխատեմ իրենց մոտ:

Այդ ժամանակ 17 տարեկան էի եւ բավականին բացՙ նորություններ ընդունելու: «Ամռան ամիսներին երկու տարի աշխատեցիՙ ճամբարի խոհանոցում: Ազատ ժամերիս բնության գրկում նստած նկարում էի: Երբեմն նաեւ երեխաների համար թեթեւ երգիծական «սքեչներ» էինք բեմականացնում, երգեր երգում, նվագում: Ներկայացումների ժամանակ բեմի գեղազարդարումը ինձ էին վստահում: Վստահ կարող եմ ասել, որ ճամբարային կյանք մուտք գործելը իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր: Դա ամբողջովին փոխեց իմ կյանքը եւ ինձՙ որպես մարդ-անհատի: Քաղաքից գալով, բնության գրկում հայտնվելը սկզբում տարօրինակ էր, ցնցող, բայց դա բացահայտեց իմ ներսում առկա ստեղծագործական ոգին»:

Նյու Յորքի «Արեւելյան ավան» կոչված հատվածում նա սկսել է նոր ընկերներ ձեռք բերել եւ ապրել ազատՙ Ջեկ Կերուաքի եւ Ալեն Գինզբերգի օրինակներին հետեւելով: «Կարող եմ խոստովանել, որ 20-ից մինչեւ 30 տարեկանը ես «սոված արվեստագետի» կյանքով եմ ապրել: Գրում էի, նկարում, երաժշտություն հորինում եւ նվագում: Մի խոսքովՙ զբաղվում էի ամենատարբեր աշխատանքներով, բայց ստեղծագործող ընկերներ ունեի, եւ մենք ազդում էինք մեկս մյուսի վրա»:

Որոշ ժամանակ նա օգնել է հորը, որ Մեդիսոն պողոտայի վրա տղամարդու հագուստի խանութ ուներ: Մեդիսոն պողոտան այդ ժամանակ գովազդային արդյունաբերության «մայրաքաղաքն» էր: Տեսնելով, որ զավակը խարխափում է արվեստի տարբեր ոլորտներում եւ չի կարողանում իր տեղը գտնել, հայրը նրան խորհուրդ է տալիս համակարգիչ ձեռք բերել եւ ստեղծագործել:

«Adobe Photoshop» եւ «Illustrator software» ծրագրերին ծանոթանալուց հետո Սթիվը սկսել է փորձարկումներ կատարել կատարողական արվեստի տեխնիկայի եւ ոճերի բնագավառներում: Ստեղծել է սպորտային եւ ռոք կամ «հիպ-հոպ» երաժշտության «աստղերի» կամ «կուռքերի» իր ուրույն նկարները, որոնք էլ ճանապարհ են հարթել ընդունվելու Queensboro College-ի գեղարվեստի բաժինը: Այնտեղ նա սովորել է Պոլ Շինկելի դասարանում: Շինկելը ծանոթ է իր հեռուստատեսային «Art New York» վավերագրական ծրագրով, որի ընթացքում նա հարցազրույց է վարում արվեստի աշխարհում ամենաճանաչված արվեստագետների հետ: Մի անգամ նա Ալթանին ասել է, որ Պիկասոյի ոճի նման է նկարում, բայց «ունի շատ ինքնուրույն ձեռագիր», ինչը ստիպել է արվեստագետին հեռանալ Պիկասոյից եւ առավել խորացնել իր «ինքնուրույնությունը»:

Հետո, իր 30-ամյակի շեմին, նա դիմել է Fashion Institute of Technology (FIT) կրթօջախը, որպեսզի գրաֆիկական արվեստի նրբությունները ուսումնասիրի, բայց մերժվել էՙ այդ բնագավառում որեւէ փորձառություն չունենալու պատճառով: Լինելով հետեւողական, նա FIT-ի շարունակական կրթության դասընթացներին է մասնակցել եւ ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներն ու դասախոսների բնութագիր-հանձնարարականներըՙ դարձյալ դիմել է FIT եւ այս անգամ ընդունվել:

Դա իր հերթին բացել է այլ դռներ:

Խաղալիքների խանութ բանեցնող մի սեփականատեր պատահականորեն մի օր հարցրել է իրեն, թե ուրիշ ինչ ձգտումներ ունի: Սթիվը պատասխանել է, թե գրաֆիկական նկարազարդումներ է սիրում կատարել: Սեփականատերը նրան պատվիրել է ձեւավորել խաղալիքների աչքի զարնող փաթեթներ, ինչը նա պատրաստել է եւ տեղնուտեղը ընդունվել աշխատանքի: Այդ օրվանից սկսել է զբաղվել «գովազդային արդյունաբերությամբ», կամ «արվեստի բիզնեսով»:

Այլ բնագավառներից պատվերների հեղեղը չի ուշացել: Դրանցում նոր ոճի հագուստների պահանջը եղել է առաջնայինը: Իր անկաշկանդ բնավորության, յուրահատուկ տաղանդի, տեխնիկական հմտությունների շնորհիվ նա համարձակորեն մուտք է գործել այդ բնագավառը եւ բախտի բերմամբ, թե ճակատագրի նախախնամությամբ հասել հանրահայտ նորաձեւության ընկերությունների (օրինակՙ Apple Bottoms-ի) արվեստի գծով փնտրված տնօրենը: Բազմաթիվ նորաձեւության ամսագրեր, ինչպիսիք են «Vibe-ը», «The Source-ը» եւ «Seventeen-ը» սկսել են իրենց էջերում զետեղել իր հորինած երիտասարդական արտահագուստները: Նա նոր համազգեստի պատվեր է ստացել նույնիսկ Ամերիկայի օլիմպիական թիմի պատասխանատուներից եւ անհատ «փոփ» երաժիշտներից (Ջեյդն Սմիթ) ու «ռեփ» երգահաններից (Նելլի), եւ իր մտահղացումներով կարողացել է մեծ եկամուտներ պարգեւել իր պատվիրատուներին: Նա գտել է ձեւը բիզնեսի իրական պահանջները բավարարելու` առանց խաթարելու արվեստի անաղարտությունը: Եվ դա, վստահ ենք, նորանոր դռներ է բացելու Սթիվ Ալթանի առջեւ: Հաջողություն մաղթենք նրան:

Նկար 1. Սթիփ Ալթանը Նյու Յորքի Օրչըրդ փողոցի խանութի առջեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ