RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019



Տեղադրվել է` 2019-01-11 00:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1879, Տպվել է` 245, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐԵՐԸ ...

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերջին քսան օրը, հայերիս ամանորյա կենացաբանության ընդմեջեն, հնարավորություն ունեցանք հետեւելու համարյա բոլոր իրադարձություններին, եւ կարելի է ասել, հունվարի 14-ին կայանալիք նոր գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանին ընդառաջ` կատարյալ մշուշոտ պատկեր արձանագրեցինք շատուշատ առումներով: ԶԼՄ-ները զբաղված են երկրորդական թեմաներից դարի հարց սարքելով, հասարկության միտքը զբաղեցվում է հնդիկներին Հայաստան այցելելու ավելի մեղմ ռեժիմ տրամադրելու կառավության որոշման շուրջ կրքեր բորբոքելով, Կարագանդայի դեպքի ժամանակ հայերի դերակատարության շուրջ աղմուկով, զինակոչիկների ավտոբուսի հետ կապված իրոք անթույլատրելի խուլիգանական արարքի շուրջ զարգացումներով եւ այլն: Ի դեպ առաջին պլան են մղվում այդ դեպքերի վերաբերյալ ծայրահեղացված մոտեցումները, մինչդեռ հավասարակշռող առարկություններն ինչ-որ չերեւացող են` ոչ թե Երեւանը հնդիկներով լցնելու հեռանկարի դեմ պիտի բողոքել, այլ տեղական աշխատաշուկան օրենսդրորեն կամ որոշումներով պաշտպանելու հարց բարձրացել, կամ` բանակում, իրոք, այնպես փոխել վիճակը, որ անգամ կրիմինալը նրա հետ հաշվի նստի, կամ` ԱԳՆ աշխատանքը հայկական համայնքերի հետ այն աստիճանի ակտիվ ու սերտ դարձնել, որ համայնքներում զգան` իրենք ուրիշ պետությունում ի վերջո Հայաստանն են ներկայացնում, անգամ եթե Հայաստանի քաղաքացի չեն, եւ իրենց արարքները տեղավորեն այդ հայեցակետում:

Մինչդեռ նոր իշխանության ձեւավորումից հետո երկրի առաջ կանգնած առաջնահերթ խնդիրների մոտակա լուծումներն այնքան էլ չէին նշմարվում: Իհարկե, եթե դա արեւմտյան հայտնի տեխնոլոգիաների ակամա կամ մտածված կիրառումն է` ապա շատ կարճ ժամանակ ուժ կունենա, քանի որ պրոբլեմները ելել- խեղդում են մեզ` աղբախեղդ Երեւան, Մահվան երթուղայիններ, աղքատության անթույլատրելի աստիճան, տնտեսության առաջնահերթ, անհետաձգելի վերբեռնման անհրաժեշտություն, եւ երկար չենք կարող հասարակությանը հեռու պահել այդ խնդիրների վերաբերյալ մտորելուց, բողոքելուց եւ ելքեր որոնելուց: Խոսքն այն հայտնի տեխնոլոգիայի մասին է, որ հասարակությանը խնդիրների շուրջ մտորելուց հեռացնելու ամենապարզ միջոցը ժողովրդի ուշադրության շեղումն է քաղաքական եւ տնտեսական կարեւոր իրադարձություններից եւ որոշումներիցՙ լրատվական դաշտը հեղեղելով աննշան նորություններով: Այսպիսով, քաղաքացիները հնարավորություն չեն ունենում տեղեկություն ստանալ առկա մարտահրավերների իրական նկարագրի մասին ( Արցախի հարց, տնտեսական հեռանկար, սոցիալական խնդիրների լուծում), որ իրենց անելիքն իմանան: Ինքներդ մտածեք`մեր լրահոսը հագեցած է շոու բիզնեսի, սեքսի, սպանությունների եւ ավտովթարների, միստիկ երեւույթների, զանազան «բառադի» բաների մասին նորություններով, որոնք սրում են մարդու զանազան բնազդերը, հեռու պահում իր իրավունքների իմացությունից ու դրա համար իրոք գլուխ ջարդելուց:

Այն դեպքում, երբ նոր իշխանության` նույն հանրությունից ստացած վստահության ռեսուրսը, եթե մոտակայում չսկսվի կյանքը փոխելուն ուղղված մեծածավալ աշխատանք, կարող է շատ արագ սպառվել-փոշիանալ, որը Հայաստանի այս հանգրվանի համար բնավ ցանկալի չէ, քանի որ նախկին իշխանությանը տուն ուղարկելուց հետո նոր իշխանությունը, հանրության հետ միասին, ժամանակի բավական կորուստ է ունեցել:

Մանդատների խմբաքանակ. այս բնորոշումը ԿԸՀ մամուլի քարտուղարինն է, դա հնչում էր երեկ, օպերայի եւ բալետի բեմում, ուր այդ խմբաքանակները տրվում էին իրենց տերերին: Դե` մի մարդու` Նիկոլ Փաշինյանի հեղինակության ու հովանու ներքո տարբեր խմբերի պատգամավոր դառնալը խմբաքանակով պատգամավոր դառնալ չէ-ի՞նչ է, այնպես որ` լավ էլ դիպուկ բնորոշում է:

Նախկինի պես ոչ թե կայուն, այլ սահմանադրական խորհրդարանական մեծամասնություն ունեցող նոր իշխանությունը կանգնած է ծանր խնդիրների առաջ: Ամեն ինչից երեւում է, որ խորհրդարանը հազիվ թե դառնա հարցեր լուծող կենտրոնը, չնայած այդպես է Սահմանադրությամբ: Համենայնդեպս` վիզուալ հետեւելով մանդատաբաշխմանը ու ավելի վաղ կենսագրությունների ուսումնասիրմանը զուգահեռ նաեւ պատկեր ամրագրելով առկա փաստական նյութին` հատկապես սահմանադրական մեծամասնության առումով չի կարելի ասել, որ հիացած ենք. նրանց երկու- երրորդը կարճ կիսաշրջազգեստով աղջիկներ եւ նեղուս կոստյումներով նիհարիկ տղաներ են, կոնտիգենտ, որ հազիվ թե ունակ է մոխրագույն զանգվածից տարբերվող նյութ ձեւավորել: Մեր հույսը էլի մնալու են մի շարք խարիզմատիկ անհատներ, որ, այնուամենայնիվ, «Իմ քայլում» կան, այս դեպքում անհասկանալի էր, թե ինչու որոշողները (որոշողը) չլսեցին մեր դիտողությունները եւ չսահանափակեցին խորհրդարան անցածների թիվը, այդպիսով մյուս խմբակցություններից եւս քիչ պատգամավորներ տանելով եւ պետության ֆինանսները խնայելով: Մանավանդ` այլ ուժի կարիք չունեցող «Իմ քայլը», այնուամենայնիվ, նպատակահարմար է համարում «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցության հուշագրի ստորագրումը (այդպիսի արտահոսք կա), դա խոսում է այն մասին, որ մեծամասնությունն, այնուամենայնիվ, վախենում է իր անփորձությունից եւ չի խորշում գործածել ամբողջովին իր հին պատգամավորներին կրկին խորհրդարան բերած ԲՀԿ-ականների փորձառությունը, մինչեւ հասկանա` սեփական պատգամավորները միս են, թե՞ ձուկ:

Այդ դեպքում կառավարության օպտիմալացումը մի տեսակ ինքանպատակ է թվում, եթե, իհարկե, դրա հիմնական նպատակը Սփյուռքի եւ Մշակույթի կրճատվող նախարարություններից նախկիններիՙ քեռի-մորաքույր-սանիկների տուն ուղարկումը չէ կարճ ժամանակում. գաղտնիք չէ, որ այդ նախարարություններում համարյա պատահական մարդ չկա, իսկ եղածների մեծ մասը իրենց անձնական խնդիրների լուծմամբ են զբաղվել: Բայց ումով են ուզում փոխարինել այնուամենայնիվ աշխատելու այբուբենն իմացողներին, սա է հարցը, առհասարակ ինչպես է Նիկոլ Փաշինյանը կազմելու արդյունավետ կառավարություն, որ միակ լիարժեք աշխատողն ինքը չլինի: Համենայնդեպս` Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի նախարարությունը վերացնելու մտահոգությունների առիթով վերջին կառավարության նիստում ասել է, թե ավելի սերտ են գործակցելու Սփյուռքի հետ եւ համագործակցության ձեւաչափի վերաբերյալ առաջարկ-մոդել են ներկացնելու` Սփյուռքի հետ քննարկման դնելով այդ առաջարկը:

Բոլոր դեպքերում կառավարության նոր կառուցվածքի եւ օպտիմալացման մասին մտորելով` նկատենք, որ խորհրդարանն ավելի շատ հանրային հատվածում պատգամավորներով լցոնած «Իմ քայլի» բացարձակ առաջնորդը շուտով կհամոզվի, որ մի բան է արտերկրի գրանտներով աշխատած մարդու կամ փողոցում միջոցառում իրականացնողի փորձառությունը, մի այլ բան` պետական մտածողութունը, քանի որ առաջին դեպքում դա չի պահանջվել, եթե չասենք` ընդհակառակը, պետության շահերի ստորադասումն ընդունված է եղել գրանտային եւ փողոցային պահանջներում: Հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը կհասկանա, որ կա՛մ հանրային սեկտորը կխժռի իրեն, կա՛մ` ինքը նրանց, որպես պետության կառավարիչ, վերջին դեպքում պետությունն ավելի ապահով կզգա իրեն: Եթե Փաշինյանն արդեն զգացել է պետական հայացք չունեցողներից եկող վտանգը, ապա դա հստակ կարտացոլի նոր կառավարոթյան կազմում` կառավարության տապալումը բացառելու համար դիմելով ավելի շատ պրոֆեսիոնալների օգնությանը: Եթե ոչ` այդ խնդրին ամեն օր բախվելու է իր աշխատանքի ժամանակ, ինչպես այն անգամ, երբ ստիպված եղավ բարձրաձայնել, թե Հայատանում որոշումները ոչ թե Համաշխարհային բանկն է կայացնում, այլ վարչապետը: Համենայնդեպս` զգուշացնում ենք, որ եթե չի կարողացել խորհրդարանի իր մեծամասնությունը մի փոքր բեռնաթափել ՀԿ-ների պատահական մարդկանցից, ապա դա անի կառավարության ենթակառուցվածքներում:

Կրկին անդրադառնալով ապագա խորհրդարանի քարտեզին` նշենք, որ փաստորեն եթե ԲՀԿ-ն ստորագրի հուշագիր «Իմ քայլի» հետ, ապա ինքստինքյան, ինչպես սիրում է ասել Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության ընդդիմադիր լինելու պարագան ոչ եւս կլինի, միակ ընդդիմադիրը խորհրդարանում կլինի «Լուսավոր Հայաստանը», որ էլ օրենսդրությամբ հարկ է, որ ստանա ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը: Սակայն դատելով մամուլի արտահոսքերից` քննարկվում է նաեւ երեք խմբակցությունից միաժամանակ ԱԺ փոխնախագահ ունենալու տարբերակը, համենայնդեպս ինքը` Փաշինյանն արտահայտվել է ավելի մեծ խմբակցության` ԲՀԿ-ի ներկայացուցչին ԱԺ փոխնախագահներից մեկը դարձնելու օգտին: Արարատ Միրզոյանը, որ ըստ լուրերի դառնալու է ԱԺ նախագահ, խոսել էր ըստ քաղաքական կշռի փոխխոսնակի ընտրության սկզբունքը խախտելու անթույլատրելիության մասին: Անգամ ԲՀԿ-ից արտահոսք կար, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությանը` Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն այդպիսով ոչ հրատապ դարձնելով, չնայած խարիզմատիկ Զոհրաբյանն ավելի հարմար է այդ պաշտոնին: Բոլոր դեպքերում`փոքրիկ համերաշխության քայլ կլինի, եթե բոլոր խմբակցություններն ունենան ԱԺ փոխխոսնակ, թեեւ դա սահմանադրական տրամաբանությանը մի փոքր հակասում է, ըստ որի ընդդիմադիր խմբակցությանն է տրվում փոխխոսնակի քվոտա: Մյուս կողմից` եթե «Լուսավոր Հայաստանը» չստանա ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, միգուցե ոչ թե նշանակովի, այլ իրական ընդդիմություն եւ իսկապես հակակշիռ դառնա` հանրությունը մոռացնել տալով, թե ովքեր են կանգնած այս ուժի ստեղծման ակունքներում եւ իրոք հակակշռի իշխանությանը, հը՞: Սակայն այս տարբերակը քիչ հավանական ենք համարում, քանի որ ԱԺ կանոնակարգով հենց իրեն ընդդիմադիր հայտարարած խմբակցությունը պետք է ԱԺ փոխխոսնակի քվոտա ունենա:

Հետաքրքրական զարգացումներ կան արտախորհրդարանական տարածքում: Կարկառուն ՀՀԿ-ականներ Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում են գրել: Դրան նախորդել էր այն լուրը, որ մի շարք ԶԼՄ-ներ գնել ու հոլդինգ են ձեւավորել մի շարք երիտհանրապետականներ, որոնց մեջ են նաեւ այս երկուսը (նաեւ` Կարեն Բեքարյանն ու Արման Սաղաթելյանը): Չնայած` անհասկանալի է, թե պատգամավորի աշխատավարձով ինչպես են այդ մարդիկ գնել «Արմնյուզը», «Լավ» ռադիոն եւ tert.am-ը, եթե վճարունակ մեկը չկա իրենց թիկունքում: Դե` գիտեք, հայաստանյան պրակտիկայում որեւէ նոր քաղաքական ուժի ձեւավորումը սկսվում է լրատվամիջոցներ գնելով: Հավանաբար այն վերբեռնումը եւ սերնդափոխությունը, որ ժամանակին խոստանում էր Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում, ու դա այդպես էլ իրականություն չդարձավ, հիմա կատարվելու է լրիվ ուրիշ ձեւաչափով: Մանավանդՙ բոլորը մոռացել են «Մերժիր Սերժին» կարգախոսն ու կենտրոնացել են Քոչարյանին մերժելու վրա:Նկատի ունեցեք, որ արտախորհրդարանական են նաեւ ՀՅԴ-ն, մի շարք այլ ուժեր, որոնք, անշուշտ, կարող են արտաքին ընդդիմադիր բեւեռ ձեւավորել: Իսկ առայժմ մեզ սպասվում է նոր պաշտոնաբաժանություն խորհրդարանում եւ կազմվելիք կառավարությունում, որին, խոստովանենք, հայ ժողովուրդը շատ է սիրում հետեւել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019

AZG Daily #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ