Երեւանում կրկին ասֆալտապատում է
Ավելի քան մեկ շաբաթ էՙ մայրաքաղաքի գլխավոր փողոցները նորից կաթվածահար վիճակում են. պատճառն այն է, որ քաղաքապետարանում որոշել են փողոցները բարեկարգել եւ ասֆալտապատել: Որ մեր մայրաքաղաքում գրեթե ամեն տարի ասֆալտապատում է տեղի ունենում, անհերքելի փաստ է: Քաղաքացին չի տեսնում, թե գետնի տակ ի՞նչ են լցնում ու ի՞նչ քանակությամբ, հետեւաբար, ասֆալտ փռելն ավելի քան 13 տարի մեր երկրում փող ծախսելու լավագույն միջոցներից մեկն է դարձել:
Մասնագետներն ասում են, որ մեկ անգամ ասֆալտապատած փողոցը պետք է 10 տարի չճաքի: Հայաստանում ասֆալտն այնպես են փռում, որ առնվազն երկու տարի հետո փողոցները ոչ թե ճաքում են, այլ առաջանում են դարուփոսեր, «լադոկներ»:
Նախորդ տարի խորհրդարանական եւ այս տարի ավագանու ընտրություններից առաջ մայրաքաղաքի փողոցները ասֆալտապատվեցին, որոշակի փողոցներում ասֆալտը պահպանված էր, փոսեր չկային, բայց չգիտես ինչու ու ինչ տրամաբանությամբ, հունիսին քաղաքապետարանի նախաձեռնությամբ բազմաթիվ կենտրոնական փողոցներում ասֆալտը քերեցին, որպեսզի նորից գումար հատկացվի նախկին բարեկարգ փողոցները բարեկարգելու համար:
Ամռան երեք ամիսներին, երբ մարդկանց հոսքը մայրաքաղաքում քիչ էր, երթեւեկությունըՙ նորմալ, եւ կարելի էր առանց խցանումների ու անհարմարությունների փողոց ասֆալտապատել, ոչինչ չարեցին:
Սեպտեմբեր ամսից, երբ երթեւեկությունն առանց ճանապարհ փակելու էլ սարսափելի է, քաղաքապետարանի «պայծառ ուղեղները» որոշեցին փակել փողոցներն ու պիկ ժամին ասֆալտապատում իրականացնել: Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհի հրապարակը, Իսակովի պողոտան, Արգավանդի խճուղին ու էլի մի շարք փողոցներում երթեւեկությունը հայտնվեց կաթվածահար վիճակում:
Արդեն մի քանի օր Իսակովի պողոտայով անհնար է երթեւեկել. աշխատանքի կամ տուն հասնելու համար անհրաժեշտ է ամենաքիչը 50 րոպե մնալ խցանման մեջ: Մինչդեռ Իսակովի պողոտան քաղաքի գերծանրաբեռնված փողոցներից է, որը մայրաքաղաքին է միացնում անմիջական երկու մարզերՙ Արմավիրն ու Արարատը:
Թե ինչու է քաղաքապետարանը ասֆալտապատում այն փողոցները, որ դեռ մեկ-երկու տարի առաջ էին ասֆալտապատվելՙ տրամաբանությունից դուրս է: Այն գումարները, որ քաղաքապետարանը վատնում է ասֆալտապատ փողոցը կրկին ասֆալտապատելու վրա, կարող էին մայրաքաղաքի համար առավել լուրջ խնդիրներ լուծել: Տարիներ շարունակ բարձրաձայնում ենք, որ Կենտրոն համայնքից դուրս աղբահանությունը շատ վատ է իրականացվում: Բազմաբնակարան շենքերի բակերի շքամուտքերը սարսափելի վիճակում են, իսկ վերելակները նման են էքստրիմ կարուսելի: Չենք խոսում տրանսպորտի սարսափելի աշխատանքի մասին: Մի՞թե քաղաքապետարանում չեն կարող գումարների ավելի ճիշտ բաշխում կատարել եւ եղած բյուջեն խնդիրների լուծման վրա ծախսել:
Բացի այն, որ բյուջեն ինչպես հարկն է չի բաշխվում եւ օրակարգային խնդիրներին այդպես էլ լուծում չի տրվում, ասֆալտապատման աշխատանքներն էլ փնթի են կազմակերպում: Փողոցը փակում են առավոտյան ժամը 9-ից, երբ մարդիկ շտապում են աշխատանքի:
Եթե ճանապարհները վատն են, ինչպես հավասատիացնում են քաղաքապետարանից, ապա ինչո՞ւ պատասխանատվություն չեն կրում այն մարդիկ, ովքեր մեկ կամ երկու տարի առաջ քաղաքապետարանի բյուջեից գումար են ստացել, ասֆալտապատում արել, ու հիմա քաղաքապետարանը կրկին կանգնում է նույն խնդրի առաջ: Զարմանալի է, որ քաղաքապետարանն այս հարցով չի դիմել իրավապահ մարմիններինՙ պարզելու, թե ինչու են ահռելի գումարներով ասֆալտապատված փողոցները երկու տարի հետո հայտնվում փաստի առաջ: Գուցե պատճառն այն է, որ տենդերը շահող կազմակերպությունների տնօրենները պատահական անձինք չե՞ն: