Շաբաթ չկա, որ արտաքին ոլորտներից դեպի Հայաստան նոր ազդակներ չնշմարվեն: Թեեւ` դրանք սովորաբար բանավոր խոսքի ու նրա ազդեցության ոլորտներից առայժմ չեն նյութականանում, Հայաստանի ներքին կյանքի որակական բարելավում չի արձանագրվում, եթե չասենք հակառակը: Բայց, ակնհայտորեն, Հայաստանը գոնե բանավոր մակարդակում անտեսված չէ մեծ խաղացողների կողմից եւ այս կամ այն կերպ անընդհատ հայտնվում է շահերի հատման հանգույցներում:
Ահավասիկ` երկրի նախագահի ամերիկյան եւ ռուսական վերջին հանդիպումները ցույց են տալիս, որ Հայաստանին շատ է հարկավոր դիվանագիտորեն լավ խաղացողի մարզավիճակում լինել, որպեսզի մեծ խաղացողների` արդեն ուրվագծվող շահային մենամարտերում մի բան շահած էլ մենք դուրս գանք, ու ոչ թե ձեռնունայն նստենք:
Համենայն դեպս` այս վերջին հանդիպումները ի չիք դարձրին նաեւ արտաքին քաղաքական մի շարք միֆեր, որոնք ծնվել էին ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ մեկնաբանական սխալ պատկերացումներից: Անգամ մեկնաբանություններում, այսինքն` խոսքի մակարդակում, չի կարելի գլխովին մխրճվել միայն սեւուսպիտակի մեջ, ու միշտ պետք է հիշել, որ բնությունն առաջարկում է բազմաթիվ այլ գույներ ու նրբերանգներ, որոնց օգտագործումը դրանք ընկալողից է կախված: Օրինակ, երբ ԵՏՄ անդամ դարձած մեր երկրի նախագահը այդ կառույցի բարձրագույն խորհրդի նիստին ասում է, որ համաշխարհային միտումները պահանջում են ԵՏՄ-ում ինտեգրացիայի ուղղությամբ գործողությունների համակարգվածության մակարդակի բարձրացում, նշանակում է, որ այդ մակարդակը լավ չի աշխատում, ասում է` հեռանկարային ծրագրեր են անհրաժեշտ, ուրեմն հեռանկարը լավ չի երեւում, ու եթե մենք այլ տեղեր էլ փնտրենք հեռանկար` սրա համար ո՞վ մեզ կմեղադրի: Դե, սովորաբար գովաբանական տեքստը (ԵՏՄ խորհրդում նախագահի ելույթի) միշտ էլ դիվանագիտություն է, անկախ նրանից, որ, այո, դեռ սպասելիքներ կան ԵՏՄ-ից, բայց միշտ էլ կարելի է ենթատեքստերը նկատել: Կարո՞ղ ենք թույլ տալ, որ մեր տնտեսությունը խեղդվի, ինչ է թե ԵՏՄ-ում գործընթացները դանդաղում են տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով` ԵՏՄ անդամ պետություններից յուրաքանչյուրը կպատասխանի` ոչ, նրանցից յուրաքանչյուրը փնտրում է նոր շուկաներ, անկախ ամեն ինչից:
Այնպես որ` ԱՄՆ-ի հետ կնքած առեւտրի զարգացման շրջանակային պայմանագիրն էլ այս պահին ելքերի մեջ է, եւ, Սարգսյանի ասած, Չինաստանի նման հզոր տնտեսություն ունեցող երկրի հետ ներուժ ունեցող համագործակցությունը` նույնպես: Միայն թե մեր կողմից առարկայական քայլեր արվեն` արագությունն ու բյուրոկրատազերծությունն ապահովելով: Եւ պետք է սովորել աշխատել առանց բարձրաձայն պիտակավորումների, երեւակայությա՛մբ:
Մանավանդ` ռուս- թուրքական այս պահի փոքրիկ սառեցումը եւ ԱՄՆ-ի հետ մեր փոքրիկ ջերմացումը, անկախ բուն պատճառներից, մեր օգտին են: Եւ հասկանալի է, որ դրանք երկար չեն տեւի ու կախված են շահի սլաքի զիգզագներց: Բայց մենք պահից օգուտ քաղել պե՞տք է ի վերջո սովորենք: Հատկապես որ մայիսի վերջին տասնօրյակի սկզբում ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովն է Ռիգայում, որտեղ, ըստ տարբեր գնահատականների, կարող է լինել նաեւ Հայաստանի հետ ԵՄ գործընկերության ինչ- որ քաղաքական նշանակության փաստաթղթի ստորագրում: Ասել է, թե Հայաստանում ոչ միայն հասկացել են, որ մեզ համար շռայլություն է բազմավեկտոր քաղաքականությունից հրաժարվելը, այլեւ` որ մենք պարտադրված ենք հնարավորինս շուտ օգտագործել զարգանալու բոլոր հնարավորությունները: Պատահական չէ, որ մերոնք հորինել են նոր կարգախոս, թե Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրոպայի ու ԵՏՄ-ի միջեւ: Թե չէ` մի օր էլ կարթնանանք ու կտեսնենք, որ Ադրբեջանը հայտնվել է ԵՏՄ կազմում` ԼՂՀ համար վտանգավոր հետեւանքներով: Մեր մտքում եւ առարկայորեն` տնտեսության զարգացմամբ մենք միշտ պատրաստ պետք է լինենք զանազան ֆորս-մաժորների: Ուրիշ տարբերակ չունենք:
Կուսակցական եւ անկուսակցական Հայաստաններ
Մարզերում տեղի ունեցող ընտրություններին մենք քիչ ենք անդրադառնում, ցավոք, նախ այն պատճառով, որ իրադարձաշատ մեր առօրյան թույլ չի տալիս ամեն բան դիտարկումների ենթարկել: Մյուս կողմից` համայնքային տարբեր տրամաչափի ընտրությունները սովորաբար կրկնում են համամասնության այն պատկերը, որ կա համապետական ընտրություններում, ու ավելի հաճախ դրանք էլ քաղաքական ուժերի պայմանավորվածության արդյունքն են արձանագրում, բուն ընտրություններն ու ստացված պատկերն էլ ընդամենը մեխանիկական գործողության են նմանվում, հեռուՙ բառի իսկակական իմաստով ընտրություն կոչվելուց: Աբովյանի քաղաքապետի մոտակա ընտրությունը կարելի է համարել հենց այս գործելակերպի ցցուն օրինակը եւ մի ավելորդ ապացույց այն բանի, թե ինչու հայերիս համար կարեւոր չէ ընտրակարգը, եւ որ անգամ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ որդեգրելու պարագայում հենց այս հայկական ընտրական հիվանդությունը թույլ չի տալու Հայաստանում դեռ տեւական ժամանակ իսկական ընտրություններ անցկացնել:
Ինչ բան է ընտրությունն ի վերջո: Մոռացել ենք իսկապես` չի խանգարի գոնե թղթի վրա հիշել: Դա ազատորեն առաջադրված թեկնածուներից մեկի հանդեպ բնակչության` ընտրողի նախընտրությունն է: Մեզ մոտ քաղաքական ուժերը նախօրոք քաղաքական առեւտրով պայմանավորվում են, թե ո՞ր թեկնածուին են անցկացնելու` մյուսների հանդեպ փակելով ճանապարհները: Ընտրողն էլ ստիպված գնում ու «ընտրում» է նրան, ում արդեն նշանակել են: Հիմաՙ Աբովյանի քաղաքապետի «ընտրությունը»: Քաղաքական ուժերն, այդ թվում ԲՀԿ-ն, որի նախկին ղեկավարի անձնական տարածքն է համարվում ավանդաբար Աբովյանը,արդեն համաձայնել են միմյանց հետ, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածուն անկուսակցական Վահագն Գեւորգյանն է, ու այս առումով ՀՀԿ-ն բացառություն չէ, անգամ իր շարքերից հեռացրել է առանց իր որոշման ինքաառաջադրված Արթուր Հարությունյանին (Պալաչ): Մենք , իհարկե, հիացած չենք սկանդալային նախկին ՀՀԿ-ականով, բայց այդ հեռացումից հակաժողովրդավարության հոտ ենք առնում` ո՞ւր մնաց առաջադրման ժողովրդավարական մեխանիզմը, ո՞ւր մնաց ընտրողի իրավունքը, որը մարզերում կախված է զանազան վախերից, այդ թվում վարչական: Ակնհայտ է, որ Ծառուկյանի սիրտն այսպես առնում են, եւ հավանաբար սա միակ ցուցիչը չի լինի այդ գործընթացի: Ծառուկյանի դեմ մենք ոչինչ չունենք, անգամ նա որոշ առումով շատ ուրիշների համեմատ մարդկանց մոտ դրական աուրա ունի: Խոսքը Հայաստանում առկա ընտրական բարքերի մասին է, որն ուղիղ համեմատական է Հայաստանում առկա կառավարման համակարգի նկարագրին:
Հիմա այս պայմաններում ասում են` հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ որդեգրենք: Է, այս մինի ընտրություններից էլ պարզ է դառնում, որ լրիվ համամասնականի դեպքում ոչ մեկը չի կարող առաջադրվել` կուսակցությունների «դաբրոն» չստանալով: Իսկ մեր կուսակցություններն էլ մեծ մասով, տեւաբար դաշտում լինելով, կորցրել են հանրության զգալի մասի վստահության այն ռեսուրսը, որը թույլ կտար արժանի մարդկանց անպայման այս կամ այն կուսակցության տանիքի տակ մտնել:Հիմա այդ հանրության զգալի մասի մտածող մարդիկ ինչպե՞ս պետք է ընտրություններին մասնակցեն, երբ համամասնական կարգ որդեգրվի, իսկ Հայաստանում ընտրությունները շարունակվեն իրականացվել ինչպես միշտ` միմյանց հետ պայմանավորվելով ու մեկ թեկնածու պարտադրելով մարդկանց: Սա մի՞թե ժողովրդավարություն է, պարոնայք, հանրության ավելի մեծ հատվածների կօտարեք ձեզանից ու, ընդհանրապես, Հայաստանի քաղաքական դաշտը կնույնանա բյուրոկրատական մեխանիզմի հետ: Կուսակցական Հայաստանի, կուսակցությունների շահերի տեսակետից միգուցե համամասնական կարգը կորպորատիվ պաշտպանության համակարգ է, բայց ցավոք թե բարեբախտաբար` կա անկուսակցական Հայաստան եւս, եւ այդ Հայաստանն ավելի մեծ է, միգուցե` ավելի որակյալ (քանի որ ոլորտային բազմաթիվ լավագույն մասնագետները գերադասում են հեռու մնալ կուսակցական լինելուց), ավելի պրագմատիկ ու հայկական, քանի որ նրան չի տանջում կուսակցական շահը:
Դե իսկ Աբովյանի ընտրությունների մի կարեւոր ենթատեքստ էլ կա, որը, կարելի է ասել, անգամ առաջնային է մեր` վերն արած դիտարկումներից, քանի որ Գագիկ Ծառուկյանին ԲՀԿ նախագահի պաշտոնը թողնելու իրավիճակ պարտադրելուց հետո միշտ հետաքրքրական է, թե ինչ է տեղի ունենում ավանդաբար ծառուկյանական ազդեցության գոտի համարվող Աբովյանում, ըստ այդմ էլ եզրակացությունների համար նյութ քաղելով: Փաստորեն` Աբովյանի քաղաքապետ կդառնա կրկին Ծառուկյանին մերձավոր մեկը, իսկ դա նշանակում է, որ Ծառուկյան-իշխանություն հարաբերություններում գոնե այժմ մեծ ինտրիգներ չկան, ու վերը նշված պայմանավորվածությունները նախ անձնային մակարդակով են կայացվել: Այնպես որ` համամասնակա՜ն, գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն` էստեղ նի՛խթ, ու այդպես է դեռ լինելու Հայաստանում տասնամյակով:
Լիցկայախեղդ եղանք
Բուդաղյանների հետ կապված անագորույն իրադարձություններից հետո հանրությունը գոնե ԶԼՄ-ների մակարդակով երկրի ղեկավարությանը հակում էր ազատվել Սուրիկ Խաչատրյանի ու նրա նման մարդկանց ծառայություններից, ընդհանրապես ` սահմանազատվել այդ տեսակից: Դե, ԶԼՄ-ներում միշտ էլ ռոմանտիզմի ինչ-որ դոզա կա, դա տեղի չունեցավ, անգամ` Ս. Խաչատրյանը վերադարձավ իր նախկին պաշտոնին: Թվում էր` գոնե վերջինս ինչ- որ կերպ դասեր առած կլինի իր անվան շուրջը ստեղծված բացասական ֆոնից, կզսպի իրեն ու իր որդուն` սկանդալների մեջ չհայտնվելու համար: Բայց դա էլ, երեւում է, ռոմանտիզմի ոլորտից է, կարմիր կովի ու նրա կաշվի մասին ասացվածքն էլ հավանաբար ժողովրդաբար հարյուրապատիկ ստուգված է` նրա որդին, իր կողմնակիցներով նորից մարդ է ծեծել-կուրացրել, Գորիսի ոստիկանությունն իրեն կոտորում- չի գտնում նրան, որ բերման ենթարկի, երբ բերման ենթարկելու որոշում կա: Հայաստանի ոստիկանապետն էլ, իհարկե, չնշելով հատկապես այդ դրդապատճառը,, պաշտոնից ազատել է Գորիսի ոստիկանապետ Արա Դավթյանին: Արդյո՞ք Վովա Գասպարյանը մինչեւ վերջ կտանի իր այս մոտեցումը, թե ինչ որ պահի Ա. Դավթյանն, ինչպես ժամանակին Ս. Խաչատրյանը, որոշ ժամանակ անց կվերադառնա իր պաշտոնին, ու Հայաստանի ոստիկանապետի` ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ժամանակավոր արդարահենք առկայծումները կմնան որպես առկայծումներ` պահի մեջ: Զարմանալի բան` մեր իշխանությունն անգամ սեփական վարկի զրոյացմա՞մբ է պատրաստ վարկաբեկված մարդկանց պաշտոնի պահել, լիցկայախեղդ եղանք, օր չկա, որ մի լուր չկարդանք նրա կամ նրա մերձավորների բացասական դերակատարմամբ, եթե նա պաշտոնի չլինի, նրա մերձավորներն էլ վախից մկան ծակին հարյու թուման կտան ու կսկսկվեն, թե՞ ընտրությունները մոտենում են, ու Լիցկան դեռ պետք է: Կարծում եմ` ընտրություններին ընդառաջ լիցկայանմաններից սահմանազատվելն իշխանության համար ավելի թանկ կապիտալ կարող է լինել, քան ընտրություններում նրանց մատուցած ծառայությունների կապիտալն է:
Շփումները չեն խանգարի, բայց բան կտա՞ն
Աջ ու ձախ խոսում են հայ-ադրբեջանական շփումների անհրաժեշտությունից, որը մի քիչ գոնե վստահություն կներարկի կողմերին հակամարտության վերաբերյալ բանակցությունների ճանապարհին: Չգիտենք այս կարգի կոչը ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից` ադրբեջանական մամուլում արդյո՞ք հերթապահ մի բան է` Ռիգայի ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ (մայիսի 21-22-ին) միգուցե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ միջնորդների հնարավոր հանդիպումից առաջ, թե՞ ինչ-որ իրական դրդիչ ունի: Մանավանդ որ, ինչպես սովորաբար, շփման գծում բռնության աճի վերաբերյալ տեսակետ հայտնելիս` նա կողմերին հավասար է կոչ անում հրադադարի ռեժիմը պահպանել:Փորձագետների կանխատեսմամբ` երկու նախագահների այդպիսի հանդիպում այս պահին չի կարող լինել, քանի որ կողմերն իրար դրական ասելիք չունեն, անգամ Ուորլիքն էլ ակնարկեց, որ հանդիպում պլանավորված չկա, եթե միայն նախագահներն այդպիսի ցանկություն չունենան: Հավանաբար` ավելի վաղ հավանական համարվող հանդիպումը ավելորդ է դիտվել Վաշինգտոնում Սարգսյան-Ուորլիք հանդիպումից հետո, որտեղ բնականաբար քննարկած կլինեն նաեւ այս հարցը: Սպասեն-կտեսնենք:
Գոհար Ենոքյանի նամակը Սերժ Սարգսյանին ու մեզ
Տողերիս հեղինակի համար մեր մեջ իշխող բարքերի վերաբերյալ գաղտնիք չկա, բայց կոնկրետ փաստն ու դավաճանության նկարագրությունը, խոստովանենք, բոլորովին այլ ազդեցություն ունեն: Այս առումով սպանություն պատվիրելու մեղադրանքով ձերբակալված, ապա խափանման միջոցի փոփոխությամբ ազատ արձակված գործարար Գոհար Ենոքյանի նամակը` հասարակությանն ու երկրի նախագահին, մեր մեջ իշխող բարքերի, հատկապես գործարար աշխարհի ջունգլիական վարքուբարքի մի սարսափելի տեսարան է բացում: Իհարկե, մենք սովորաբար տեղեկացված ենք, թե ով` ում բզնեսը խլեց, ով բռնի փայ մտավ, ում ձեռքերն են կեղտոտ, ում բիզնեսի նախնական կապիտալն է անմաքուր ու երբեմն անմարդկային մեքենայությունների արդյունք, բայց Ենոքյանի նկարագրած ճշմարտանման պատմությունը մի լրացուցիչ անգամ հիասթափեցնում է մեզ մեր արդարադատությունից, մեր գործարարներից, մեր բաժին` հայկական ջունգլիից: Ենոքյանի բախտը դեռ բերել է` հասարակական կարծիքը երեւի թե նրա կողմն է` օբյեկտիվ, թե սուբյեկտիվ: