Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ա. ԱՇՈՏՅԱՆՆ ՈՒ Վ. ՍԱԴՈՎՆԻՉԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄՊՀ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՐՑԵՐԸ

Մոսկվայում տեղի է ունեցել պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Սադովնիչիի հետ: Քննարկվել են Երեւանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված հարցեր:

Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է Հայաստանում կրթության եւ գիտության ոլորտներում բարեփոխումների ընթացքն ու խնդիրները, այդ համատեքստում անդրադարձ է եղել նաեւ միասնական կրթական տարածքի ձեւավորմանը:

Ակադեմիկոս Վ. Սադովնիչին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ կրթական եւ գիտական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, միաժամանակ ընդգծելով, որ Մոսկվայի պետական համալսարանը պատրաստ է ապահովել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթության կազմակերպումը Հայաստանում: