ԱՐՏԵՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմությունն, ի դեմս քառյակի, այս շաբաթ ի վերջո միասնական օրակարգ ձեւավորեց` 12 պահանջ ուղղելով կառավարությանը, այդ պահանջների համար ժամկետ նշանակելով մինչեւ սեպտեմբերի վերջը: Միանգամից ասենք, որ այդ օրակարգը շատ հեռու է քաղաքական լինելուց, այն գոնե մինչեւ իններորդ կետը ներառյալ ավելի շուտ հիշեցնում է տնտեսական փաստաթուղթ, որի պահանջները կարող էր ներկայացնել ուզած տնտեսագետ, կամ ասենք` Հանրային խորհրդի տնտեսական հանձնախումբը, բայց ոչ քաղաքական անվանվող չորս ուժի համախումբը: Բացի այդ` այնտեղ ոչ մի բառ չկա այն մասին, որ Հայաստանը ճակատագրական քայլ է կատարում արտաքին քաղաքականության մեջ, չկան մտահոգություններ այդ անցնելիք ճանապարհի վերաբերմամբ, ընդդիմադիրների համար երեւում է` ամեն ինչ հասկանալի է էս գլխից:
Պարտադիր կուտակային, կարմիր գծերի տուգանքներ, շրջանառության հարկի դրույքաչափի եռակի նվազեցում (ի դեպ` Հ. Աբրահամյանն արդեն սա մասամբ իրականացնում է), գյուղմթերքի արտադրության, սուբսիդիաների ծավալների կրկնապատկում (սա էլ նույն Հովիկ Աբրահամյանը կարող է շատ հեշտ անել, ասենք, ձեռքը երկար` գյուղմթերքի արտադրության սեփական ձեռնարկությունների արտադրանքը կրկնապատկել), «Նաիրիտի» ծրագիր, «Որոտան ՀԵԿ-երի համալիրի» գույքի վաճառքի բացառում` առանց ԱԺ հավանության, տրանսպորտի ուղեվարձի չբարձրացում, մենաշնորհների դեմ օրենսդրության ընդունում, ԸՕ-ի փոփոխություն` 100 տոկոս համամասնական ընտրակարգի ամրագրմամբ, ընդդիմության օժտում վերահսկողական գործառույթներով: Սրանք բոլորը կառավարության եւ իշխանության գործառույթներ են` եթե ընտրությունում հաղթես ու գաս իշխանության, այսինքն` ընդդիմության հոգեվիճակը կառավարության, գործադիր հոգեվիճակ է: Հա, դեռ լավ է` գրել են. «չստորագրել որեւէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ` միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն», թե չէ` մյուս կետերը իշխանական շրջանակները եւս հա բարձրաձայնում են, միայն թե որքանով են կատարում` դա է հարցը:
Մի կողմ թողնելով բուն պահանջակետերը` նշենք, որ մեր պատկերացումներով գոնե միասին հանդես գալու առումով մինչեւ սեպտեմբերի վերջը փաստորեն քառյակը սառեցնում է համատեղ ակտիվ գործողությունը եւ ընտրում հայեցողական դիրք, որն առաջին հայացքից կարող է դիտվել որպես օժանդակություն կառավարությանը` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման առաջին ամիսներին ընդդիմությունից հարվածներ չհասցնելու առումով, սա` մեկ: Երկրորդ` երեւում է քառյակը նաեւ չգիտի, թե ինչո՞վ զբաղվի այժմ, երբ կառավարությունը փոխվեց` վաղօրոք մշտապես ներկայացվող իր պահանջի հանգույն (չենք ասում` հենց իրենց պահանջով): Մյուս կողմից` բուն պահանջների բովանդակության տեսակետից էլ` քառյակը կարծես այս պահին անելիքի առումով գլուխ է ազատում հստակեցումից, քանի որ այդպես էլ անհայտ մնաց, թե ի՞նչ միասնական քաղաքական նպատակ է դնում քառյակը. եթե կառավարությանն օգնելու, որ նա ավելի արդյունավետ ու անսխալ աշխատի` ապա պարզապես կարող էր մաս կազմել իշխանությանն ու այդպես օգնել, գոնե ֆորմալ առումով չծածկելով ընդդիմադիր տարածքը եւ տեղ ազատելով իրենց անելիքն իմացողների համար:
Իսկ որ պահանջագրի բուն բովանդակությունն ուղղված է Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, այն Հովիկ Աբրահամյանի, որի հետ խորհրդարանական ընդդիմությունը հաջողությամբ աշխատում էր խորհրդարանում, ու այն աստիճան, որ ընդդիմադիրներից կային մարդիկ, ովքեր հարցը ներկայացնելիս դիմում էին` «Պարոն Աբրահամյան ջան», սա խոսում է այն մասին, որ, այնուամենայնիվ, կողմերը, փոխադարձ տեղեկացված են միմյանց գործելաոճից եւ նպատակներից: Եթե առավել ակնհայտ ձեւակերպենք ` քառյակի պահանջագիրը վկայում է, որ հայոց խորհրդարանական ընդդիմությունը խաղում է կառավարության դաշտում, եւ ոչ թե` ընդդեմ: Ու կապ չունի, որ կառավարությանը (ճիշտ է, առայժմ` նախորդին), ընդդիմությունը կարող է անվանել տնտեսական կանիբալիզմով զբաղվող, խժռող, թալանչի. կգա նաեւ սեպտեմբերի վերջը, հռետորաբանությունը մի բան է, բուն գործունեությունն` այլ:
Հարցադրումներին, թե այսպիսով քառյակն արձակուրդ է գնում, մինչդեռ Եվրասիական համագործակցության պայմանագրի ստորագրման հետ կապված զարգացումների ֆոնին միասնաբար հանդես գալու իրավիճակ կարող է ծագել, ընդդմադիրները չեն համաձայնում`պահանջագիրը դոգմա չէ, ֆորս-մաժորի պարագայում կհավաքվեն ու անելիք կորոշեն:
Ամբողջ խնդիրն այն է, որ սեպտեմբերի վերջ` նշանակում է քաղաքականապես ակտիվ հոկտեմբեր եւ նոյեմբեր միայն, հետո տարին կավարտվի, հետո` գարնանը կսպասեն: Այսինքն` հաջողությամբ իրացվում է երկրի սահուն անցումն իր սովորական ուղեծրով` ընտրությունից ընտրություն, եթե, իհարկե, անցանկալի ֆորս-մաժորը չխախտի մեր ընդդիմության համար բաղձալի ընդարմության նիրվանան: