RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



Տեղադրվել է` 2018-11-09 20:05:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3367, Տպվել է` 507, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀԱՄԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ... ՈՍԿԻ՞

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Հայկական մաֆիա»

Նոյեմբերի 2- ին գերմանացի հետաքննող լրագրողներ Մայք Բաումգերթները, Յորգ Դիհլը, Աքսել Հեմմերլինգը, Լուդվիգ Քենդցիան եւ Մարտին Քնոբբեն ( Maik BaumgՊrtner, JՓrg Diehl, Axel Hemmerling, Ludwig Kendzia, Martin Knobbe) առցանց «Շպիգել»-ում, Կենտրոնական Գերմանիայի երեք երկրամասերիՙ Սաքսոնիայի, Սաքսոնիա-Անհալթի, Թյուրինգիայի տեղական MDR ռադիոհեռուստաընկերության կայքէջում, գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի «Օրվա համայնապատկեր» լրատվականի կայքէջում տեղադրեցին նույն հետաքննությունը, որ վերջին լրատվամիջոցի վերնագրմամբ այսպես է ձեւակերպվածՙ « Հայկական մաֆիանՙ տեսադաշտում»: Նոյեմբերի 3- ից հայկական ԶԼՄ- երը անդրադարձան այս հետաքննությանըՙ առիթ ունենալով հնարավորինս մանրամասն տեղեկություններ քաղել «հայկական մաֆիայի» մասին գերմանական վերջին հետաքննությանն նույն օրը առաջինն անդրադարձած «Հետք»-ից:

2014- ից վեր «Ազգը», հենվելով գերմանական լրատվամիջոցներիՙ մասնավորապես MDR- ի հրապարակումների վրա, պարբերաբար փոխանցել է բոլոր այն քրեական պատմությունները, որոնց հնարավոր դերակատարն է նկատվել «հայկական մաֆիան»:

Մեր ընթերցողները կմտաբերեն, որ MDR- ի վերջին հրապարակումների մեջ արդեն շրջանառվել էին գերմանաբնակ բռնցքամարտիկներ Կարո Մուրադի, նրա եղբորՙ Կոկոյի, Արթուր Աբրահամի, նրա եղբորՙ Ալեքսանդրի հնարավոր առնչությունը «գերմանահայկական մաֆիայի» տարբեր կլաններին, եւ նոյեմբերին հրապարակված լրագրողական հետաքննության մեջ այդ իմաստով մեծ նորություն չկար: Կասկածվում են, բայց ապացույցներն անբավարար են...

Գերուշագրավը սակայն նոր ենթաէջն է, որ բաց է անում հետաքննությունըՙ մաֆիայի գործունեության պարագիծը ենթադրաբար հասցնելով ՀՀ դիվանագիտական շրջանակներՙ թիրախավորելով Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին: Նոյեմբերի 3- ին գերմանական առցանց լրատվահոսքին, որ «հայկական մաֆայի» մասին հետաքննությունը տարածել էր ոչ ամբողջական, ավելացավ նույն օրը լույս տեսնող տպագիր «Շպիգելը»: Այստեղ հետաքննությունն այնքան բառաշատ էր, դեսպանին վերաբերող պարբերություններում այնքան ծանր գույն կար, թեկուզ կասկածի ու ենթադրությունների մակարդակում, որ դժվար էր կարդալ ու լուռ նստել: Այն տպավորությունն ունեցանք, թե հայաստանյան լրատվամիջոցներին հասու դարձավ հետաքննության միայն ամփոփ տարբերակը: Եթե տպագիր «Շպիգելում» մեծ լրատվություն կա, ուրեմն «հոսելու» է...Այդ էր պատճառը, որ լրագրողական մեր խիստ մանրամասն հարցաշարը կազմեցինք տպագիր «Շպիգելը» այսպես ասածՙ խոշորացույցով կարդալուն զուգահեռՙ մի նպատակ հետապնդելովՙ այն, ինչի մասին հաղորդում է պարբերականը, կփոխանցենք ձեւակերպված հարցի տեսքով, կզետեղենք դեսպանի պատասխանը, ու հնարավոր ապատեղեկատվությունը, մանավանդ սոցցանցերում շրջանառվող որոշ մեկնաբանություններ ու ենթադրություններ բամբասանքի թեւերով գետնից չեն կտրվի: Առաջին ձեռքից ստացված տեղեկատվությունը կեղծիքն ու շահարկումը չեզոքացնող բանաձեւ է: Դեսպան Սմբատյանը , որ ինչպես միշտ պատրաստակամ էր պատասխանել մեր գրավոր հարցերին, բանավոր զրույցում դրանց կարճառոտ համոզիչ ձեւակերպումներ տվեց, այդուհանդերձ հուշեց կարգըՙ դրանք վերադասիՙ արտգործնախարարության ուշադրությանը պիտի ներկայացվեն, նրա արտոնությունից հետո հարցազրույց կլինի: Երկուշաբթի օրվանից ի վեր ԱԳՆ- ի պատասխանին սպասելով, դրանք չստանալով, որոշեցինք մեր հարցերը վերաշարադրել ստորեւՙ թեկուզ առանց պատասխանների: Մեր հարցերի մեջ «պատմություն» կա.

- Գերմանական լրատվամիջոցները տարիներ շարունակ իրազեկում են «հայկական ճյուղավորված մաֆիայի», տարբեր կլանների միջեւ պայքարի մասինՙ նշելով հստակ դեպքեր, դրվագներ, փաստեր: Դուք Գերմանիայում եք վաղուցՙ 1999- ից ՀՀ դեսպանության աշխատակից եք, ճանաչո՞ւմ եք այդ կլաններին, նրանց անդամների հետ ծանո՞թ եք :

- Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցում դաշնային իրավապահ մարմիններին, քրեական վարչության աշխատակիցներին սատարել է Եվրոպոլը, 42 անձանց ֆինանսներ են ստուգվելՙ փողերի լվացման կասկածանքով, վերծանվել են հեռախոսային խոսակցություններ, էլեկտրոնային փոստի նամակագրությունը, սակայն տարբեր պատճառներով իրավապահներին չի հաջողվել բավարար ապացույցներ ձեռք բերել, ինչը վկայում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցում պետության անզորության մասին, գրված է «Շպիգելի» հոդվածում: Բավարար ապացույցներ ուրեմն չկան, բայցՙ «Շպիգելի» եւ MDR- ի հրապարակած հոդվածի համաձայն, Ձեզ արդեն 10 տարի կասկածում են մարդկանց ապօրեն տեղափոխող միջազգային ցանցում ընդգրկված լինելու մեջ: Իրավապահ մարմինները Ձեզ հետ երբեւէ հանդիպե՞լ, ակնարկե՞լ են սրա մասին:

- 2008-ից արդեն, ինչպես գրված է հոդվածում, Գերմանիայի դաշնային հետախուզական վարչությունում Ձեր անունով գաղտնի թղթապանակ կա, որում նշված է, թե Դուք, մեջբերում ենք տառացիՙ «օրենքով գող» եք: Բայց դաշնային քրեական վարչության, ինչպես նաեւ Ինտերպոլի գրագրության մեջ Ձեր հասցեին այդ բնորոշումը չկա: Ինչպես նույն հոդվածից ենք տեղեկանում, Ձեր փաստաբանը «անհեթեթ» է որակել այդ բնորոշումը: Այդպիսի ծանր պիտակավորումն, անկեղծ ասած, ընկալելի չէ: Հոդվածում իհարկե մեկնաբանված էՙ ինչ է նշանակում «օրենքով գող»ՙ պետության համար չեն աշխատում, բանակում չեն ծառայում...Ձեր պարագայում կարծես նաեւ թվարկածն այնքան էլ չի համընկնում: Ի՞նչ եք պատրաստվում անել:

- 2008- ին Դուք դեսպանության աշխատակից էիք, բայց դիվանագիտական աստիճան չունեիք: Ասել է, թե զու՞րկ էիք ներկայիս դիվանագիտական անձեռնմխելիությունից: Եթե այո, ապա Ձեր դեմ կարող էին գործ հարուցել: Ինչո՞ւ չեն արել:

- Ավելինՙ Դուք դրանից հետոՙ 2014- ին դեսպան եք նշանակվել այդ նույն երկրումՙ ԳԴՀ- ում: ՀՀ նախագահի առաջարկին Գերմանիան չի առարկելՙ հաստատելով Ձեր հավատարմագիրը: Ձեզՙ «կասկածյալիդ», կարող էին մերժել, եթե չեմ սխալվում, նույնիսկ առանց պատճառաբանելու: Սրան բացատրություն կարո՞ղ եք տալ:

- Թեպետ Դուք նշում եք, թե բնակարանի եւ հողի սեփականատեր եք, եւ ինտերնետի օգնությամբ հասանելի է Ձեր եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը, այդուհանդերձ նույն հոդվածում նշվում է, թե Դուք դեռ 2008- ին Երեւանում բարձրարժեք սեփականություն ունեիք: Ի՞նչը նկատի ունեն:

- Ըստ հոդվածի, 2005- ին Դուք Բեռլինի դատախազության ուշադրության կենտրոնում եք հայտնվել, նախաքննություն է իրականացվել, քանի որ գերմանական բանկին հաճախ եք կանխիկ գումար փոխանցել, ինչը հիմք է տվել կասկածելու, թե փողերի լվացմամբ եք զբաղվել: Իսկ դեսպանատան նախկին աշխատակիցներից մեկն էլ գերմանացի պաշտոնյաներին տեղեկացրել է, թե «արտերկրյա դրամական փոխանցումները Հայաստանի դեսպանատան սովորական պրակտիկան են»: Հոդվածում այնուհետ նշվում է Ձեր հերքումը, թե նախաքննություն է եղել: Կմեկնաբանե՞ք:

- «Դեսպան Սմբատյանը վերջին տարիներին շատ բան է արել Գերմանիայում իր երկրի եւ սեփական կերպարի բարելավման համար: Ներքին գործերի դաշնային, ինչպես նաեւ երկրամասային նախարարություններում նախորդ տարեվերջին նա գերմանացի պաշտոնատարներին խոստացավ օժանդակել մաֆիայի դեմ պայքարի հարցում: («Ազգ»-ը ժամանակինՙ 9. 03. 2018- ին փոխանցել է այդ լուրըՙ հղում անելով գերմանական մամուլին- Ա.Հ.): Նախարարությունները ձեռնպահ մնացին, իսկ դաշնային քրեական վարչությունը մարտ ամսին առաքված նամակում «խորհուրդ չի տվել» Հայաստանի հետ համագործակցել, քանզի կասկածել է, թե հայկական իշխանությունները կապված են «օրենքով գողերի» հետ, գրված է հոդվածում: Ինչո՞ւ Հայաստանն ավելի վաղ չէր առաջարկում իր աջակցությունն այս հարցում:

- «Շպիգելի» հրապարակման մեջ թավշյա հեղափոխությանն էլ հղում կաՙ «ըստ շրջանառվող լուրերի, գրում է գերմանական պարբերականը, Բեռլինում դեսպանի պաշտոնում Սմբատյանի օրերը հաշված են», սա մի խմբի կարծիքն է, որ նկատել է տալիս, թե Դուք պաշտոնաթող Ս. Սարգսյանի շրջապատից եք, «մյուս մասը համոզված է, թե իշխանափոխության պատճառով Դուք պաշտոնին հրաժեշտ չեք տա», ինչը հաստատվեց ՀՀ կառավարության չորեքշաբթի օրվա որոշմամբ, ըստ որի Դուք ԳԴՀ- ին զուգահեռ դեսպանի պարտականություններ եք ստանձնում նաեւ Լիխթենշտայնում: Ենթադրելի է, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցում համաեվրոպական համագործակցություն կա: Որքան գիտեմ, Ձեր հավատարմագիրը դեռ չեք հանձնել, բայց Լիխթենշտայնից առարկություն էլ չի եղել: Այս պարագայում այնտեղ Ձեր նշանակումն ինչպե՞ս ընդունեցին:

- «Շպիգելի» ծավալուն հոդվածի վերջում անդրադարձ կա Բունդեսթագի Գերմանահայկական ֆորումին: «3 տարի առաջ այստեղ հիմնադրվեց Սմբատյանի կարեւորագույն լոբբիստական միություններից մեկը: 34 հիմնադիր անդամների թվում են Բունդեսթագի պատգամավորներ ու նրանց աշխատակիցները, Բեռլինի Սենատի ղեկավար աշխատակիցներից մեկը, արտգործնախարարության աշխատակիցներից մեկը, Սմբատյանն ու նրա կինը»: Այդուհետ հիշատակվում է հիմնադրման խմբակային լուսանկարում պատկերված բռնցքամարտիկ Կարո Մուրադը, որ ըստ հոդվածի, «հայկական կլանների հետ հնարավոր առնչություն ունի»: Հիշյալ բռնցքամարտիկը ֆորումի անդա՞մ է:

Գերմանահայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը օգոստոսի վերջին կանցլեր Մերկելի պատվիրակության կազմում Երեւանից չմեկնեց Բաքուՙ այդ երկրից արտոնություն չստանալու պատճառով: Ուրբաթ օրվանից ի վեր, ինչ գերմանական լրատվամիջոցները տարածեցին այս աղմկահարույցՙ Հայաստանի վարկանիշին խիստ վնասող նյութը, ինձ համար ուշագրավն ադրբեջանական «Ազերթաջի» անտարբերությունն է: Նրանք կարծես «խնայո՞ւմ» են ՀՀ- ին:

- 2008- ից ի վեր գերմանական մամուլը հարմար առիթ ուներ ժողովրդավարությունը ոտնահարող ՀՀ նախկին իշխանություններին ճնշելու, բայց ոչինչ չի գրել. Ձեր պաշտոնի եւ անվան վարկաբեկման նման փորձը հենց այս պահին հնարավոր պատվեր համարո՞ւմ եք:

Պատվեր. մեր հայրենակիցների մի մասը հակված է ենթադրել, թե վերելքի ուղին բռնած հայ- գերմանական հարաբերությունները, երկու երկրների միջեւ նկատելի ակտիվ քաղաքական երկխոսությունը, որ պայմանավորված է նաեւ դեսպանի աշխույժ, հաջողակ գործունեությամբ, որոշ ուժերի դուր չի գալիս: Գերմանահայկական ընկերակցության նախագահ, «Հայ- գերմանական նամականի» պարբերականի խմբագիր Րաֆֆի Քանդյանը իրենց ֆեյսբուքյան էջում առաջինը հաստատեց վերոգրյալ կարծիքը: Նրա ենթադրությամբ թե՛ առցանց, թե՛ տպագիր տարբերակներում, գերմանական հիշյալ լրատվամիջոցները «հայկական մաֆիայի» մասին հրապարակման մեջ կարծես հակված են դեսպանին չեզոքացնելու գործին:

Բեռլինի երկրամասային դատարանը նոյեմբերի 6- ին միջանկյալ որոշում կայացրեցՙ պատասխանող կողմինՙ «Շպիգել»- ին ու MDR- ին արգելվում է հայցվոր կողմիՙ դեսպան Սմբատյանի հասցեին բառացի կամ իմաստային եղանակով պնդել կամ տարածել, տարածել տալ առնչությունը մարդկանց ապօրինի տեղափոխմանը, մաֆիայի, օրենքով գողերի հետ: Կարգադրությունը խախտելու յուրաքանչյուր դեպքի համար դատարանը սահմանել է մինչեւ 250 000 եվրո կարգապահական տույժ կամ մինչեւ 6 ամսվա վարչական կալանք: Նոյեմբերի 7- ին MDR- ը փոխեց նախապես հայտարարված հեռուստածրագիրը, որ սփռելու էր «Հայկական մաֆիան եւ օրենքով գողերը. Գերմանիայի կնքահայրերը » ֆիլմը: Ինչպես ծանուցեցին իրենց կայքէջում, պատճառը դատարանի միջանկյալ որոշումն էր. ժամանակի սղության պատճառով չէն կարող «վերախմբագրել» ֆիլմում առկա արտահայտությունները, այլապես տուգանվելու էին: Հեռուստաընկերությունը 30 րոպե հեռարձակեց արդեն ցուցադրվածՙ Կենտրոնական Գերմանիայում հայկական, իտալական մաֆիայի մասին տեսանյութը, որի ողջ ընթացքում վազող տողն իրազեկում էր, թե ծրագրում նախատեսված ֆիլմն արգելափակվել է ՀՀ դեսպանիՙ դատարան դիմելու պատճառով: Սոցցանցում ալիք բարձրացավ, դատելով մեկնաբանություններիցՙ մարդկանց մի մասը կարծիքի ազատության սահմանափակման հետ է առնչում դեսպանիՙ «ֆիլմի «արգելափակումը», մյուս մասը սակայն ընկալում է, թե ժողովրդավար երկրում յուրաքանչյուրը կարող է դիմել դատարանՙ անհիմն վիրավորական պնդումներից պաշտպանվելու համար: Ցավոք, այդ հարթակում քչերն են նկատում, որ հետաքննության մեջ պակասում կամ ավելի հստակՙ բացակայում է ապացույցը, փաստըՙ խոցելի դարձնելով հրապարակված նյութը, այն հեռացնելով արժանահավատության սահմանից: Հետաքննությունը մարաթոնյան վազք է, եւ դրա շնչակտուր ճանապարհին անմեղության կանխավարկածը չէ սահուն փռվող ասֆալտը լրագրողի ոտքերի տակ:

Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում Գերմանահայոց հոգեւոր առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը հաստատեց, որ նոյեմբերի 7- ին նամակ է ուղղել ԳԴՀ արտգործնախարար Մաասին եւ Բունդեսթագի նախագահ Շոյբլեինՙ Բեռլինում ՀՀ դեսպանի եւ դեսպանության դեմ սկիզբ առած արշավի առնչությամբՙ հայ համայնքի զարմանքը, մտահոգությունը փոխանցելով հայ- գերմանական բնականոն հարաբերությունները խաթարելու փորձի առնչությամբ: Գերմանահայոց առաջնորդին ընկերակցում էր ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը , որ հրավիրված էր Քյոլն երեկ «ՀՀ առաջին հանրապետության 100- ամյակը. ժողովրդավարության դժվար ուղին» վերնագրով բանախոսության: Խնդրո առարկա հետաքննության առիթով նրան ուղղված մեր հարցը պատահական չէր: Արեւելագետ Սաֆրաստյանը 90- ականների վերջին Բոննում ՀՀ դեսպանության աշխատակից է եղել, լավ ճանաչում է ներկայիս դեսպանին: «Շատ փորձված դիվանագետ է, ունի դիվանագետին հատուկ զսպվածություն: Աշխատելով բոլոր մակարդակներում, շատ լավ է դրսեւորել իրեն: Ես նրան շատ բարձր եմ գնահատում: Կարծում եմ, որ պատահածը թյուրիմացություն է», ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Այս խմորը դեռ շատ ջուր կխմի: Ջուր ու ալյուրից զերծՙ ընթերցողի համար կգրտնակենք, եթե նորից հունցվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ