RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019



Տեղադրվել է` 2019-11-08 11:48:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1145, Տպվել է` 126, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ՄՆԱՑԻՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՀ շարքային մտավորական

Մերօրյա իրադարձությունների հորձանուտում ավելի ու ավելի նկատելի է դառնում մի տխուր ու ցավոտ իրողություն, որը հար եւ նման է «Մենք ենք մեր սարերի» դրվագներից մեկին: Այնտեղ ասվում է.

- Պետությունը բժշկին քիչ է վճարում, մանկավարժին քիչ վճարում, մեզ բոլորիս քիչ է վճարում, որ էս երկիրը երկիր դառնա:

Բայց արի ու տես, որ այսօր էլ բժշկին ու մանկավարժին պետությունը քիչ է վճարում, բանվորին ու գյուղացուն, հայրենիքի պաշտպանին նույնիսկ կոպեկներ է վճարում, իսկ երկիրը «երկիր չի դառնում», մեր երազած, մեր ցանկացած ուժեղ ու հզոր, ազգը պաշտպանող, ազգի միակ ցանկալի կացարանի չի վերածվում: Եվ որքան էլ նախատեսենք ու ծրագրեր մշակենք, դեռ շատ հեռու ենք բոլորիս երազած հայրենադարձությունն իրապես տեսնելուց: Ընդհակառակը, ամեն անգամ հատկապես գիտության ասպարեզում աշխատողների հետ շփվելուց ավելի նկատելի է «դուրս գնալու», դրսում կայանալու ձգտումը, քան Հայրենիքում մնալու մղումը: Ավելին, այդ ասպարեզում դժգոհություններ եւ նույնիսկ զգալի բացասական լիցքեր կան կուտակված, որոնք, մեղմ ասած, մեծ մասամբ հիմնավորված են:

Այսպես, թավշյա հեղափոխությունից առաջ բոլոր բնագավառների վերաբերյալ այս կամ այն կերպ խոսվում էր, տարբեր մակարդակներով լուրեր էին շրջանառվում աշխատավարձերի բարձրացման մասին, որոնք հիմնականում խոսակցությունների մակարդակում էլ մնում էին: Ենթադրվում էր, որ իրավիճակը կփոխվի, բայց արի ու տես այդ փոփոխությունները վերաբերում են միայն իրենց` իշխանության վերնախավին եւ նրանց սպասարկող իրավական բնագավառի աշխատողներին:

Աշխարհի տարբեր ժողովուրդների պատմություններից հայտնի է, որ օրինակ հին Հռոմում յուրաքանչյուր նոր կառավարիչ կամ կայսր իր իշխանական գործառույթներն սկսում էր վետերաններին ու բանակին տարբեր ձեւերով սիրաշահելուց: Նույնը կատարվում էր միջնադարում եւ ավելի ուշ շրջանում, քանի որ իշխանության ուժն ու հենարանը համարվում էր բանակը, զորականը: Հայտնի են նաեւ բազմաթիվ դեպքեր, երբ բանակն ու զորականն անտեսվել են, միշտ գտնվել են ճարպիկ ու խելացի քաղաքագետներ, որոնք օգտագործել են այդ հանգամանքը, հենվել բանակի դժգոհ մասի վրա եւ տապալել գործող իշխանությունն ու իրենք տիրել դրան (հիշենք մամլուկներին, ենիչերիներին, երիտթուրքերին, բոլշեւիկներին եւն.):

Հայտնի ճշմարտություն է, որ 21-րդ դարում նորմալ որեւէ պետության ու քաղաքակիրթ ազգի համար հիմնական հենարանն ու երկրի գլխավոր ուժը իտելեկտն է: Հետեւապես բոլոր զարգացած ու քաղաքակիրթ երկրներում մտավորականությունը մշտապես իշխանությունների ուշադրության ու հոգածության կենտրոնում է: Խորհրդային տարիներին Հայաստանում էլ այդպես էր, սակայն նույնը չես ասի անկախության տարիների մասին: Ընդհակառակը. ո՛ր քաղաքական ուժն ու անհատը որ եկան իշխանությանՙ հենց սկզբից արեցին ամեն ինչ մտավորականությանն ամբողջովին ունեզրկելու, խեղճացնելու եւ ասպարեզից դուրս մղելու համար: Չգիտես ինչ մտածես: Հավանաբար նրանք զգուշանում կամ վախենում են խելացի ու կիրթ մարդկանցից, քանզի ակնհայտ իրողություն է, որ մարդիկ որքան տգետ են լինում, այնքան հեշտ է նրանց կառավարելը: Այլ բանաձեւ ու բացատրություն այս դեպքում ուղղակի գոյություն չունի:

Գիտության ասպարեզի աշխատողների մի մասն անկախության տարիներին լքեց Հայաստանը: Երիտասարդներն էլ, որոնք պետք է փոխարինեին ավագ սերնդի գիտնականներին, ականատես լինելով մտավորականության արհամարհված, կիսաքաղց վիճակին, կամ թողեցին գիտության ասպարեզը եւ սկսեցին տաքսի վարել կամ պարզապես նրանք էլ հեռացան երկրից: Փաստե՞ր են անհրաժեշտ, որքան ցանկանաք: Բերեմ դրանցից մեկը. գտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ առաջատար գիտաշխատողը 50 հազար դրամ հավելավճարով հանդերձ ստանում է ընդամենը 114 հազար ՀՀ դրամ: Եվ դա այն դեպքում, երբ այդ նույն պրոֆեսորի երեկվա ուսանողը, որ դատավոր կամ դատախազ է դարձել, ստանում է 4-5 անգամ ավելի: Դե եկ վարդապետ, այս դեպքում ճիշտ կլինի ասելՙ պրոֆեսոր, ու մի խենթանա...: Էլ չխոսենք իշխանության բարձր ոլորտներում աշխատող հրաշամանուկների մասին, որոնք այդ նույն պրոֆեսորի համեմատ տաս եւ ավել անգամ են վճարվում: Ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ, անհասկանալի է:

Այդպիսի իրավիճակ էր անկախության բոլոր տարիներին: Հույս ունեինք, որ թավշյա հեղափոխությունն ինչ որ բան կփոխի, բայց արի ու տես, որ խոստացված իրավիճակը գիտության ու մտավորականների համար ոչ միայն չփոխվեց, այլեւ շրջանառվող Գիտության ու կրթության նոր նախագծով ընդհանրապես լուսանցքից այն կողմ է մղվում եւ ավելի մռայլ տեսք է ստանում:

Իսկ այն պատճառաբանությունը, թե դատավորին, դատախազին ու էլ չգիտեմ ում պետք է երկու-երեք միլիոն վճարենք, որ հանկարծ կաշառք չվերցնեն, ուղղակի ծիծաղելի է ու զարմանալի: Այսքա՞ն էլ անտրամաբանական, անհեթեթ սարկազմով հարուստ բան կլինի: Այդ դեպքում ինչ է ստացվում. զինվորին է՞լ պետք է հինգ կամ տաս միլիոն վճարենք, որ երկիրը լավ պաշտպանի: Չէ, իսկապես, եթե համեմատենք գիտությանը եւ ընդհանրապես իր ժողովրդի համար այդ նույն պրոֆեսորի ներդրումը իր վաղեմի սան դատավորի արածին, ապա հազիվ թե այն հօգուտ վերջինիս լինի: Քավ լիցի, շատ հեռու եմ որեւէ մեկի արածը չգնահատելու մտքից: Համոզված եմ նաեւ, որ յուրաքանչյուրն իր գործն է կատարում, իսկ ամեն գործ էլ կարեւոր է, բայց...: Համոզված եմ նաեւ, որ գիտության ու մտավորականների նկատմամբ այստեսակ արհամարանքն ու ընդգծված չտեսնել տալու գործելաձեւը երկար չի կարող շարունակվել, քանի որ ցայսօր չգնացողներն էլ գնացող չեն եւ կանեն ամեն ինչ իրավիճակը շտկելու համար: Այնպես որ, իշխանությունները մտորելու առիթ ունեն իսկապես:

6.11.2019

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ