RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1961, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՎԻ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Մոռացված փախստականներ բրյուսելյան հարթակում

Այս տարի լրացավ Բաքվի ջարդերի, հայաթափության երեսուն տարին: Թե ի՞նչ եղան Բաքվի, Սումգայիթի փախստական հայերը, ի՞նչ ճակատագրի են արժանացել նրանք: Թերեւս այս մտահոգությունն էր համախմբել եվրոպատգամավորներինՙ ականատեսներից լսելու, առավել մանրամասն տեղեկանալու սարսափների միջով անցած մեր հայրենակիցների վկայությունները:

ԵՄ-ում ՀՀ առաքելության եւ ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 5-ին, Բրյուսելում եվրոխորհրդարանում սոցիալ-դեմոկրատական խմբակցության պատգամավոր Կոստաս Մավրիդեսը (Costas Mavrides) հյուրընկալել էր «Մոռացված փախստականներ. ի՞նչ պատահեց Բաքվի հայերին» խորագրով խորհրդաժողովը:

Կիսելով իր մտահոգությունները, եվրոպատգամավոր Կոստաս Մավրիդեսն ընդգծեց, որ թեման առանձնակի հոգեհարազատ եւ սրտահունչ է իր համար, քանի որ Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավման ժամանակ իր ընտանիքը նույնպես փախստականի ճակատագրի կրողն է եղել եւ անցյալի հիշողություններն անջնջելի են: Նա հավաստեց, որ հիշողությունն ամենեւին վրեժխնդրություն չէ, անհնար է մոռանալ, այլ ներկա խորհրդաժողովը հարգանքի տուրք է անմեղ զոհերի հիշատակին: Որեւէ ոճրագործության անպատժելիություն բերում է նոր հանցագործության: Հետեւաբար, արդարության վերականգման համար նա կոչ արեց եվրոհանրությանը չլռել, անտարբերության չմատնել, այլ պարբերաբար բարձրաձայնել:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետեանն իր խոսքում տեղեկացրեց, որ դեռեւս 1990-ին Եվրոխորհրդարանի ընդունած բանաձեւում դատապարտվել է Ադրբեջանի կողմից կազմակերպված Սումգայիթի, Բաքվի,Կիրովաբադի ջարդերը:

Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը ներկաներին հիշեցրեց Ադրբեջանի կողմից մինչ օրս պարբերաբար իրականացվող սադրանքների մասին, հատկապես նշելով 2004- ին խաղաղ պայմաններում ՆԱՏՕ- ի կողմից կազմակերպված դասընթացների ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու դեպքը, որից հետո մարդասպանն ազգային հերոսի կոչման արժանացավ Ալիեւի կողմից: ՀՀ դեսպանը ներկաներին հիշեցրեց նաեւ Ադրբեջանի կողմից 2016թ. պատերազմական գործողությունների վերսկսման մասին:

Խորհրդաժողովի բանախոս, ամերիկահայ գրող, իրավաբանական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ եւ ակտիվիստ Աննա Աստվածատուրյան Թերքոթը ներկաներին պատմեց իր կյանքի պատմությունը, թե ինչպես է իր ընտանիքը 1990-ի Բաքվի ջարդերից փախել, ինչպիսի դժվարությունների ու սարսափների միջով են անցել, մինչեւ կարողացել են հասնել Հայաստան, իսկ երկու տարի անց տեղափոխվել ԱՄՆ: Իր կյանքի ողբերգական պահերը վերհիշելիս Աննայի ձայնը դողում էր, խոսքը մերթընդմերթ ընդհատվում: Քար լռություն էր դահլիճում, Աննայի հոգեվիճակը ներկաներին էր փոխանցվել:

Հուզիչ էին նաեւ Բրյուսելի Բաց համալսարանի դասախոս, թարգմանիչ Դավիդ Բաբաեւի վկայությունները: Նա պատմում էր իր ընտանիքի մասին, թե ինչպես են ճողոպրել, մինչդեռ շատ հայերի չի հաջողվել փախչել, նրանց կենդանի այրել են, կանանց բռնաբարել, սադիստական դաժանությամբ հայերին ծեծել են, խոշտանգումների ենթարկել, ողջակիզել: 350 հազարից ավել հայեր տեղահան եղան, նրանցից շատերի ճակատագիրն անհայտ մնաց: Սումգայիթի, Բաքվի վայրագությունները նախապես պլանավորված,կազմակերպված են եղել, մի քանի անգամ հավաստեցին բանախոսները, հուսալով որ եվրոատյաններում պարբերաբար պետք է այդ մասին խոսել, բարձրաձայնել, եւ որ այդ վայրագությունները չպետք է անպատիժ մնան:

Խորհրդաժողովն իր մասնակցությամբ զարդարում էր Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության Մեծ Բրիտանիայում նույնանուն կազմակերպության նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը : Նա փաստերով, տեսահոլովակներով մանրամասն ներկայացրեց բոլոր այդ տարիների արցախյան հիմնախնդրի, հայաթափության, պատերազմի մեջ գոյատեւող հայության իրավիճակը, փաստելով, թե ադրբեջանցիներն օրական չորս հարյուր հրթիռ էին արձակում Լեռնային Ղարաբաղի վրա եւ ադրբեջանական ռմբակոծիչների հարվածների զոհ էին դառնում անմեղ մարդիկ: Բանախոսը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվեց Սումգայիթում, Բաքվում, Լեռնային Ղարաբաղում. ադրբեջանցիները կազմակերպված էթնիկ զտում, ցեղասպանություն են արել եւ հորդորեց,որ միջազգայնորեն ճանաչել այդ բոլորը, որպեսզի կանխվեն հետագա վտանգները:

Խորհրդաժողովին ներկա էին նաեւ ադրբեջանցիներ: Նախորդ տարվա համեմատ այս տարի ադրբեջանցի ունկնդիրներն ավելի «բարեկիրթ» գտնվեցին: Եթե անցյալ տարի Եվրոխորհրդարանում ընթացող Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ կոնֆերանսն ադրբեջանցիները բոյկոտեցինՙ պաստառներով ներխուժելով դահլիճ, ասելով թե հայերն էլ Խոջալուի ջարդերն են կազմակերպել, իսկ երբ բանախոսների կողմից ստացան մանրամասն տեղեկատվություն, թե ինչպես, ինչ հանգամանքներում եւ ովքեր են Խոջալուի իսկական մեղավորները, լռեցին եւ առանց այլեւս հարց տալու հեռացան դահլիճից:

Այս անգամ ադրբեջանցի մասնակիցներն, առանց որեւէ բողոքի ակցիայի, պարզապես ներկա էին խորհրդաժողովին եւ վերջում հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեցին, ասելով, թե ինչու չեք խոսում, որ հայերը գրավել են Ադրբեջանի յոթ շրջանները, որ ադրբեջանցիները բռնի տեղահանվել են եւ Ադրբեջանը եւս ունի մեծաթիվ փախստականներ: Հարցին ի պատասխան Բարոնուհի Քերոլայն Քոքսը խիստ տոնով հակադարձեց, ասելով, որ դուք ադրբեջանցիներդ սովորում եք Եվրոպայի լավագույն ԲՈԻՀ-երում, սակայն մինչ օրս ցավոք չգիտեք, չեք տիրապետում նույնիսկ ձեր իսկական պատմությանը: Նա նշեց, որ ինքն անձամբ ականատեսն ու վկան է այն ամենի, ինչ կատարվել ու կատարվում է Ադրբեջանի կողմից, հստակ ընդգծելով, որ ինքը խոսում է միայն փաստերով ու ապացույցներով: Բարոնուհին ադրբեջանցի լսարանին խորհուրդ տվեց նույնպես փաստերով խոսել եւ հարց տալուց առաջ գիտակ լինել, տիրապետել սեփական երկրի ճիշտ պատմությանը, անձամբ հետաքրքրված լինել խնդրով, այլ ոչ թե մեխանիկորեն կրկնել այն, ինչը իրենց թելադրել, մատուցել է ադրբեջանական քարոզչությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ